Չորրորդ Թագավորաց գիրք
23
1Երբ արքայի ուղարկած մարդիկ այս պատասխանը հաղորդեցին արքային, նա իր մօտ հաւաքեց Յուդայի երկրի ու Երուսաղէմի բոլոր ծերերին, գնաց Տիրոջ տուն։ 2Յուդայի երկրի բոլոր մարդիկ ու Երուսաղէմի բոլոր բնակիչները, քահանաներն ու մարգարէները՝ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծը, նրա հետ էին։ Նա նրանց առաջ ընթերցեց Տիրոջ տան մէջ գտնուած ուխտի մատեանի բոլոր խօսքերը։ 3Արքան կանգնեց սեան մօտ եւ Տիրոջ առջեւ ուխտ դրեց, որ կ՚ընթանայ Տիրոջ ճանապարհով, ամբողջ հոգով ու էութեամբ կը պահի նրա պատուիրանները, վկայութիւններն ու կանոնները, կը կատարի այդ մատեանում գրուած ուխտի պատգամները։ Եւ ամբողջ ժողովուրդը ուխտ արեց։ 4Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարոթի կուռքերի եւ երկնքի զօրութեան համար պատրաստուած իրերը։ Դրանք այրեց Երուսաղէմից դուրս գտնուող Կեդրոնի դաշտում եւ դրանց մոխիրը տարաւ Բեթէլ։ 5Նա այրեց քրմերին, որոնց հաստատել էին Յուդայի երկրի արքաները, որովհետեւ նրանք բարձունքների մեհեաններում, Յուդայի երկրի բոլոր քաղաքներում ու Երուսաղէմի շուրջը խունկ էին ծխում, ինչպէս նաեւ արեգակին, լուսնին, աստղերին ու երկնքի ամբողջ զօրութեանը խնկարկողներին, 6Տիրոջ տնից հանելով եւ Երուսաղէմից դուրս բերելով Կեդրոնի հեղեղատում այրեց Աստարոթի կուռքերը, փոշու վերածեց եւ նրանց մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրայ ցանեց։ 7Տիրոջ տան մօտ գտնուող սոդոմականների տունը քանդեց, ուր կանայք Աստարոթի կուռքերի համար ծածկոցներ էին գործում։ 8Նա բոլոր քրմերին հանեց Յուդայի երկրի քաղաքներից, Գաբաայից մինչեւ Բերսաբէէ քարուքանդ արեց բարձունքների մեհեանները, ուր քրմերը խունկ էին ծխում, քանդեց քաղաքի իշխան Յեսովի տան դռան կողքին, քաղաքի դարպասի ձախ կողմը գտնուող տունը։ 9Բարձունքների մեհեանների քրմերն այլեւս Երուսաղէմում գտնուող Տիրոջ զոհասեղանին չէին մօտենում, այլ բաղարջ հաց էին ուտում իրենց եղբայրների շրջանում։ 10Նա քարուքանդ արեց ենոմացիների ձորում գտնուող Թոփոթը, որպէսզի ոչ ոք իր որդուն կամ դստերը Մեղքոմի բոցի միջով չանցկացնի։ 11Արքայի ներքինի Նաթանի գանձարանի մօտ՝ Փարուիմում այրեցին Տիրոջ տան մուտքի մօտ գտնուող այն ձիերը, որ Յուդայի երկրի արքան նուիրել էր արեգակին. արեգակին նուիրուած մարտակառքերը հրի մատնեցին։ 12Վերնատների տանիքների վրայ Յուդայի երկրի թագաւորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասէի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց եւ նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։ 13Երուսաղէմի դիմաց, Մոսաթի լերան աջ կողմում գտնուող տունը, որ Սողոմոն արքան էր շինել ի պատիւ սիդոնացիների գարշելի Աստարտի, Մովաբի զազրելի Քամոսի եւ ամոնացիների գարշելի Մեղքոմի, արքան քարուքանդ արեց։ 14Նա խորտակեց արձանները, ջարդուփշուր արեց Աստարոթի կուռքերը եւ նրանց տեղում մարդկանց ոսկորներ լցրեց։ 15Բեթէլի բարձունքում գտնուող զոհասեղանը, որ պատրաստել էր Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամը, այս բարձր զոհասեղանը եւս կործանեց, նրա քարերը ջարդուփշուր անելով փոշու վերածեց, Աստարոթի կուռքերը այրեց։ 16Յոսիան հայեացքը շուռ տուեց ու տեսաւ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու զոհասեղանի վրայ այրելով՝ պղծեց դրանք, ըստ Տիրոջ խօսքի, որ ասել էր Աստծու մարդը, երբ Յերոբովամը տօնի ժամանակ կանգնած էր զոհասեղանի մօտ։ Նա աչքերը յառեց Աստծու մարդու գերեզմանին, որը խօսել էր այս բաների մասին, 17եւ ասաց. «Այս ի՞նչ կոթող է, որ տեսնում եմ»։ Քաղաքի մարդիկ ասացին. «Աստծու մարդու գերեզմանն է, որ եկաւ Յուդայի երկրից եւ Բեթէլի այս զոհասեղանի մասին այդ բաներն ասաց»։ 18Յոսիան ասաց. «Ձեռք մի՛ տուէք, ոչ ոք թող տեղահան չանի նրա ոսկորները»։ Նրա ոսկորները Սամարիայից եկած մարգարէի ոսկորների հետ էին թաղուած։ 19Բարձունքների բոլոր մեհեանները, որոնք Իսրայէլի թագաւորները Սամարիայի քաղաքներում կառուցելով բարկացրել էին Տիրոջը, Իսրայէլի արքայ Յոսիան քանդեց եւ ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս Բեթէլում էր արել։ 20Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնւում էին զոհասեղանների մօտ, դրանց վրայ էլ այրեց մարդկանց ոսկորները եւ դրանից յետոյ վերադարձաւ Երուսաղէմ։ 21Արքան պատուիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Կատարեցէ՛ք մեր Տէր Աստծու զատիկը, ինչպէս որ գրուած է այս ուխտի մատեանում»։ 22Իսրայէլը ղեկավարող դատաւորների օրերից սկսած, Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների օրօք նման զատիկ չէր եղել։ 23Յոսիա արքայի թագաւորութեան տասնութերորդ տարում էր միայն, որ Երուսաղէմում կատարեցին Տիրոջ զատիկը։ 24Յոսիան վերացրեց վհուկներին, նշանագէտներին, մեռելահարցուկներին, կուռքերը եւ Յուդայի երկրում ու Երուսաղէմում եղած ամէն տեսակ գարշութիւնները, որպէսզի հաստատի օրէնքի գրքի այն խօսքերը, որ Տիրոջ տանը Քեղկիա քահանայի գտած մատեանում էին գրուած։ 25Նրանից առաջ նման մի թագաւոր չէր եղել, որ իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու զօրութեամբ, հնազանդուելով Մովսէսի բոլոր օրէնքներին, հակուէր դէպի Տէրը։ 26Ոչ էլ նրանից յետոյ եղաւ նրա նմանը։ Մանասէի կատարած չար գործերի պատճառով Յուդայի երկրի հանդէպ Տիրոջ մէջ բորբոքուած սաստիկ զայրոյթը, սակայն, չմեղմացաւ, 27ուստի Տէրն ասաց. «Յուդայի երկիրն էլ իմ երեսից պիտի մերժեմ, ինչպէս մերժեցի Իսրայէլը, պիտի մերժեմ այդ քաղաքը՝ իմ ընտրած Երուսաղէմը, եւ այդ տունը, որի համար ասել եմ, թէ՝ «Իմ անունը նրա վրայ պիտի լինի»։ 28Յոսիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 29Այդ օրերին Եգիպտոսի արքայ Նեքաւով փարաւոնը Եփրատ գետի մօտ յարձակուեց Ասորեստանի արքայի վրայ։ Յոսիա արքան նրան ընդառաջ գնաց, եւ երբ Նեքաւովը տեսաւ նրան, սպանեց նրան Մակեդովում։ 30Ծառաները նրա մարմինը տարան Մակեդովից, բերեցին Երուսաղէմ եւ թաղեցին իր գերեզմանում։Երկրի ժողովուրդը Յոսիայի որդի Յովաքազին բերեց, օծեց նրան եւ նրա հօր փոխարէն թագաւոր նստեցրեց։ 31Քսաներեք տարեկան էր Յովաքազը, որ թագաւոր դարձաւ։ Նա երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ամիտալ էր։ Նա լոբնացի Երեմիայի դուստրն էր։ 32Յովաքազը չար ընթացք ունեցաւ Տիրոջ առջեւ՝ կրկնելով իր հայրերի ամէն տեսակ վատ արարքները։ 33Նեքաւով փարաւոնը նրան գերեվարելով փոխադրեց Ռեբղաթա, Եմաթի երկիրը՝ վերջ դնելով նրա թագաւորութեանը։ Երուսաղէմում Նեքաւով փարաւոնը հարիւր տաղանդ արծաթ ու տասը տաղանդ ոսկի հարկ դրեց երկրի վրայ։ 34Փարաւոն Նեքաւովը Իսրայէլի վրայ թագաւոր նստեցրեց Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Եղիակիմին իր հօր՝ Յոսիայի փոխարէն, նրա անունը փոխելով՝ Յովակիմ դրեց, իսկ Յովաքազին առաւ տարաւ Եգիպտոս, ուր եւ նա մեռաւ։ 35Յովակիմն արծաթն ու ոսկին տալիս էր փարաւոնին, սակայն փարաւոնի պահանջածի չափով արծաթ վճարելու համար երկրի վրայ հարկ դրեց։ Երկրի մարդկանցից ամէն մէկից նա իր սահմանած հարկի համեմատ արծաթ ու ոսկի էր վերցնում, որպէսզի տայ Նեքաւով փարաւոնին։ 36Յովակիմը քսանհինգ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Ելդափ էր։ Նա ռոմայեցի Յեդդելայի դուստրն էր։ 37Նա Տիրոջ առջեւ գործեց իր նախնիների բոլոր չար արարքները։
Էջմիածին · HYEJB1994