Չորրորդ Թագավորաց գիրք

10

ԱՔԱԱԲԻ ՍԵՐՆԴԻ ԿՈՏՈՐԱԾԸ

1Աքաաբը Սամարիայում եօթանասուն որդի ունէր։ Յէուն նամակ գրեց եւ ուղարկեց նրա իշխաններին, ծերերին եւ Աքաաբի որդիների դաստիարակներին։ Այդտեղ ասուած էր. 2«Երբ ձեզ հասնի այս նամակը, քանի որ ձեզ մօտ են ձեր տիրոջ որդիները, եւ դուք ունէք մարտակառքեր ու երիվարներ, ամրապատ քաղաքներ ու , 3ապա ձեր տիրոջ որդիներից, որին որ արժանի ու յարմար տեսնէք, նրան նստեցրէ՛ք իր հօր գահին եւ պատերազմեցէ՛ք ձեր տիրոջ տան համար»։ 4Նրանք շատ վախեցան ու ասացին. «Երկու թագաւոր չկարողացան նրա դէմ կանգնել, մենք ինչպէ՞ս դէմ կանգնենք»։ 5Ուստի թագաւորական տան ու քաղաքի վերակացուները, ծերերն ու դաստիարակները մարդ ուղարկեցին Յէուի մօտ՝ ասելով. «Մենք քո ստրուկներն ենք, եւ մեզ ինչ որ հրամայես, կ’անենք, ոչ ոքի թագաւոր չենք նստեցնի, եւ ինչ որ լաւ է քեզ համար, այն կ’անենք»։

6Նա մի երկրորդ նամակ գրեց նրանց՝ ասելով. «Եթէ դուք ինձ էք պատկանում եւ իմ ձայնին հնազանդ էք, ապա ձեր տիրոջ որդիների գլուխները կտրեցէ՛ք եւ վաղն այս ժամին բերէ՛ք ինձ մօտ, Յեզրայէլ»։ Արքայի որդիները եօթանասուն էին, եւ քաղաքի ազդեցիկ մարդիկ էին նրանց դաստիարակում։ 7Երբ նամակը նրանց հասաւ, բռնեցին արքայի որդիներին, եօթանասունին էլ սպանեցին եւ նրանց գլուխները կողովների մէջ դնելով՝ ուղարկեցին նրա մօտ, Յեզրայէլ։ 8Սուրհանդակն եկաւ ու Յէուին ասաց. «Արքայի որդիների գլուխները բերել են»։ Նա ասաց. «Դրանք երկու կոյտ անելով՝ դրէ՛ք քաղաքից դուրս մինչեւ առաւօտ»։ 9Առաւօտեան նա ելաւ կանգնեց եւ ասաց ամբողջ ժողովրդին. «Դուք մեղաւոր չէք, ես եմ գլուխ բարձրացրել իմ տիրոջ դէմ, եւ ես եմ սպանել նրան, բայց տեսէ՛ք, սրանց հիմա ո՞վ է կոտորել։ 10Որպէսզի Աքաաբի մասին Տիրոջ ասած խօսքն իրականանայ, Տէրը կատարեց այն, ինչ ասել էր իր ծառայ Եղիայի միջոցով»։ 11Եւ Յէուն կոտորեց Աքաաբի տնից Յեզրայէլում մնացած բոլոր մարդկանց, նրա բոլոր մեծամեծներին, հարազատներին, քրմերին, այնպէս որ նրանցից ոչ մէկին կենդանի չթողեց։

ՕՔՈԶԻԱՅԻ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ

12Դրանից յետոյ Յէուն ելաւ գնաց Սամարիա։ Երբ ճանապարհին նա հասաւ հովիւների կացարանին, 13Յէուն հանդիպեց Յուդայի երկրի Օքոզիա արքայի եղբայրներին, որոնց ասաց. «Ովքե՞ր էք դուք»։ Նրանք ասացին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք, եկել ենք արքայի ու նրա որդիներին ողջունելու»։ 14Յէուն ասաց. «Սրանց կենդանի՛ բռնեցէք»։ Նրանց կենդանի բռնեցին ու հովիւների կացարանի մօտ կոտորեցին այդ քառասուներկու հոգուն, եւ նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։

15Յէուն գնաց այնտեղից եւ հանդիպեց իրեն ընդառաջ եկող Ռեքաբի որդի Յոնադաբին։ Նա նրան բարեւեց ու ասաց. «Արդեօք քո սիրտը հաւատարի՞մ է, ինչպէս իմ սիրտն է հաւատարիմ քո նկատմամբ»։ Յոնադաբն ասաց. «Հաւատարիմ է»։ Յէուն ասաց. «Եթէ այդպէս է, ձեռքդ ի՛նձ տուր»։ Սա տուեց իր ձեռքը, եւ նա նրան իր մօտ՝ մարտակառքի վրայ բարձրացրեց։ 16Նա ասաց նրան. «Արի՛ ինձ հետ ու Տիրոջ հանդէպ ունեցած նախանձախնդրութիւնս տե՛ս»։ Եւ նա նրան նստեցրեց իր մարտակառքը։ 17Նա մտաւ Սամարիա եւ այնտեղ Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց, մինչեւ որ նրանց բնաջնջեց, ինչպէս Տէրն ասել էր Եղիային։

ՅԷՈՒՆ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ԲԱՀԱՂԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ

18Յէուն հաւաքեց ամբողջ ժողովրդին եւ նրանց ասաց. «Աքաաբը Բահաղին քիչ ծառայութիւն մատուցեց, իսկ Յէուն շատ ծառայութիւններ պիտի մատուցի։ 19Արդ, Բահաղի բոլոր մարգարէներին, նրա ծառաներին ու քրմերին ինձ մօ՛տ կանչեցէք. թող ոչ ոք չբացակայի, քանզի Բահաղին մեծ եմ մատուցելու։ Ով բացակայի, իմ ձեռքից չի փրկուի»։ Յէուն խաբէութիւն արեց, որպէսզի Բահաղի ծառաներին կորստեան մատնի։ 20Յէուն ասաց. «Բահաղի համար սրբազան զոհաբերութիւն պատրաստեցէ՛ք»։ 21Այդ բանը հաղորդեցին բոլորին։ Յէուն Իսրայէլի բոլոր կողմերը մարդ ուղարկեց, Բահաղին պաշտող բոլոր մարդիկ եկան, չներկայացող մարդ չմնաց։ Սրանք մտան Բահաղի մեհեանը, եւ մեհեանը բերնէբերան լցուեց։ 22Յէուն ասաց սեղանի վերակացուներին. «Հանեցէ՛ք Բահաղին ծառայողների պատմուճանները»։ Եւ նրանք հանեցին նրանց պատմուճանները։ 23Յէուն եւ Ռեքաբի որդի Յոնադաբը մտան Բահաղի մեհեանը։ Նրանք ասացին Բահաղին պաշտողներին. «Որոնեցէ՛ք եւ տեսէ՛ք, թէ արդեօք այստեղ ձեզ հետ չկա՞ն Տիրոջը պաշտողներ, այստեղ միայն Բահաղին ծառայողներ պէտք է լինեն»։ 24Յէուն մտաւ ծխելու եւ ողջակէզներ մատուցելու, իսկ դրսում երեք հարիւր ութսուն մարդ կանգնեցնելով՝ ասաց նրանց. «Եթէ ձեզնից որեւէ մէկը կենդանի թողնի նրան, ում ես կը յանձնեմ ձեր ձեռքը, իր կեանքով կը հատուցի այդ մարդու փոխարէն»։ 25Երբ Յէուն ողջակէզները կատարեց վերջացրեց, ասաց հետեւակ ու սպառազէն զինուորներին. «Մտէք կոտորեցէ՛ք նրանց, նրանցից ոչ ոք թող դուրս չգայ»։ Հետեւակ ու սպառազէն զինուորները նրանց սրակոտոր արեցին, նրանց մարմինները դուրս շպրտեցին, ապա գնացին , ուր գտնւում էր Բահաղի մեհեանը, 26Բահաղի մեհեանի արձանը հանեցին եւ այրեցին այն։ 27Նրանք կործանեցին Բահաղի արձանները, քանդեցին Բահաղի մեհեանը եւ այն արտաքնոց դարձրին, ինչպէս որ է մինչեւ այսօր։ 28Այսպիսով Յէուն աստծուն վերացրեց Իսրայէլից։ 29Յէուն, սակայն, Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից, այսինքն՝ Բեթէլի ու Դանի ոսկէ երինջներից չհրաժարուեց։ 30Տէրն ասաց Յէուին. «Քանի որ քաջութիւն ունեցար Աքաաբի որդիների նկատմամբ անելու այն, ինչ իմ սրտում էր, ուստի քո յետնորդները մինչեւ չորրորդ սերունդ նստելու են Իսրայէլի գահին»։ 31Յէուն, սակայն, ամբողջ հոգով Իսրայէլի Տէր Աստծու օրէնքով ընթանալու ջանադիր չեղաւ, Իսրայէլին մեղանչել տուող Յերոբովամի մեղքերից զերծ չմնաց։

ՅԷՈՒԻ ՄԱՀԸ

32Այդ օրերին Տէրն սկսեց կոտորակել Իսրայէլի բոլոր սահմանները, իսկ Ազայէլը նրանց կոտորեց Իսրայէլի բոլոր սահմաններում, 33Յորդանան գետից արեւելք գտնուող ամբողջ Գաղաադի, Գադի, Ռուբէնի ու Մանասէի երկրներում, Առնոնի ձորի եզրին գտնուող Արոյերից մինչեւ Գաղաադ ու ։ 34Յէուի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա բոլոր քաջագործութիւնները, մղած պատերազմները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

35Յէուն գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին Սամարիայում։ Նրա փոխարէն թագաւորեց նրա որդի Յովաքազը։ 36Յէուն Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց քսանութ տարի։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն