Չորրորդ Թագավորաց գիրք

12

ՅՈՒԴԱՅԻ ՅՈՎԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց., 24. 1-16)

1Յէուի թագաւորութեան եօթներորդ տարում թագաւոր դարձաւ Յովասը, որը քառասուն տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Սաբիա էր՝ Բերսաբէէ քաղաքից։ 2Յովասն արդար գտնուեց Տիրոջ առջեւ այնքան ժամանակ, որ Յովիդայէն նրան դաստիարակում էր։ 3Մարդիկ, սակայն, մեհենական բարձունքներից չհրաժարուեցին, եւ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ ծխում մեհենական բարձունքներում։

4Յովասն ասաց քահանաներին. «Տիրոջ տունը մտած սրբութիւնների ամբողջ արծաթը, այսինքն՝ հաշուառման ենթարկուած բոլոր մարդկանց դրամը, ըստ մարդկանց սրտի ցանկութեան Տիրոջ տան համար նուիրաբերուող արծաթը, ինչպէս նաեւ ամէն մէկի կատարած վաճառքից ստացուած հարկերը 5քահանաները թող վերցնեն, որպէսզի, ուր որ Տիրոջ տան քանդուած մասեր լինեն, նորոգուեն»։

6Մինչեւ Յովաս արքայի թագաւորութեան քսաներկուերորդ տարին քահանաները Տիրոջ տան քանդուած մասերը դեռ չէին նորոգել, 7ուստի Յովաս արքան կանչեց Յովիդայէ քահանային ու միւս քահանաներին եւ ասաց նրանց. «Ինչո՞ւ չէք նորոգել Տիրոջ տան քանդուած մասերը։ Վաճառքից ստացուած արծաթը ձեզ մի՛ վերցրէք, այլ Տիրոջ տան քանդուած մասերի նորոգմա՛նը յատկացրէք»։ 8Քահանաները խոստացան ժողովրդից արծաթ չառնել, եթէ դա չէին յատկացնելու Տիրոջ տան քանդուած մասերը նորոգելու համար։ 9Յովիդայէ քահանան մի արկղ վերցրեց, վրան անցք բացեց եւ դրեց Տիրոջ զոհասեղանի կողքին։ Տիրոջ տունը պահպանող քահանաները, Տիրոջ տանը գտնուած ամբողջ արծաթը լցրին այնտեղ։ 10Երբ տեսնում էին, որ արկղի մէջ արծաթը շատացել է, կանչում էին 11արքունի քարտուղարների պետին ու մեծ քահանային, որոնք գալիս էին, Տիրոջ տանը գտնուած արծաթը ծրարում եւ պատրաստ գումարը տալիս էին Տիրոջ տան գործավարներին, որ բաշխեն Տիրոջ տան ատաղձագործներին, 12շինարարներին, նկարիչներին, ճարտար որմնադիրներին, քարգործներին, որպէսզի Տիրոջ տան քանդուած մասերը նորոգելու համար գնեն փայտ ու տաշած քարեր եւ անեն այն ամէնը, ինչ անհրաժեշտ էր Տիրոջ տունը նորոգելու համար։ 13Տիրոջ բերուած արծաթով, սակայն, Տիրոջ տան համար արծաթէ դռներ, սեպեր, տաշտեր, փողեր եւ ամէն տեսակ ոսկէ ու արծաթէ անօթներ չպէտք է սարքէին, 14այլ այդ գումարը գործաւորներին պէտք է տային, որպէսզի նրանք Տիրոջ տունը նորոգեն։ 15Հաշիւ չէին պահանջում այն մարդկանցից, որոնց ձեռքն էին յանձնում գործաւորներին տրուելիք արծաթը, որովհետեւ նրանք վստահելի էին, 16իսկ մեղքի ու յանցանքի քաւութեան համար ընծայաբերուած արծաթը Տիրոջ տուն չէր մտնում, այլ քահանաներին էր տրւում։

ՅՈՎԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

17Այն ժամանակ ասորիների արքայ Ազայէլը յարձակուեց Գէթի դէմ եւ գրաւեց այն։ Ապա Ազայէլն իր երեսը դարձրեց դէպի , որ նրա վրայ արշաւի։ 18Յուդայի երկրի արքայ Յովասը իր հայրերի, Յուդայի երկրի արքաներ Յոսափատի, Յորամի ու Օքոզիայի արած բոլոր նուիրատուութիւններն ու իր նուիրատուութիւնները, Տիրոջ տան ու թագաւորի տան գանձարաններում գտնուող ամբողջ արծաթը ուղարկեց ասորիների արքային, իսկ ինքը մեկնեց Երուսաղէմից։

19Յովասի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արեց, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 20Նրա ծառաները նրա դէմ ելան, դաւաճանեցին նրան եւ Գաղաադում բնակուող Մաալոնի տանը սպանեցին Յովասին։ 21Նրան սպանեցին նրա ծառաները՝ Յեմաւութի որդի Յովազաքարը եւ սրա որդի Յեզեբութը։ Նրա այս պատանդ ծառաները խփեցին ու սպանեցին նրան եւ թաղեցին իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։ Նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Ամեսսիան։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն