Չորրորդ Թագավորաց գիրք

21

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՄԱՆԱՍԷ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց., 33. 1-20)

1Մանասէն տասներկու տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ յիսունինը տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Եփսիբա էր։ 2Նա չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ, հետեւեց այն ազգերի գարշութեանը, որոնց Տէրը վռնդել էր իսրայէլացիների առջեւից։ 3Նա վերականգնեց իր Եզեկիայի կործանած բարձունքների մեհեանները, վերակառուցեց Բահաղի զոհասեղանը, Աստարոթի կուռքեր կառուցեց, ինչպէս արել էր Իսրայէլի Աքաաբ արքան, երկրպագեց երկնքի բոլոր զօրութիւններին ու պաշտեց դրանք։ 4Նա Տիրոջ տանը զոհասեղան դրեց, թէեւ Տէրն ասել էր. «Երուսաղէմում եմ դնելու իմ աթոռը»։ 5Տիրոջ տան բոլոր սրահներում նա երկնքի բոլոր զօրութիւնների համար զոհասեղաններ պատրաստեց, 6իր որդիներին հրի միջով անցկացրեց, հմայութիւն արեց, թռչուններին նայելով գուշակութիւններ արեց, վհուկներ ու նշանագէտներ պահեց։ Տիրոջ առջեւ շատ չարիքներ գործելով՝ նա բարկացրեց նրան։ 7Նա Աստարոթի կուռքերի արձաններ տեղադրեց Տիրոջ տանը, որի համար Տէրն ասել էր Դաւթին ու նրա որդի Սողոմոնին, թէ՝ «Իմ անունը յաւիտեան դնելու եմ այս տան մէջ, Իսրայէլի բոլոր ցեղերի միջից իմ ընտրած Երուսաղէմի մէջ, 8Իսրայէլի ոտքը դուրս պիտի չգայ այս երկրից, որը նրա հայրերին եմ տուել, միայն թէ նրանք իմ բոլոր պատուիրաններն ու իմ ծառայ Մովսէսի պատուիրած բոլոր օրէնքներն զգուշութեամբ կատարեն»։ Սակայն նրանք չլսեցին. 9Մանասէն մոլորեցրեց նրանց, եւ նրանք չարիք գործեցին Տիրոջ առաջ շատ աւելի քան այն ազգերը, որոնց հալածել էր Տէրը իսրայէլացիների առջեւից։

10Տէրը խօսելով իր ծառայ մարգարէների միջոցով՝ ասաց. 11«Քանի որ Յուդայի երկրի արքայ Մանասէն այս գարշութիւններն արեց իմ առջեւ, առաւել չարիք գործեց, քան իրենից առաջ եղած ամորհացիներն էին արել իմ առջեւ, իր կուռքերով Յուդայի երկրին մեղանչել տուեց, 12ապա այդ պատճառով այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Ահա ես այնպիսի չարիք պիտի բերեմ Երուսաղէմի ու Յուդայի երկրի վրայ, որ ամէն ոք երբ լսի, նրա երկու ականջները խշշան։ 13Երուսաղէմը Սամարիայի եւ Աքաաբի տան օրը պիտի գցեմ։ Երուսաղէմը պիտի ջնջեմ այնպէս, ինչպէս մի ապակէ աման, որ մաքրում ու շուռ են տալիս։ 14Իմ ժողովրդի մնացորդացը պիտի լքեմ ու նրանց իրենց թշնամիների ձեռքը պիտի մատնեմ, որպէսզի նրանք աւար ու յափշտակութիւն դառնան իրենց բոլոր թշնամիների համար։ 15Այսպէս պիտի վարուեմ, քանի որ իմ առջեւ չարութիւն գործեցին եւ իրենց հայրերին Եգիպտոսից դուրս բերելու օրից մինչեւ այսօր ինձ բարկացնում էին։ 16Մանաւանդ Մանասէն չափազանց շատ անմեղ արիւն թափեց, այնպէս որ Երուսաղէմը ծայրէծայր արեամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջեւ Յուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տուեց”»։

17Մանասէի մնացած գործերը, բոլոր արարքները եւ գործած մեղքերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

18Մանասէն գնաց իր նախնիների գիրկը, թաղուեց իր տան պարտէզում՝ Օզայի պարտէզում։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Ամոնը։

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՄՈՆ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց., 33. 21-25)

19Ամոնը քսաներկու տարեկան էր, որ թագաւոր դարձաւ։ Նա տասներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Մեսոլոմիթ էր, նա յետեբալցի Արուսի դուստրն էր։ 20Նա իր հայր Մանասէի նման չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ, 21գնաց իր հօր ընթացած բոլոր ճանապարհներով, պաշտեց իր հօր պաշտած կուռքերը, երկրպագեց նրանց, 22լքեց իր հայրերի Տէր Աստծուն, չգնաց Տիրոջ ճանապարհներով։

23Ամոնի ծառաները նրա դէմ դաւ նիւթեցին ու արքային սպանեցին իր տան մէջ, 24իսկ ամբողջ ժողովուրդը կոտորեց բոլոր նրանց, որոնք դաւաճանել էին Ամոն արքային։ Երկրի ժողովուրդը նրա փոխարէն թագաւոր նստեցրեց նրա որդուն՝ Յոսիային։

25Ամոնի մնացած գործերը չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 26Ամոնը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր գերեզմանում՝ Օզայի պարտէզում։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն