Չորրորդ Թագավորաց գիրք

7

1Եղիսէէն ասաց. «Տիրոջ խօ՛սքը լսեցէք։ Այսպէս է ասում Տէրը. “Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մօտ մէկ գրիւ ընտիր ալիւրը մէկ սիկղ, եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ պէտք է արժենայ”»։ 2Այն զօրապետը, որի ձեռքին յենւում էր արքան, ասաց Եղիսէէին. «Եթէ Տէրը անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թէ այդպիսի բան կարող է լինել»։ Եղիսէէն ասաց. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։

ԱՍՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է

3Քաղաքի դարպասի մօտ կային չորս բորոտ մարդիկ։ Նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ այստեղ նստենք մինչեւ մեր մահը։ 4Եթէ ասենք՝ “Մտնենք ”, քաղաքում էլ սով է, այնտեղ էլ կը մեռնենք. եթէ այստեղ նստած մնանք, էլի կը մեռնենք։ Արի՛ գնանք ասորիների բանակը։ Եթէ մեզ ողջ թողնեն, կ’ապրենք, իսկ եթէ սպանեն մեզ, թող մեռնենք»։ 5Նրանք մթնշաղին վեր կացան, որպէսզի ասորիների բանակը մտնեն։ Նրանք հասան ասորիների բանակատեղին, սակայն այստեղ մարդ չկար։ 6Տէրն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ եւ մեծ զօրքի աղաղակ լսել տուեց, եւ նրանք իրար ասացին. «Իսրայէլի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագաւորներին, որպէսզի մեզ վրայ յարձակուեն»։ 7Եւ նրանք ելան ու մթութեան մէջ փախան՝ թողնելով իրենց բանակատեղիի վրանները, ձիերն ու էշերը, ինչպէս որ կային։ Նրանք մազապուրծ փախան։ 8Բորոտները հասան մինչեւ բանակատեղիի եզրը, մի վրան մտան, կերան ու խմեցին, վերցրին արծաթ, ու հագուստներ, գնացին եւ տարան թաքցրին դրանք։ Մի այլ վրան մտան եւ այնտեղից էլ վերցրին ու տարան թաքցրին։ 9Նրանք ասացին իրար. «Ճիշտ չէ մեր արածը, այսօր աւետեաց օր է, իսկ մենք լռո՞ւմ ենք։ Մինչեւ առաւօ՞տ սպասենք, որ մեր անօրէնութեան պատիժը կրենք։ Եկէ՛ք գնանք թագաւորի մօտ եւ այս ամէնը յայտնենք նրան»։ 10Նրանք գնացին, ձայն տուեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսւում, միայն ձիեր ու էշեր էին կապուած, իսկ վրանները մնում էին, ինչպէս որ կային»։ 11Դռան պահապանները ձայն տուեցին եւ այդ լուրը հասցրին թագաւորի ։

12Արքան գիշերով ելաւ եւ ասաց իր ծառաներին. «Հիմա ասեմ ձեզ, թէ ասորիները մեզ ինչ են արել։ Գիտենալով, որ սոված ենք, ելել են բանակատեղիից եւ թաքնուել բաց դաշտում՝ մտածելով, որ թերեւս քաղաքից դուրս կը գանք, մեզ կենդանի կը բռնեն, կը մտնեն քաղաքը եւ ապա դուրս կը գան»։ 13Նրա ծառաներից մէկն ասաց. «Թող մարդիկ Իսրայէլի մէջ փոքր քանակով մնացած ձիերից հինգը վերցնեն, գնանք ու հետախուզենք այնտեղ»։ 14Արքան երկու ձիաւոր ուղարկեց ասորիների արքայի բանակատեղի՝ ասելով. «Գնացէ՛ք ու հետախուզեցէ՛ք»։ 15Սրանք գնացին նրանց հետքերով մինչեւ Յորդանան գետը եւ տեսան, որ ամբողջ ճանապարհը լի է հագուստներով եւ իրերով, որ խուճապահար փախչելիս նետել էին ասորիները։ Հետախոյզները վերադարձան ու պատմեցին արքային։

16Ժողովուրդը եկաւ եւ կողոպտեց ասորիների բանակատեղին։ Մէկ գրիւ ընտիր ալիւրը արժեց մէկ սիկղ, իսկ երկու գրիւ գարին՝ մէկ սիկղ, ինչպէս ասել էր Տէրը։ 17Արքան դռան առջեւ հսկիչ կարգեց այն զօրապետին, որի ձեռքին յենւում էր ինքը պաշտամունքի ժամանակ։ Ժողովուրդը դռան մօտ այնքան կոխոտեց նրան, որ նա մեռաւ, ինչպէս ասել էր Աստծու մարդը, երբոր պատգամաւորը նրա մօտ էր եկել։ 18Եղաւ այնպէս, ինչպէս Եղիսէէն ասել էր արքային. «Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մօտ երկու գրիւ գարին մի սիկղ կը լինի, եւ մէկ գրիւ ընտիր ալիւրը՝ մի սիկղ»։ 19Իսկ զօրապետը պատասխանել էր Եղիսէէին. «Տէրը եթէ անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թէ այդպիսի բան կարող է լինել»։ 20Այդ ժամանակ Եղիսէէն ասել էր. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։ 21Այդպէս էլ եղաւ. եւ ժողովուրդը կոխոտեց նրան դռան առաջ, ու նա մեռաւ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն