Չորրորդ Թագավորաց գիրք

9

ՅԷՈՒՆ ԻՍՐԱՅԷԼԻ ԹԱԳԱՒՈՐ

1Եղիսէէ մարգարէն կանչելով մի երիտասարդ մարգարէի՝ ասաց նրան. «՛ կապիր մէջքիդ, իւղի այս սրուակը ձեռքդ վերցրո՛ւ, 2գնա մտի՛ր Գաղաադի Ռամաթ քաղաքը, ու երբ տեսնես Ամեսիի որդի Յոսափատի որդի Յէուին, կանչի՛ր նրան իր եղբայրների միջից, նրան մի ներքնասենեակ տա՛ր 3եւ այս սրուակի իւղը նրա գլխին թափելով՝ ասա՛. “Այսպէս է ասում Տէրը. Քեզ Իսրայէլի թագաւոր օծեցի”։ Ապա դուռը բա՛ց արա, էլ մի՛ սպասիր, փախի՛ր»։ 4Երիտասարդ մարգարէն գնաց մտաւ Գաղաադի Ռամաթ քաղաքը եւ տեսաւ, 5որ զօրքի իշխանները նստած են։ Նա ասաց. «Ո՜վ , ունեմ քեզ ասելու»։ Յէուն ասաց. «Մեզնից ո՞ւմ»։ 6Մարգարէն ասաց. «Քե՛զ, ո՜վ իշխան»։ Յէուն եկաւ ու մտաւ սենեակը։ Նա իւղը թափելով նրա գլխին՝ ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Քեզ Տիրոջ ժողովրդի՝ Իսրայէլի թագաւոր օծեցի, 7որպէսզի վերացնես քո տիրոջ՝ Աքաաբի տունը քո միջից եւ իմ ծառայ մարգարէների ու Տիրոջ բոլոր ծառաների արեան վրէժը լուծես Յեզաբէլից ու նրա ամբողջ տնից, 8Աքաաբի տնից ոչնչացնես բոլոր պատին միզողներին, Իսրայէլում կապուած ու ազատ մարդկանց, 9որպէսզի ես Աքաաբի տունը Նաբատի որդի Յերոբովամի տան եւ Աքիայի որդի Բաասայի տան նման դարձնեմ։ 10Յեզաբէլին Յեզրայէլի դաշտերի մէջ շները պիտի ուտեն, քանի որ մարդ չպիտի գտնուի, որ թաղի նրան”»։

11Ապա նա դուռը բացեց ու փախաւ։ Յէուն եկաւ իր տիրոջ ծառաների մօտ, որոնք հարցրին նրան. «՞ լուր է. Այս անմիտն ինչո՞ւ էր եկել քեզ մօտ»։ Նա ասաց նրանց. «Դուք արդէն գիտէք այդ մարդուն եւ նրա բարբաջանքները»։ 12Նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»։ Յէուն նրանց ասաց. «Այսպէս ու այսպէս ասաց ինձ. “Այսպէս է ասում Տէրը. Քեզ Իսրայէլի թագաւոր օծեցի”»։ 13Երբ այդ լսեցին, ամէն մէկն շտապեց իր բաճկոնն առնել եւ աստիճանների գլխին, ուր նստում էին, դրեց նրա տակը։ Եղջերափող հնչեցնելով՝ նրանք ասացին. «Յէուն թագաւոր դարձաւ»։

ՅԷՈՒՆ ԴԱՒԱԴՐՈՒԹԻՒՆ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՅՈՐԱՄ ԹԱԳԱՒՈՐԻ ԴԷՄ

14Ամեսսիայի որդի Յոսափատի որդի Յէուն գլուխ բարձրացրեց Յորամի դէմ, իսկ Յորամը բոլոր իսրայէլացիների հետ ասորիների արքայ Ազայէլից Գաղաադի Ռամաթ քաղաքն էր պաշտպանում։ 15Յորամ արքան ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելու ընթացքում ասորիների հասցրած վէրքերից բուժուելու համար եկել էր Յեզրայէլ։ Յէուն ասաց. «Եթէ հոգով դուք ինձ հետ էք, ապա թող ոչ ոք գաղտնի կերպով դուրս չգայ քաղաքից, որ գնայ այս բանը յայտնի Յեզրայէլում»։ 16Յէուն ձի հեծաւ ու գնաց Յեզրայէլ, ուր Իսրայէլի Յորամ արքան բուժւում էր նետերի վէրքերից, որ նա ստացել էր Ռամաթում ասորիների արքայ Ազայէլի դէմ պատերազմելիս։ Նա զօրաւոր եւ հզօր մարդ էր եւ այնտեղ էր պառկել։ Յուդայի երկրի արքայ Օքոզիան եկել էր տեսնելու Յորամին։ 17Յեզրայէլում մի պահակ աշտարակի վրայ ելաւ ու փոշի տեսաւ, որ Յէուի գալուց էր բարձրանում։ Նա ասաց. «Ես փոշի եմ տեսնում»։ Յորամն ասաց. «Մի հեծեալ վերցրո՛ւ, նրան ընդառա՛ջ ուղարկիր, եւ նա թող հարցնի, թէ խաղա՞ղ նպատակով է գալիս»։ 18Հեծեալը գնաց նրան ընդառաջ եւ ասաց. «Արքան այսպէս է ասում. “Արդեօք խաղա՞ղ նպատակով ես գալիս”»։ Յէուն ասաց նրան. «Քո ինչի՞ն է պէտք խաղաղութիւնը, հետեւի՛ր ինձ։» Աշտարակի պահակն այդ բանը հաղորդելով՝ ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց, բայց չի վերադառնում»։ 19Արքան երկրորդ հեծեալին ուղարկեց, որն ասաց. «Այսպէս է հարցնում արքան, թէ՝ “Արդեօք խաղա՞ղ նպատակով ես գալիս”»։ Յէուն ասաց. «Քո ինչի՞ն է պէտք խաղաղութիւնը, հետեւի՛ր ինձ»։ 20Աշտարակի պահակն այդ բանը հաղորդելով՝ ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց մօտ, բայց չի վերադառնում։ Նրա ձի վարելը Ամեսսիայի որդի Յէուի ձի վարելուն նման է, որովհետեւ կատաղօրէն է քշում»։ 21Յորամն ասաց. «Կառքը լծի՛ր»։ Մարտակառքերը լծեցին, եւ Իսրայէլի արքայ Յորամն ու Յուդայի երկրի արքայ Օքոզիան, ամէն մէկն իր մարտակառքը նստած՝ գնացին Յէուին ընդառաջ եւ նրան հասան Նաբոթ Յեզրայէլացու կալուածքում։

ԻՍՐԱՅԷԼԻ ՅՈՐԱՄ ԱՐՔԱՅԻ ՄԱՀԸ

22Երբ Յորամը տեսաւ Յէուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Յէո՛ւ»։ Յէուն ասաց. «Ի՞նչ խաղաղութիւն, երբ քո Յեզաբէլի պոռնկութիւններն ու կախարդութիւնները շատանում են»։ 23Յորամը սանձերը շուռ տալով՝ փախաւ եւ ասաց Օքոզիային. «Դաւադրութիւն է, Օքոզիա՛»։ 24Յէուն քաշեց աղեղը, հարուածեց Յորամի թիկունքի մէջտեղը, նետը մտաւ նրա սիրտը, եւ նա ընկաւ իր ծնկների վրայ։ 25Յէուն ասաց իր զինակիր Բադեկարին. «Սրան գցի՛ր Նաբոթ Յեզրայէլացու կալուածքի մի արտը, քանզի յիշում եմ, որ, երբ ես ու դու դրա Աքաաբի յետեւից ձի հեծած կողք-կողքի գնում էինք, Տէրը նրա նկատմամբ այս վճիռը տուեց. 26“Ես, - ասաց Տէրը, - երէկ տեսայ Նաբոթի ու նրա որդիների արիւնը. Դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”։ Արդ, վերցրո՛ւ նրան ու նետի՛ր այդ արտը, ինչպէս ասել է Տէրը»։

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՕՔՈԶԻԱ ԹԱԳԱՒՈՐԻ ՄԱՀԸ

27Յուդայի երկրի արքայ Օքոզիան, տեսնելով այդ, փախաւ Բեթանգան տանող ճանապարհով, բայց Յէուն հետապնդելով նրան՝ ասաց. «Ապա, դրա՛ն էլ սպանիր»։ Եւ նա նրան խոցեց մարտակառքում, երբ սա բարձրանում էր Բերայի, այսինքն՝ Յեբլաամի զառիվերը։ Նա փախաւ Մակեդդով եւ այնտեղ մեռաւ։ 28Ծառաները նրան տարան եւ այնտեղ թաղեցին իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում։

29Իսրայէլի արքայ Յորամի թագաւորութեան տասնմէկերորդ տարում էր թագաւորել Օքոզիան Յուդայի երկրի վրայ։

ՅԵԶԱԲԷԼ ԹԱԳՈՒՀՈՒ ՄԱՀԸ

30Յէուն եկաւ Յեզրայէլ։ Յեզաբէլն այդ լսելով՝ իր աչքերին ծարիր քսեց, իր գլուխը զարդարեց ու նայեց պատուհանից դուրս։ 31Երբ Յէուն էր մտնում, նա ասաց. «Մի՞թէ տիրասպան Զամբրին խաղաղութեամբ է գալիս»։ 32Յէուն իր գլուխը բարձրացնելով դէպի պատուհանը՝ ասաց. «Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մօտ»։ Երկու ներքինիներ կռացան ու ցած նայեցին, 33եւ Յէուն ասաց նրանց. «Ցա՛ծ գցեցէք սրան»։ Ցած նետեցին այդ կնոջը. Նրա արիւնը պատերի ու ձիերի վրայ ցայտեց, եւ ձիերը ոտքի կոխան արեցին նրան։ 34Յէուն մտաւ ներս եւ ուտելուց ու խմելուց յետոյ ասաց. «Վերցրէ՛ք այդ անիծեալին ու թաղեցէ՛ք նրան, քանզի թագաւորի դուստր է»։ 35Գնացին նրան թաղելու, սակայն նրանից ոչինչ չգտան, բացի գանգից, ոտքերից ու ձեռքերից, 36եւ վերադառնալով՝ այդ մասին յայտնեցին Յէուին։ Նա ասաց. «Իրականացաւ Տիրոջ այն խօսքը, որ ասուել էր Եղիա Թեզբացու բերանով, թէ՝ “Յեզրայէլի կալուածքում շներն ուտելու են Յեզաբէլի մարմինը, 37Յեզաբէլի դիակը այդ կալուածքի հողի երեսին լինելու է իբրեւ աղբ, այնպէս որ ոչ ոք չկարողանայ ասել, թէ՝ ՛՛Սա է Յեզաբէլը՛՛»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն