Չորրորդ Թագավորաց գիրք

20

ԵԶԵԿԻԱՅԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԲՈՒԺՈՒՄԸ

(, Բ Մնաց., 32. 24-26)

1Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիւանդացաւ։ Նրա մօտ եկաւ Ամոսի որդի Եսայի մարգարէն եւ ասաց նրան. «Այսպէս է ասում Տէրը. “Քո տան գործերը կարգի՛ դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես”»։ 2Եզեկիան երեսը պատի կողմը դարձրեց եւ աղօթեց Տիրոջն՝ ասելով. 3«Ո՜վ Տէր, յիշի՛ր, թէ ինչպէս եմ ես քո առջեւ ճշմարտութեամբ ու հաւատարիմ սրտով ընթացել, քո առջեւ բարին եմ կատարել»։ Եւ Եզեկիան դառնօրէն արտասուեց։ 4Եսային դեռ դուրս չէր եկել գաւթից, երբ նրան հասաւ Տիրոջ խօսքը, որ ասում էր. 5«Յե՛տ դարձիր եւ իմ ժողովրդի առաջնորդ Եզեկիային ասա՛. “Այսպէս է ասում քո նախնի Դաւթի Տէր Աստուածը. ‘ Լսեցի քո աղօթքը եւ տեսայ քո արտասուքը։ Ես, ահա, պիտի բժշկեմ քեզ, երրորդ օրը պիտի գաս Տիրոջ տունը, 6քո կեանքը տասնհինգ տարով պիտի երկարեցնեմ, Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու քո քաղաքը, պաշտպան պիտի կանգնեմ քո քաղաքին ինձ ու իմ ծառայ Դաւթի համար” “»։ 7Եսային ասաց. «Չոր թզե՛ր բերէք»։ Բերեցին, վէրքի վրայ դրեցին, ու նա առողջացաւ։

8Եզեկիան ասաց Եսայուն. «Ի՞նչ է նշանակում այն, որ Տէրն ինձ բժշկեց, եւ թէ ինչո՞ւ երրորդ օրը Տիրոջ դուռը պիտի գնամ»։ 9Եսային ասաց. «Դա նշան է Տիրոջ կողմից, որ Տէրն իր խօսքը կը կատարի. արեւի ժամացոյցի ստուերը տասն աստիճան առաջ պիտի շարժուի»։ 10Եզեկիան ասաց. «Ստուերի տասը աստիճան առաջ շարժուելը բնական բան է։ Ո՛չ, այդպէս թող չլինի, ստուերը թող տասն աստիճան յետ դառնայ»։ 11Եսայի մարգարէն դիմեց Տիրոջը, եւ ստուերը տասն աստիճան յետ դարձաւ Աքազի արեւի ժամացոյցի աստիճաններով։

ԵԶԵԿԻԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԲԱԲԵԼՈՆԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻՆ

()

12Այդ ժամանակ Բաբելոնի արքան՝ Բաղդանի որդի Մարոդաք Բաղդանը հրովարտակներ ու ընծաներ ուղարկեց Եզեկիային, որովհետեւ լսել էր, թէ Եզեկիան հիւանդացել է։ 13Եզեկիան ուրախացաւ դրանց համար եւ նրա դեսպաններին ցոյց տուեց Նաքոթի ամբողջ գանձատունը, արծաթը, ոսկին, խնկերը, անուշահոտ իւղերը, զինանոցը եւ այն ամէնը, ինչ կար իր գանձատանը։ Եզեկիան իր տանը եւ ամբողջ իշխանութեան մէջ տեղ չթողեց, որ ցոյց չտար նրանց։

14Եսայի մարգարէն եկաւ Եզեկիա արքայի մօտ ու ասաց նրան. «Ի՞նչ խօսեցին այդ մարդիկ եւ որտեղի՞ց էին եկել քեզ մօտ»։ Եզեկիան ասաց. «Հեռու երկրից՝ Բաբելոնից էին եկել ինձ մօտ»։ 15Եսային ասաց. «Ի՞նչ տեսան քո տանը»։ Եզեկիան ասաց. «Ինչ որ կար իմ տանը եւ իմ գանձատանը, տեսան. ոչ մի բան չկայ իմ տան մէջ եւ իմ գանձատանը, որ նրանց ցոյց տուած չլինեմ»։ 16Եսային ասաց Եզեկիային. «Լսի՛ր Տիրոջ խօսքը. 17“Ահա կը գան օրեր, եւ քո տան մէջ ինչ որ կայ, եւ ինչ որ կուտակել են քո հայրերը մինչեւ այսօր, կը տարուեն Բաբելոն, ոչինչ չի մնայ”։ 18Այս է Տիրոջ ասած խօսքը. “Քո որդիները, որոնք քեզնից են ծնուելու, գերի պիտի ընկնեն ու ներքինիներ դառնան Բաբելոնի արքայի տանը”»։ 19Եզեկիան ասաց Եսայուն. « է Տիրոջ ասած խօսքը»։ Ապա աւելացրեց. «Միայն թէ խաղաղութիւն ու ապահովութիւն լինի իմ օրերում»։

ԵԶԵԿԻԱՅԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԸ

(Բ Մնաց., 32. 32-33)

20Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործութիւնները, նրա ջրամբարների, ջրմուղի եւ հասնող ջրատարի շինարարութիւնը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 21Եզեկիան գնաց իր նախնիների գիրկը, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Մանասէն։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն