Չորրորդ Թագավորաց գիրք

17

ԻՍՐԱՅԷԼԻ ՕՍԷԷ ԹԱԳԱՒՈՐԸ ԵՒ ՍԱՄԱՐԻԱՅԻ ԳՐԱՒՈՒՄԸ

1Յուդայի երկրի արքայ Աքազի թագաւորութեան տասներկուերորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Ելայի որդի Օսէէն։ Նա Սամարիայում թագաւորեց ինը տարի։ 2Նա Տիրոջ առջեւ չար գտնուեց, բայց ոչ Իսրայէլի այն թագաւորների նման, որոնք իրենից առաջ կային։ 3Նրա դէմ յարձակուեց Ասորեստանի Սաղմանասար արքան, եւ Օսէէն նրան ենթակայ դարձաւ, նրան հարկ էր տալիս, որ նա տանի։ 4Ասորեստանի արքան, սակայն, տեսաւ, որ Օսէէի մէջ նենգութիւն կայ, որովհետեւ սա պատգամաւորներ էր ուղարկել Եգիպտոսի թագաւոր Սովային եւ այդ տարի հարկ չէր վճարել Ասորեստանի արքային։ Ասորեստանի արքան կալանաւորեց նրան եւ բանտարկեց։ 5Ասորեստանի արքան յարձակուեց ամբողջ երկրի վրայ, ելաւ նաեւ Սամարիայի դէմ եւ այն պաշարեց երեք տարի։

6Օսէէի թագաւորութեան իններորդ տարում Ասորեստանի արքան գրաւեց Սամարիան եւ իսրայէլացիներին քշեց , նրանց բնակեցրեց Ալաթում եւ Աբորում, Գոզան գետի մօտ ու Մարերի լեռներում։ 7Իսրայէլացիները մեղանչել էին իրենց տէր Աստծու դէմ, որն իրենց հանել էր Եգիպտացիների երկրից եւ ազատել եգիպտացիների Փարաւոն արքայի ձեռքից։ Նրանք սկսել էին երկիւղ կրել օտար աստուածներից, 8հետեւել այն ազգերի կրօնին, որոնց Տէրը քշել էր իսրայէլացիների առջեւից։ 9Իսրայէլի թագաւորները նման շատ բաներ էին արել, եւ իսրայէլացիները նման շատ թաքուն գործեր կատարել, որ չպէտք է անէին իրենց Աստծու դէմ։ Նրանք իրենց բոլոր քաղաքներում բարձրադիր տեղեր ստեղծեցին, սկսած պահապանների աշտարակից մինչեւ պարսպապատ քաղաքը, 10իրենց համար արձաններ եւ կուռքեր կանգնեցրին, բոլոր բարձր բլուրների վրայ, բոլոր անտառախիտ ծառերի ներքոյ, 11բոլոր բարձունքների վրայ էին ծխում այն բոլոր ազգերի նման, որոնց Տէրը վտարել էր նրանց առջեւից։ Նրանք վատ ընկերակիցներ ունեցան եւ վատ հաւաքոյթներ կազմակերպեցին, որպէսզի բարկացնեն Տիրոջը։ 12Նրանք պաշտեցին կուռքեր, որոնց մասին Տէրն իրենց ասել էր. «Այդ բանը մի՛ արէք յանուն Տիրոջ»։

13Տէրը բոլոր մարգարէների ու տեսանողների միջոցով Իսրայէլին ու Յուդայի երկրին զգուշացրեց՝ ասելով. «Դարձէ՛ք ձեր չար ճանապարհներից, պահեցէ՛ք իմ պատուիրանները, իմ կանոններն ու օրէնքները, որ պատուիրեցի ձեր հայրերին, եւ որոնք ձեզ հաղորդեցի իմ ծառայ մարգարէների միջոցով»։ 14Նրանք չլսեցին, աւելի ըմբոստացան, քան իրենց հայրերը, չհաւատացին իրենց Տէր Աստծուն։ 15Նրանց հայրերի հետ Աստծու կնքած ուխտերը, դաշինքներն ու վկայութիւնները նրանք չպահեցին, գնացին սնոտի աստուածներ պաշտողների հետքերով՝ իրենք էլ նրանց հետ սնոտի աստուածներ պաշտողներ դառնալով իրենց շրջապատող ազգերին հետեւելով։ Մինչդեռ Տէրը պատուիրել էր, որ չնմանուեն նրանց։ 16Նրանք անտեսեցին իրենց Տէր Աստծու բոլոր պատուիրանները, իրենց համար երկու ձուլածոյ երինջներ պատրաստեցին, երկնքի զօրութիւններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին, 17իրենց տղաներին եւ աղջիկներին կրակի միջով անցկացրին, կախարդութիւն ու հմայութիւն արեցին, համարձակուեցին Տիրոջ առջեւ չարութիւն գործել եւ զայրացրին նրան։ 18Տէրն Իսրայէլի վրայ խիստ բարկացաւ, չուզեց տեսնել նրանց երեսը, այնպէս որ միայն Յուդայի ցեղն էր մնացել։

19Սակայն Յուդայի ցեղի մարդիկ էլ չպահեցին իրենց Տէր Աստծու պատուիրանները եւ ընթացան Իսրայէլի երկրում ընդունուած սովորութիւններով։ 20Նրանք Տիրոջը հեռու պահեցին Իսրայէլի ամբողջ ։ Տէրը նրանց չարչարեց եւ աւարառուների ձեռքը մատնեց, մինչեւ որ նրանց իր երեսից հեռու վանեց։

21Մինչ Դաւթի տունը գոյութիւն ունէր, նրանք Իսրայէլի թագաւոր էին նստեցրել Նաբատի որդի Յերոբովամին, եւ Յերոբովամը իսրայէլացիներին արգելել էր ընթանալ Տիրոջ ճանապարհով, նրանց մեծ մեղքեր գործել տուել։ 22Իսրայէլացիներն ընթացել էին Յերոբովամի գործած բոլոր մեղքերի ճանապարհով, չէին հրաժարուել դրանցից։ 23Տէրն իր երեսը թեքել էր Իսրայէլից, ինչպէս որ մարգարէների միջոցով ասել էր իր բոլոր ծառաներին։ Այսպէս է, որ Իսրայէլացիներն իրենց երկրից Ասորեստան գերեվարուեցին, ուր գտնւում են մինչեւ այսօր։

ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՒՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԷԼԻ ՄԷՋ

24Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց էր բերել տուել եւ իսրայէլացիների փոխարէն բնակեցրել Սամարիայի քաղաքներում։ նրանք ժառանգել էին Սամարիան ու բնակուել նրա քաղաքներում։ 25Իրենց բնակութեան սկզբնական շրջանում նրանք չէին վախեցել Տիրոջից, եւ Տէրն առիւծներ էր ուղարկել, որ յօշոտեն նրանց։ 26Նրանք դիմել էին Ասորեստանի թագաւորին՝ ասելով. «Այն ազգերը, որոնց փոխադրեցիր եւ Սամարիայի քաղաքներում բնակեցրիր, չգիտեն այդ երկրի Աստծու կրօնը, Տէրը նրանց վրայ առիւծներ ուղարկեց, որոնք ահա յօշոտում են նրանց, որովհետեւ չգիտեն այդ երկրի Աստծու կրօնը»։ 27Ասորեստանի արքան հրաման էր արձակել ու ասել. «Այնտե՛ղ տարէք ձեր գերեվարած քահանաներից մէկին, որ գնայ այնտեղ բնակուի, սովորեցնի Տիրոջ կրօնը եւ լուսաւորի նրանց այդ երկրի Աստծու օրէնքներով»։ 28Գերուած քահանաներից մէկին Սամարիայից տարել էին, բնակեցրել Բեթէլում։ Քահանան լուսաւորել էր նրանց եւ սովորեցրել, որ երկիւղ կրեն Տիրոջից։ 29Ամէն մի ազգ իր ապրած քաղաքում իր համար տարբեր աստուածներ էր պատրաստել եւ դրել այն բարձունքների վրայ գտնուող մեհեաններում, որ սամարացիներն էին շինել։ 30Բաբելացիները կառուցել էին Սոքքոթն ու Բանոթը, քութացիները կառուցել էին Անգեղը, եմաթացիները կառուցել էին Ասիմաթը, 31այիացիները կառուցել էին Աբլազերը, Նեբասը, Թարթակն ու Սեփփարուիմը, ուր սեփփարուիմացիները կենդանի վառում էին իրենց որդիներին Սեփփարուիմի աստուածներ Ադրամելէքի ու Ամամելէքի համար վառուող հրով։ 32Նրանք երկիւղ էին կրում նաեւ Տիրոջից, սակայն իրենց գարշելի կուռքերը հաստատել էին բարձունքների վրայ գտնուող մեհեաններում, որ ամէն մի ազգ շինել էր Սամարիայում, այնտեղ, ուր նրանք բնակւում էին։ Թէեւ Տիրոջից երկիւղ էին կրում, բայց բարձունքների վրայ քրմեր էին նշանակել. 33թէեւ երկիւղ էին կրում Տիրոջից, բայց պաշտում էին իրենց աստուածներին ըստ այն ազգերի կրօնների, որոնց մերժել էր։

34Մինչեւ օրս նրանք առաջնորդւում են իրենց սովորութիւններով. թէեւ երկիւղ են կրում Տիրոջից, բայց վարւում են ըստ իրենց սովորութիւնների, կանոնների եւ օրէնքների, նաեւ ըստ այն պատուիրանի, որ Տէրը պատուիրել էր Յակոբի որդիներին։ Տէրը Յակոբի անունը դրել էր ։ 35Տէրը նրանց հետ ուխտ էր դրել, պատուիրել ու ասել. «Մի՛ վախեցէք օտար աստուածներից, մի՛ երկրպագէք նրանց, մի՛ պաշտէք նրանց, զոհեր մի՛ մատուցէք նրանց, 36այլ վախեցէ՛ք Տէր Աստծուց, որը մեծ զօրութեամբ ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց Եգիպտոսից։ Նրանի՛ց վախեցէք, նրա՛ն երկրպագեցէք ու նրա՛ն զոհեր մատուցեցէք։ 37Ձեզ համար գրուած կանոնները, դատաստանները, օրէնքներն ու պատուիրանները զգուշութեա՛մբ գործադրեցէք։ Մի՛ վախեցէք օտար աստուածներից, 38մի՛ մոռացէք այն ուխտը, որ Տէրը դրել է ձեզ հետ, մի՛ վախեցէք օտար աստուածներից, այլ ձեր Տէ՛ր Աստծուց երկիւղ կրեցէք։ 39Նա ձեզ կը փրկի ձեր բոլոր թշնամիներից։ 40Մի՛ հաւատացէք նրանց կրօնին, որին նրանք հետեւում են։ 41Այդ ազգերը թէպէտ Տիրոջից վախենում էին, բայց իրենց քանդակած կուռքն էին պաշտում։ Նրանց որդիներն ու որդիների որդիները մինչեւ այսօր վարւում են այնպէս, ինչպէս իրենց նախնիները»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն