Չորրորդ Թագավորաց գիրք
5
ԲՈՐՈՏ ՆԷԵՄԱՆԻ ԲՈՒԺՈՒՄԸ
1Ասորիների զօրքի հրամանատար գեղեցկադէմ Նէեմանը յարգելի մարդ էր իր տիրոջ առջեւ, քանզի նրա միջոցով էր Տէրը փրկութիւն տուել ասորիներին։ Այս մարդը հզօր էր, սակայն՝ բորոտ։ 2Ասորի զինուած կողոպտիչները յարձակուել էին եւ Իսրայէլից գերի վերցրել մի փոքրիկ աղջկայ, որը մնում էր Նէեմանի կնոջ մօտ։ 3Աղջիկն ասաց իր տիկնոջը. «Երանի թէ իմ տէրը գնար Աստծու մարգարէի մօտ, որը Սամարիայում է, նա նրան կը բուժէր բորոտութիւնից»։ 4Կինը գնաց եւ ասաց իր տիրոջը. «Այսպէս է խօսում իսրայէլացի աղջիկը»։ 5Ասորիների արքան ասաց Նէեմանին. «Գնա՛, ես էլ նամակ կ’ուղարկեմ Իսրայէլի արքային»։ Սա գնաց՝ իր ձեռքին ունենալով տասը տաղանդ արծաթ, վեց հազար դահեկան եւ տասը ձեռք պատմուճան։ 6Նա տարաւ Իսրայէլի արքային ուղղուած նամակը, ուր գրուած էր. «Երբ որ քեզ հասնի այս նամակը, գիտցի՛ր, որ քեզ մօտ եմ ուղարկում իմ ծառայ Նէեմանին, որպէսզի բուժես նրան իր բորոտութիւնից»։ 7Երբ Իսրայէլի արքան ընթերցեց նամակը, իր հագուստները պատառոտելով՝ ասաց. «Միթէ ես Աստուա՞ծ եմ, որ սպանեմ կամ կենդանացնեմ. ինձ մօտ մարդ է ուղարկել բորոտութիւնից բուժելու համար։ Իմացէ՛ք եւ տեսէ՛ք, որ սա պատրուակ է»։
8Երբ Աստծու մարդ Եղիսէէն լսեց, թէ Իսրայէլի արքան իր հագուստներն է պատառոտել, լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Ինչո՞ւ ես պատառոտել քո հագուստները, թող Նէեմանն ինձ մօտ գայ եւ իմանայ, որ Իսրայէլում մարգարէ կայ»։
9Նէեմանն եկաւ երիվարներով ու մարտակառքերով եւ կանգնեց Եղիսէէի տան դռանը։ 10Եղիսէէն մարդ ուղարկելով նրա մօտ՝ ասաց. «Գնա՛ եօթն անգամ լուացուի՛ր Յորդանան գետում, քո մարմինը կը բուժուի, եւ դու կը մաքրուես»։ 11Նէեմանը բարկացաւ եւ գնաց՝ ասելով. «Ես էլ կարծում էի, թէ գուցէ կը գայ, կը կանգնի ինձ մօտ, իր Տէր Աստծու անունը կը տայ, իր ձեռքը կը դնի հիւանդ տեղի վրայ եւ կը բուժի իմ բորոտութիւնը։ 12Մի՞թէ Դամասկոսի Նաբանա եւ Փարփարա գետերը Իսրայէլի բոլոր ջրերից աւելի լաւ չեն, ինչո՞ւ չերթամ, չլուացուեմ դրանց մէջ եւ մաքրուեմ»։ Եւ վերադառնալով՝ գնաց զայրացած։ 13Նրան մօտեցան ծառաներն ու ասացին. «Հա՛յր, եթէ մարգարէն դժուար բան խնդրէր, չպէ՞տք է կատարէիր։ Նա միայն ասաց՝ “Լուացուի՛ր ու կը մաքրուես”»։ 14Նէեմանն իջաւ ու եօթն անգամ թաթախուեց Յորդանան գետի մէջ, ինչպէս Եղիսէէն էր ասել, եւ նրա մարմինը դարձաւ մատղաշ երեխայի մարմնի նման. նա մաքրուեց։
15Դրանից յետոյ նա իր ամբողջ բանակով վերադարձաւ Եղիսէէի մօտ ու կանգնելով նրա առջեւ՝ ասաց. «Հիմա համոզուեցի, որ չկայ Աստուած ամբողջ աշխարհում, այլ միայն՝ Իսրայէլում։ Արդ, ընծա՛յ ընդունիր քո ծառայից»։ 16Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը. ես կանգնած եմ նրա առջեւ. ոչինչ չեմ ընդունի»։ Նա ստիպեց առնել, սակայն Եղիսէէն չհամաձայնուեց։ 17Նէեմանն ասաց. «Քանի որ մերժում ես, թող քո ծառային երկու ջորու բեռ հող տան այս երկրից, որպէսզի քո ծառան այլեւս օտար աստուածներին ողջակէզ եւ զոհ չմատուցի այս բանի համար, 18այլ միայն՝ Տիրոջը։ Թող Տէրը ների քո ծառային հետեւեալի համար. երբ իմ տէր արքան մտնի Ռեմանի տունը նրան երկրպագելու, ես էլ նրա հետ երկրպագեմ Ռեմանին, քանի որ արքան յենուած է լինում իմ ձեռքին։ Թող Տէրը ների քո ծառային այս բանի համար»։ 19Եղիսէէն ասաց Նէեմանին. «Գնա՛ խաղաղութեամբ»։ Եւ նա գնաց նրա մօտից, Իսրայէլի երկրից։
ԳԷԵԶԻԻ ՍԽԱԼԸ
20Սպասաւոր Գէեզին ասաց Եղիսէէին. «Իմ տէրը հրաժարուեց վերցնել ասորի Նէեմանի բերած նուէրները։ Կենդանի է Տէրը. ես նրա յետեւից կը վազեմ ու մի բան կ’առնեմ»։ 21Գէեզին վազեց Նէեմանի յետեւից, եւ երբ Նէեմանը տեսաւ, որ նա իր յետեւից է գալիս, մարտակառքից իջաւ եւ նրան ընդառաջ գնալով՝ ասաց. «Բարի՞ գործով է»։ 22Գէեզին ասաց. «Բարի գործով է։ Իմ տէրն ինձ քեզ մօտ ուղարկեց՝ ասելով. “Ահա Եփրեմի լեռից ինձ մօտ եկան երկու երիտասարդ մարգարէներ։ Նրանց համար տո՛ւր մի տաղանդ արծաթ եւ երկու ձեռք պատմուճան”»։ 23Նէեմանն ասաց. «Եթէ այդպէս է, ա՛ռ երեք տաղանդ արծաթ»։ Նէեմանն ստիպեց եւ երկու պարկի մէջ երեք տաղանդ արծաթ ու երկու ձեռք պատմուճան դնելով՝ տուեց իր երկու ծառաներին, որ տանեն նրա առջեւից։ 24Երբ մի մութ տեղ հասան, նա բեռը խլեց նրանց ձեռքից ու տան մէջ դրեց, իսկ այդ մարդկանց ճանապարհ գցեց։ 25Նրանք վերադարձան։ Գէեզին եկաւ կանգնեց իր տիրոջ առջեւ։ Եղիսէէն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գէեզի՛»։ Գէեզին ասաց. «Քո ծառան ոչ մի տեղ չէր գնացել»։ 26Եղիսէէն նրան ասաց. «Մի՞թէ իմ սիրտը քեզ հետ չէր, երբ այդ մարդն իր մարտակառքից իջաւ քեզ դիմաւորելու։ Արդարեւ, արծաթ ու հագուստներ առար՝ ձիթենիներ ու այգիներ, արջառ ու ոչխար գնելու եւ ծառաներ ու աղախիններ ունենալու համար։ 27Թող Նէեմանի բորոտութիւնը քեզ ու քո սերնդին կպչի յաւիտեան»։ Եւ Գէեզին դուրս եկաւ նրա մօտից ձեան նման սպիտակած բորոտ մարմնով։
Էջմիածին · HYEJB1994