Բ Կորնթացիս

13

ՅՈՐԴՈՐ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԵՒ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԱՆ

1Այս երրորդ անգամն է, որ գալու եմ ձեզ մօտ, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն բան։ 2Առաջ ասել եմ եւ դարձեալ կանխաւ ասում եմ, որպէս թէ երկրորդ անգամ ներկայ լինեմ ձեր մէջ, թէեւ այժմ հեռուից գրում եմ նախապէս յանցանք գործածներին եւ բոլոր միւսներին. եթէ դարձեալ գամ, չեմ խնայելու ձեզ, 3որ ապացոյց էք փնտռում, թէ ինձնով Քրիստոս է որ ձեզ հետ խօսում է, Քրիստոս, որ հզօր է ձեր մէջ եւ ոչ թէ տկար։ 4Թէպէտեւ նա խաչուեց մեր տկարութեան , բայց կենդանի է Աստծու զօրութեամբ։ Եւ մենք էլ թէեւ տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կը լինենք նրա հետ Աստծու զօրութեամբ։

5Քննեցէ՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. փորձեցէ՛ք դուք ձեզ. չգիտէ՞ք, թէ Քրիստոս Յիսուս ձեր մէջ է, այլապէս կը լինէիք անպիտան։ 6Բայց յոյս ունեմ, թէ կ’իմանաք, որ մենք անպիտան չենք։ 7Եւ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան . ո՛չ որպէսզի մենք ընտիր երեւանք, այլ որպէսզի դուք բարին գործէք, հոգ չէ, թէ մենք անպիտան թուանք. 8քանի որ չենք կարող հակառակել ճշմարտութեանը, այլ պաշտպան ենք ճշմարտութեան։ 9Ուրախ ենք, երբ մենք տկար ենք, եւ դուք զօրաւոր էք։ Նոյն բանի համար էլ աղօթում ենք, որ դուք հաստատուն լինէք։ 10Ուստի հեռուից գրում եմ այս բանը, որ, երբ գամ, խստութեամբ չվարուեմ Տիրոջ ինձ տուած իշխանութեամբ, որ շինելու համար է եւ ոչ՝ քանդելու։

11Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղէք, հաստատո՛ւն մնացէք, մխիթարուեցէ՛ք, միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ։ 12Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով. բոլոր սրբերը ողջունում են ձեզ։ 13Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սէրը եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեզ հետ լինեն։ Ամէն։

Էջմիածին · HYEJB1994