Չորրորդ Թագավորաց գիրք

6

ԿՈՐԱԾ ԵՒ ԳՏՆՈՒԱԾ ԿԱՑԻՆԸ

1Մարգարէներն ասացին Եղիսէէին. «Այս տեղը, ուր մենք բնակւում ենք, մեզ համար նեղ է, 2գնանք մինչեւ Յորդանան գետը եւ այնտեղ ամէն մէկս մի գերան վերցնելով՝ մեզ համար բնակութեան տեղ պատրաստենք»։ Եղիսէէն ասաց. «Գնացէ՛ք»։ 3Նրանցից մէկն ասաց. «Դու եւս քո ծառաներով ե՛կ մեզ հետ»։ 4Նա պատասխանեց. «Կը գամ»։ Եւ գնաց նրանց հետ։ Հասան Յորդանան գետի եզերքը։ Այնտեղ ծառ էին կտրում։ 5Եւ ահա երբ նրանցից մէկը գերան էր կտրում, կացինը ջուրն ընկաւ։ Նա բացականչելով՝ ասաց. «Ո՜հ, Տէ՛ր, ես այն փոխ էի առել»։ 6Աստծու մարդը հարցրեց. «Ո՞ւր ընկաւ»։ Նա ցոյց տուեց տեղը, եւ Եղիսէէն մի փայտ կտրելով՝ այնտեղ գցեց, ու երկաթը ջրի երեսը լողաց։ 7Եղիսէէն ասաց. «Վերցրո՛ւ»։ Նա ձեռքը մեկնեց ու վերցրեց կացինը։

ԵՂԻՍԷԷՆ ԳԵՐԵՎԱՐՈՒՄ Է ԱՍՈՐԻ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԻ

8Ասորիների արքան պատերազմի մէջ էր Իսրայէլի դէմ։ Նա խորհրդակցելով իր ծառաների հետ՝ ասաց. «Այսինչ տեղում թող բանակը դարան մտնի»։ 9Եղիսէէն լուր ուղարկելով Իսրայէլի արքային՝ ասաց. «Զգո՛յշ եղիր, չլինի, թէ անցնես այսինչ տեղով, քանզի ասորիները դարան են մտել այնտեղ»։ 10Իսրայէլի արքան մարդ ուղարկեց Եղիսէէի նշած վայրը եւ դարանից զգուշացաւ ոչ միայն մէկ, այլ երկու եւ աւելի անգամ։ 11Այս բանի համար ասորիների արքան վրդովուեց եւ կանչելով իր ծառաներին՝ ասաց. «Ինձ չէ՞ք ասի, թէ ով է իմ գաղտնիքները յայտնում Իսրայէլի արքային»։ 12Ծառաներից մէկն ասաց. «Ո՛չ, տէ՛ր իմ արքայ, Իսրայէլում գտնուող Եղիսէէ մարգարէն է, որ Իսրայէլի արքային յայտնում է նոյնիսկ այն բոլոր խօսքերը, որ դու քո ննջասենեակում ես խօսում»։ 13Արքան ասաց. «Գնացէ՛ք ու տեսէ՛ք, թէ ո՛ւր է նա, որ մարդ ուղարկեմ ու բռնեմ նրան»։ Յայտնեցին նրան, որ Եղիսէէն Դոթայիմում է։

14Նա ուղարկեց մարտակառքեր, երիվարներ եւ ուժեղ զօրք։ Սրանք եկան ու գիշերը պաշարեցին քաղաքը։ 15Առաւօտ կանուխ Եղիսէէն զարթնեց եւ դուրս եկաւ, որ կատարի։ Նա տեսաւ, որ զօրքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը։ Սպասաւորը նրան ասաց. «Տէ՜ր, ի՞նչ պիտի անենք»։ 16Եղիսէէն ասաց. «Մի՛ վախեցիր, քանզի մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»։ 17Եղիսէէն անելով՝ ասաց. «Տէ՜ր, բա՛ց սպասաւորիս աչքերը, որ տեսնի»։ Տէրը բացեց նրա աչքերը, եւ նա տեսաւ, որ Եղիսէէի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղէն մարտակառքերով, որոնք եկան նրա մօտ։ 18Եղիսէէն սկսեց աղօթել Տիրոջն՝ ասելով. «Հարուածի՛ր այս ազգին, որ շիլ դառնայ»։ Եւ Տէրը, ինչպէս ասել էր Եղիսէէն, հարուածեց նրանց ու շիլ դարձրեց։ 19Եղիսէէն ասաց թշնամու զօրքին. «Այս չէ ճանապարհը, եւ այս չէ քաղաքը, եկէ՛ք իմ յետեւից, եւ ես ձեզ կը տանեմ այն մարդու մօտ, որին փնտռում էք»։ Նա տարաւ նրանց , եւ երբ մտաւ Սամարիա, ասաց Եղիսէէն. «Տէ՜ր, բա՛ց նրանց աչքերը, որ տեսնեն»։ 20Եւ Տէրը բացեց նրանց աչքերը, ու տեսան, որ իրենք Սամարիայի մէջ են։

21Երբ Իսրայէլի արքան տեսաւ նրանց, ասաց Եղիսէէին. «Սպանե՞մ սրանց, հա՛յր իմ»։ 22Եղիսէէն ասաց. «Մի՛ սպանիր։ Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերի վերցրել։ Նրանց առջեւ ու դի՛ր. թող ուտեն ու խմեն։ Արձակի՛ր նրանց, թող գնան իրենց տիրոջ մօտ»։ 23Նրանց առաջ առատ դրեց։ Նրանք կերան ու խմեցին։ Արքան նրանց արձակեց, եւ նրանք գնացին իրենց տիրոջ մօտ։ Ասորիների կողոպտիչ զօրքը այլեւս Իսրայէլի երկրի վրայ չյարձակուեց։

ՍԱՄԱՐԻԱՅԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

24Դրանից յետոյ Ադերի որդին՝ ասորիների արքան, հաւաքեց իր ամբողջ բանակը եւ եկաւ պաշարեց Սամարիան։ 25Սամարիայում մեծ սով եղաւ, իսկ ասորիները պաշարած պահում էին քաղաքը։ Մի էշի գլուխը յիսուն սիկղ արծաթով էր ծախւում, իսկ աղաւնու կեղտի մէկ քառորդ կապիճ չափը՝ յիսունհինգ արծաթով։ 26Իսրայէլի արքան շրջում էր պարսպի վրայ։ Մի աղաղակելով՝ ասաց նրան. «Փրկի՛ր ինձ, տէ՜ր արքայ»։ 27Արքան ասաց. «Եթէ Տէրը չի փրկում, ինչո՞վ կարող եմ ես փրկել քեզ, կալո՞վ, թէ՞ հնձանով»։ 28Արքան հարցրեց. «Քեզ ի՞նչ է պատահել»։ Նա ասաց. «Այս կինն ինձ ասաց. “Տո՛ւր քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ իմ որդուն վաղը կ’ուտենք”։ 29Եփեցինք իմ որդուն ու կերանք։ Յաջորդ օրն ասացի նրան. “Տո՛ւր քո որդուն, որ ուտենք”, սակայն նա թաքցրեց իր որդուն»։ 30Երբ արքան կնոջ այս խօսքերը լսեց, պատառոտեց իր հագուստները, եւ քանի որ նա դեռ շրջում էր պարսպի վրայ, ժողովուրդը տեսաւ, որ նա իր հագուստի տակից, մարմնի վրայ քուրձ էր հագել։ 31Արքան ասաց. «Թող այսպէս ու այսպէս եւ աւելին անի ինձ, եթէ Սափատի որդի Եղիսէէի գլուխն իր վրայ մնայ այսօր»։ 32Եղիսէէն նստել էր իր տանը, ծերերի հետ։ Արքան մարդ ուղարկեց նրա մօտ, եւ երբ դեռ պատգամաւորը նրա մօտ չէր հասել, Եղիսէէն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ էք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հէնց որ հասնի պատգամաւորը, դռների մօտ բռնեցէ՛ք նրան։ Չէ՞ որ նրա տիրոջ ոտնաձայնը նրա յետեւից լսւում է»։ 33Մինչ Եղիսէէն խօսում էր նրանց հետ, պատգամաւորն եկաւ նրանց մօտ եւ ասաց. «Ահա այս չարիքը Տիրոջից է. Տիրոջ վրայ էլ ի՞նչ յոյս դնեմ»։

Էջմիածին · HYEJB1994