Չորրորդ Թագավորաց գիրք
13
ԻՍՐԱՅԷԼԻ ՅՈՎԱՔԱԶ ԹԱԳԱՒՈՐԸ
1Յուդայի երկրի արքայ Օքոզիայի որդի Յովասի թագաւորութեան քսաներկուերորդ տարում Իսրայէլի վրայ, Սամարիայում թագաւորեց Յէուի որդի Յովաքազը։ Նա թագաւորեց տասնեօթը տարի։ 2Նա Տիրոջ առջեւ չարիք գործեց, ընթացաւ Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերի հետքերով։ Նա դրանցից չհրաժարուեց։ 3Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Իսրայէլի դէմ, եւ Տէրը նրանց շարունակ մատնեց ասորիների Ազայէլ արքայի եւ Ազայէլի որդի Ադերի ձեռքը։
4Յովաքազն աղօթեց Տիրոջը, եւ Տէրը լսեց նրան, որովհետեւ տեսաւ Իսրայէլի նեղութիւնները, որ պատճառում էր նրան ասորիների արքան։ 5Տէրն Իսրայէլին մի ազատարար տուեց. Իսրայէլն ազատուեց ասորիների ձեռքից, եւ իսրայէլացիներն ապրեցին իրենց վրաններում, ինչպէս նախկին ժամանակներում։ 6Սակայն իսրայէլացիները չհրաժարուեցին Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից, այլ նրա ուղիով ընթացան, եւ Աստարոթի կուռքերն էլ մնացին Սամարիայում։ 7Յովաքազի մօտ մնացել էին միայն յիսուն հեծեալ, տասը մարտակառք ու տասը հազար հետեւակ. մնացածներին ասորիների արքան բնաջնջել էր եւ կոխոտուած հող էր դարձրել։
8Յովաքազի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, նրա քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 9Յովաքազը գնաց իր նախնիների գիրկը, նրան թաղեցին Սամարիայում, իր նախնիների մօտ։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովասը։
ԻՍՐԱՅԷԼԻ ՅՈՎԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ
10Յուդայի երկրի արքայ Յովասի թագաւորութեան երեսունեօթներորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Յովաքազի որդի Յովասը։ Նա Սամարիայում թագաւորեց տասներկու տարի։ 11Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից, թաղուեց դրանց մէջ։
12Յովասի մնացած պատմութիւնը, այն ամէնը, ինչ նա արել է, Յուդայի երկրի արքայի հետ կռուելու ժամանակ նրա ցուցաբերած քաջագործութիւնները չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 13Յովասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա գահին նստեց Յերոբովամը։ Յովասը թաղուեց Սամարիայում, Իսրայէլի թագաւորների մօտ։
ԵՂԻՍԷԷՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՍՈՐԻՆԵՐԻ ԴԷՄ ՅԱՂԹԱՆԱԿԸ
14Եղիսէէն ծանր հիւանդացաւ, որից եւ մեռաւ։ Իսրայէլի արքայ Յովասը մինչ այդ եկել էր նրա մօտ, լաց եղել նրա մօտ՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայէլի մարտակառքն էիր եւ նրա հեծելազօրը»։ 15Եղիսէէն նրան ասել էր. «Ա՛ռ քո աղեղն ու նետերը»։ Յովասն առել էր աղեղն ու նետերը, 16եւ Եղիսէէն Իսրայէլի արքային ասել էր. «Աղեղը ձեռքո՛վդ լարիր». եւ նա իր ձեռքով լարել էր աղեղը։ Եղիսէէն իր ձեռքը դրել էր արքայի ձեռքին 17եւ ասել. «Բա՛ց արեւելեան կողմի պատուհանը»։ Նա բացել էր, եւ Եղիսէէն ասել էր. «Արձակի՛ր»։ Երբ նա արձակել էր, Եղիսէէն ասել էր. «Սա Տիրոջ փրկութեան նետն է, ասորիների դէմ փրկութեան նետը։ Դու ասորիներին պիտի հարուածես Ափեկում, մինչեւ որ իսպառ բնաջնջես նրանց»։ 18Եղիսէէն աւելացրել էր. «Նետեր վերցրո՛ւ»։ Երբ Յովասը նետերը վերցրել էր, Եղիսէէն ասել էր Իսրայէլի արքային. «Արձակի՛ր եւ խփի՛ր գետնին»։ Արքան երեք նետ էր խփել գետնին ու կանգ առել։ 19Աստծու մարդը բարկացել էր նրա վրայ՝ ասելով. «Եթէ հինգ կամ վեց անգամ հարուածէիր, ասորիներին իսպառ ոչնչացրած կը լինէիր։ Արդ, միայն երեք անգամ կը հարուածես ասորիներին»։
20Մեռաւ Եղիսէէն, եւ նրան թաղեցին։ Հետեւեալ տարին Մովաբի կողոպտիչ զօրքը յարձակուեց երկրի վրայ։ 21Այդ ժամանակ մի մարդու էին թաղում։ Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զօրքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը։ Այդ մեռած մարդու դիակը Եղիսէէի ոսկորներին դիպչելուն պէս հանգուցեալը կենդանացաւ ու կանգնեց իր ոտքերի վրայ։
ՊԱՏԵՐԱԶՄ ԻՍՐԱՅԷԼԻ ԵՒ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՄԻՋԵՒ
22Ասորիների արքայ Ազայէլը Յովաքազի իշխանութեան բոլոր օրերին նեղում էր Իսրայէլին, 23բայց Տէրը յանուն Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ դրած ուխտի ողորմեց, գթաց ու հայեացքը դարձրեց նրանց, չկամեցաւ կործանել նրանց եւ իր երեսը նրանցից շուռ չտուեց։
24Ասորիների արքայ Ազայէլը մեռաւ, եւ թագաւորեց Ադերի որդին նրա որդու փոխարէն։ 25Յովաքազի որդին Յովասը ելաւ եւ Ազայէլի որդի Ադերի որդուց գրաւեց այն քաղաքները, որ նրա հայրը պատերազմով խլել էր իր հօրից՝ Յովաքազի ձեռքից։ Յովասը նրան երեք անգամ յաղթեց եւ վերագրաւեց Իսրայէլի քաղաքները։
Էջմիածին · HYEJB1994