Չորրորդ Թագավորաց գիրք

2

ԵՂԻԱՆ ԵՐԿԻՆՔ Է ՀԱՄԲԱՐՁՒՈՒՄ.

ՆՐԱՆ ՅԱՋՈՐԴՈՒՄ Է ԵՂԻՍԷԷՆ

1Երբ Տէրը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսէէն գնացին Գաղգաղա։ 2Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ է ուղարկում»։ Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Բեթէլ։ 3Բեթէլում գտնուող մարգարէների որդիները եկան Եղիսէէի մօտ եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տէրը այսօր առնել տանելու է քո մօտից քո տիրոջը»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»։ 4Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ է ուղարկում»։ Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ 5Նրանք եկան Երիքով։ Երիքովում գտնուող մարգարէների որդիները մօտեցան Եղիսէէին եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տէրը քո տիրոջը առնել տանելու է քո մօտից»։ 6Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»։ Եղիան ասաց նրան. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրը ինձ Յորդանան գետի ափն է ուղարկում»։ Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ 7Եւ նրանք երկուսով գնացին։ Մարգարէների որդիներից յիսուն գնաց ու կանգնեց հեռւում, Եղիայի ու Եղիսէէի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Յորդանան գետի եզերքին։ 8Եղիան առաւ իր մորթէ վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին։ Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ նրանք երկուսով անցան ցամաքով։

9Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսէէին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տէրն ինձ քո մօտից չի վերացրել»։ Եղիսէէն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրայ լինի»։ 10Եղիան ասաց. «Դժուար բան խնդրեցիր, բայց եթէ քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպէս թող լինի, ապա թէ ոչ՝ թող չլինի»։

11Մինչ նրանք քայլում էին, մի հրեղէն կառք ու հրեղէն երիվարներ երեւացին, նրանց միմեանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ։ 12Եղիսէէն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը»։ Եւ այլեւս չտեսաւ նրան։ Եղիսէէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց։ 13Նա ձեռքն առաւ Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ։ Եղիսէէն վերադարձաւ, գնաց կանգնեց Յորդանան գետի եզերքին, 14վերցրեց Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ, խփեց ջրերին՝ ասելով. «Եղիայի Տէ՛ր , ո՞ւր ես հիմա»։ Նա խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ Եղիսէէն անցաւ։

15Երբ Երիքովի մարգարէների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսէէի վրայ»։ Նրանք եկան դիմաւորեցին, երկրպագեցին նրան 16ու ասացին նրան. «Ահա մեզ՝ քո ծառաների հետ, յիսուն զօրեղ մարդիկ կան, թող գնան ու փնտռեն քո տիրոջը, գուցէ Տիրոջ հոգին նրան վերցնելով նետել է Յորդանան գետի եզերքը կամ մի լերան եւ կամ մի բլրի վրայ։ Եղիսէէն ասաց. «Մի՛ ուղարկէք»։ 17Սակայն նրանք այնքան պնդեցին, որ նա ամաչեց ու ասաց. «Ուղարկեցէ՛ք»։ Յիսուն հոգու ուղարկեցին, որոնք երեք օր փնտռեցին ու չգտան նրան։ 18Վերադարձան նրա մօտ, իսկ նա Երիքովում էր։ Նա ասաց նրանց. «Չէ՞ որ ասացի՝ “Մի՛ գնացէք”»։

ԵՂԻՍԷԷԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԳՈՐԾԵՐԸ

19Քաղաքի մարդիկ ասացին Եղիսէէին. «Մեր քաղաքում բնակուելը լաւ է, ինչպէս որ տեսնում ես, տէ՛ր իմ. բայց ջրերը վատ են, իսկ հողը՝ անբերրի»։ 20Եղիսէէն ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերէք ու այդտե՛ղ »։ 21Բերեցին նրա ուզածը, Եղիսէէն գնաց ջրերի ակունքը եւ այնտեղ գցելով՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ եւ անբերրիութիւն չառաջանան։”» 22Եւ այդ ջրերը մաքուր դարձան, ու այդպէս է մինչեւ այսօր, ինչպէս որ ասել էր Եղիսէէն։

23Նա այնտեղից բարձրացաւ Բեթէլ եւ մինչ իր ճանապարհն էր գնում, քաղաքից դուրս եկան փոքրիկ երեխաներ ու ծաղրելով նրան՝ ասում էին. «Բարձրացի՛ր, ճաղա՛տ, բարձրացի՛ր, ճաղա՛տ»։ 24Երբ նա յետ դարձաւ ու տեսաւ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անուանելով յանցանքի եւ ունայնութեան որդիներ։ Եւ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։ 25Եղիսէէն այնտեղից գնաց Կարմելոս լեռը եւ ապա վերադարձաւ ։

Էջմիածին · HYEJB1994