Չորրորդ Թագավորաց գիրք

14

ՅՈՒԴԱՅԻ ԱՄԱՍԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց., 25. 1-24)

1Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասի թագաւորութեան երկրորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիան։ 2Քսանհինգ տարեկան էր նա, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունն էր Յովադին, որը Երուսաղէմից էր։ 3Ամասիան արդար գտնուեց Տիրոջ առջեւ, բայց ոչ իր նախնի Դաւթի նման։ Ըստ ամենայնի նա արեց այն, ինչ իր Յովասն էր արել, 4սակայն բարձունքների մեհեանները չվերացրեց, եւ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ ծխում բարձունքներում։ 5Երբ թագաւորութիւնն իր ձեռքն անցաւ, նա սպանեց իր այն պալատական պաշտօնեաներին, որոնք սպանել էին իր հօրը, 6սակայն սպանողների որդիներին չսպանեց, որովհետեւ, ինչպէս գրուած է Մովսէսի Օրէնքի գրքում, Տէրը պատուիրել է՝ ասելով. «Թող հայրերը չմեռնեն որդիների պատճառով, ոչ էլ որդիները մեռնեն հայրերի պատճառով, այլ ամէն ոք իր մեղքի համար թող մեռնի»։ 7Նա տասը հազար եդոմացիների սպանեց Մայիլայում, գրաւեց Վէմը պատերազմով եւ այն կոչեց Յեկթովէլ, ինչպէս եւ կոչւում է մինչեւ այսօր։

8Այդ ժամանակ Ամասիան Իսրայէլի արքայ Յէուի որդի Յովաքազի որդի Յովասի մօտ բանագնաց ուղարկեց՝ ասելով. «Ե՛կ երես երեսի հանդիպենք միմեանց»։ 9Իսրայէլի արքայ Յովասը մարդ ուղարկեց Յուդայի երկրի արքայ Ամասիայի մօտ եւ ասաց. «Լիբանանում բուսնող ակքան փուշը լուր ուղարկեց Լիբանանի եղեւնուն՝ ասելով. “Քո դստերը կնութեան տո՛ւր իմ որդուն”։ Լիբանանի անապատի գազանները, սակայն, անցան ու կոխոտեցին ակքան փուշը։ 10Եդոմացիներին կոտորեցիր եւ մտքումդ հպարտացար։ Գոհացի՛ր քո փառքով ու նստի՛ր քո տանը։ Ինչո՞ւ է քո չարութիւնը քեզ գրգռում, չէ՞ որ կ’ընկնես դու, եւ քեզ հետ էլ՝ Յուդայի երկիրը»։ 11Ամասիան չանսաց նրան, եւ պատերազմի ելաւ Իսրայէլի արքայ Յովասը։ Հրէաստանի Բեթսամիւս բնակավայրում դէմ դիմաց իրար հանդիպեցին ինքը եւ Յուդայի երկրի արքայ Ամասիան։ 12Յուդայի երկրի զօրքը պարտուեց Իսրայէլից, եւ Յուդայի երկրի բոլոր զօրքերը իրենց վրանները փախան։ 13Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասը Բեթսամիւսում բռնեց Յովաքազի որդի Յովասի որդի Ամասիային՝ Յուդայի երկրի թագաւորին, եկաւ եւ Եփրեմի դարպասից մինչեւ Անկիւնների դարպասը քանդեց Երուսաղէմի պարիսպը, որը չորս հարիւր կանգուն էր։ 14Նա Տիրոջ տան ու թագաւորի տան գանձարանում եղած ոսկին ու արծաթը, բոլոր անօթները եւ վերցնելով՝ վերադարձաւ ։

15Յովասի մնացած գործերը, նրա կատարած քաջագործութիւններն ու Յուդայի երկրի արքայ Ամասիայի դէմ մղած պատերազմը չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 16Յովասը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Սամարիայում, Իսրայէլի թագաւորների հետ։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յերոբովամը։

ԱՄԱՍԻԱ ԹԱԳԱՒՈՐԻ ՄԱՀԸ

(Բ Մնաց., 25. 25-28)

17Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիան Իսրայէլի թագաւոր Յովաքազի որդի Յովասի մահուանից յետոյ ապրեց տասնհինգ տարի։ 18Ամասիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 19Նրա դէմ Երուսաղէմում դաւադրութիւն կազմակերպեցին, եւ նա փախաւ Լաքիս։ Նրա յետեւից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։ 20Նրան բերեցին ձիերի վրայ ու թաղեցին Երուսաղէմում՝ Դաւթի քաղաքում, իր հայրերի մօտ։

21Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը վերցրեց տասնվեցամեայ Ազարիային եւ թագաւոր նստեցրեց նրա հայր Ամասիայի փոխարէն։ 22Ազարիան բարեկարգեց Ելոթը եւ արքայի մեռնելուց յետոյ այն վերադարձրեց Յուդայի երկրին։

ԻՍՐԱՅԷԼԻ ՅԵՐՈԲՈՎԱՄ ԹԱԳԱՒՈՐԸ

23Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիայի թագաւորութեան տասնհինգերորդ տարում թագաւորեց Իսրայէլի արքայ Յովասի որդի Յերոբովամը։ Նա քառասունմէկ տարի թագաւորեց Սամարիայում։ 24Նա Տիրոջ առջեւ չարիք գործեց, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի բոլոր մեղքերից։ 25Նա Իսրայէլի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչեւ Արաբա ծովը ապահով դարձրեց, ինչպէս իր ծառայ գեթաքոբերացի Ամաթի որդի Յովնան մարգարէի միջոցով ասել էր Տէր Աստուածը, 26քանզի Տէրը տեսել էր սակաւամարդ, նեղուած, տկար ու լքուած Իսրայէլի չափազանց դառն տառապանքը. ոչ ոք չկար, որ օգնէր Իսրայէլին։ 27Տէրը չէր ուզում, որ իսրայէլացիները բնաջնջուեն երկնքի ներքոյ, ուստի Յովասի որդի Յերոբովամի ձեռքով փրկեց նրանց։

28Յերոբովամի մնացած գործերը, այն ամէնը, ինչ նա արել է, թէ պատերազմում նա ինչպիսի քաջագործութիւն է ցուցաբերել, ինչպէս է Դամասկոսն ու Եմաթը Յուդայի երկրից ազատելով վերադարձրել Իսրայէլին, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

29Յերոբովամը գնաց իր նախնիների՝ Իսրայէլի թագաւորների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Զաքարիան։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն