Չորրորդ Թագավորաց գիրք

8

ՍՈՄՆԱՑԻ ԿՆՈՋ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱՒԱՐՏԸ

1Եղիսէէն, խօսելով այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, ասաց. «Վե՛ր կացէք գնացէ՛ք դու եւ քո տնեցիները, եղէ՛ք պանդուխտ այնտեղ, որտեղ կարող էք ապրել, քանզի Տէրը սով է ուղարկելու երկրի վրայ. դա արդէն եկել է եւ եօթը տարի է տեւելու երկրի վրայ»։ 2Կինը վեր կացաւ եւ արեց այնպէս, ինչպէս Եղիսէէն էր ասել. ինքն ու տնեցիները գնացին եւ եօթը տարի պանդուխտ մնացին այլազգիների երկրում։

3Եօթը տարին լրանալուց յետոյ կինը վերադարձաւ այլազգիների երկրից եւ իր տան ու արտերի համար բողոքի գնաց արքայի մօտ։

4Թագաւորը խօսելով Աստծու մարդ Եղիսէէի սպասաւոր Գէեզիի հետ՝ ասաց. «Պատմի՛ր ինձ Եղիսէէի կատարած բոլոր մեծամեծ գործերը»։ 5Երբ նա պատմում էր արքային, թէ ինչպէս էր Եղիսէէն կենդանացրել մեռեալ որդուն, առաջ եկաւ այդ կինը, որի որդուն կենդանացրել էր Եղիսէէն, եւ արքային ասաց իր տան եւ արտերի մասին։ Գէեզին ասաց. «Տէ՜ր արքայ, այս է այդ կինը, եւ այս էլ՝ նրա որդին, որին Եղիսէէն կենդանացրեց»։ 6Արքան հարցեր տուեց կնոջը, եւ նա պատմեց նրան։ Թագաւորը տուեց նրան մի եւ ասաց. «Վերադարձրո՛ւ նրան նրա ամբողջ ունեցուածքը եւ արտերի այն ամբողջ բերքը, որ ստացուել է նրա պանդխտութեան առաջին օրից մինչեւ այսօր։

ԵՂԻՍԷԷՆ ԵՒ ԱԶԱՅԷԼԸ

7Եղիսէէն եկաւ Դամասկոս։ Ասորիների արքան՝ Ադերի որդին, հիւանդացել էր։ Նրան այդ մասին յայտնելով՝ ասացին. «Աստծու մարդն այստեղ է եկել»։ 8Արքան ասաց Ազայէլին. «Մի ընծա՛յ վերցրու, գնա՛ Աստծու մարդու մօտ, նրա միջոցով Տիրոջը հարցրո՛ւ, թէ կը բուժուե՞մ արդեօք իմ այս հիւանդութիւնից»։ 9Ազայէլը վերցրեց ընծան եւ Դամասկոսի բոլոր բարիքները քառասուն ուղտի վրայ բարձելով՝ գնաց նրան ընդառաջ։ Նա կանգնելով նրա առջեւ՝ ասաց. «Ո՜վ Եղիսէէ, քո որդին, ասորիների արքայ Ադերի որդին, ինձ քեզ մօտ է ուղարկել՝ ասելով, թէ՝ “Արդեօք կը բուժուե՞մ իմ այս հիւանդութիւնից”»։ 10Եղիսէէն ասաց նրան. «Գնա ասա՛, որ կ’ապրի, սակայն Տէրն ինձ ցոյց է տուել, որ կը մեռնի»։ 11Մարգարէի հայեացքը դարձաւ սեւեռուն, դէմքը՝ լարուած, եւ Աստծու մարդը լաց եղաւ։ 12Ազայէլը հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս, տէ՛ր իմ»։ Եղիսէէն ասաց. «Գիտեմ, թէ իսրայէլացիների դէմ ինչ չարիքներ ես գործելու. նրանց ամրոցները հրով պիտի այրես, քաջ մարդկանց սրով պիտի կոտորես, նրանց տղաներին պիտի ոչնչացնես, յղիների փորը պիտի պատռես»։ 13Ազայէլն ասաց. «Քո ծառան ի՞նչ շուն է, որ այդ բաներն անի»։ Եղիսէէն ասաց. «Տէրն ինձ յայտնեց, որ դո՛ւ պիտի թագաւորես ասորիների վրայ»։ 14Ազայէլը գնաց Եղիսէէի մօտից եւ մտաւ իր տիրոջ մօտ։ Սա հարցրեց նրան. «Ի՞նչ ասաց Եղիսէէն»։ Նա պատասխանեց. «Ինձ ասաց, թէ՝ “Անպայման կ’ապրես”»։ 15Հետեւեալ օրը նա մի սաւան առաւ, ջրով թրջեց, փռեց իր երեսին ու մեռաւ։ Նրա փոխարէն թագաւորեց Ազայէլը։

ՅՈՐԱՄԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՒՈՐ

()

16Իսրայէլի արքայ Աքաաբի որդի Յորամի թագաւորութեան հինգերորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Յոսափատ արքայի որդի Յորամը։ 17Երբ նա գահ բարձրացաւ, երեսուներկու տարեկան էր եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում։ 18Նա ընթացաւ Իսրայէլի թագաւորների ճանապարհով, ինչպէս արել էր Աքաաբի տոհմը, քանզի Աքաաբի դուստրը նրա կինն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, 19սակայն Տէրը չկամեցաւ ոչնչացնել Յուդայի երկիրը իր ծառայ Դաւթի սիրուն, որովհետեւ նրան խոստացել էր, որ թէ՛ նրան, թէ՛ նրա սերնդին միշտ ճրագ՝ թագաւորութիւն կը տայ։

20Նրա օրօք Եդոմն ազատագրուեց Յուդայի երկրից եւ իր համար առանձին մի թագաւոր օծեց։ 21Յորամն իր բոլոր մարտակառքերով եկաւ Սիոր եւ առաւօտեան, լոյսը չբացուած, յարձակուեց եդոմացիների վրայ (որոնք իրեն շրջապատել էին), ինչպէս նաեւ նրա մարտակառքերի զօրավարների վրայ։ 22Զինուորները փախան՝ ամէն մէկն իր վրանը։ Եդոմը անջատ մնաց Յուդայի երկրից։ Եւ այդպէս է մինչեւ այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց նաեւ Լոբնան։ 23Յորամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՕՔՈԶԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ

()

24Յորամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր հայրերի մօտ, իր նախնի Դաւթի քաղաքում, եւ նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Օքոզիան։ 25Իսրայէլի արքայ Աքաաբի որդի Յորամի թագաւորութեան տասներկուերորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիան։ 26Երբ Օքոզիան թագաւոր դարձաւ, քսաներկու տարեկան էր։ Նա մէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մայրը Իսրայէլի Ամրի արքայի դուստր Գոթողիան էր։ 27Նա ընթացաւ Աքաաբի տոհմի ճանապարհով, չարիք գործեց Տիրոջ առջեւ, ինչպէս Աքաաբի տունն էր արել, որովհետեւ նա Աքաաբի տան փեսան էր։ 28Նա Աքաաբի որդի Յորամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելու, սակայն ասորիները խոցեցին Յորամին։ 29Յորամ արքան վերադարձաւ, որպէսզի Յեզրայէլում բուժուի այն վէրքերից, որ ասորիները հասցրել էին Ռամաթում ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելու ժամանակ։ Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիան եկաւ Յեզրայէլ Աքաաբի որդի Յորամի տեսութեան, որովհետեւ սա հիւանդացել էր։

Էջմիածին · HYEJB1994