Բ Մակաբայեցիներ

11

ԼԻՒՍԻԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՇԱՒԱՆՔԸ

1Երբ քիչ ժամանակ անց այդ մասին լսեց արքայի հազարապետ Լիւսիասը, խիստ զայրացաւ, վրէժխնդրութեամբ լցուեց կատարուած դէպքերի համար։ 2Նա զօրք ժողովեց, ութսուն հազար զինուոր հաւաքեց, ութսուն հազարանոց զօրքի հետ վերցրեց իր ունեցած ամբողջ հեծելազօրը, նրանց իր հետ առնելով յարձակուեց եբրայեցիների վրայ այն մտադրութեամբ, որ նրանց գլխաւոր քաղաքը վերածի հեթանոսների բնակավայրի, 3սրբութեան տաճարը միւս մեհեանների նման դարձնի հարկատու, իսկ քահանայապետութեան պաշտօնը ամէն տարի լինի վաճառքի ենթակայ։ 4Նա անտեսելով Աստծու զօրութիւնը, հազարաւոր հետեւակ զինուորներ, հեծելազօր եւ փղեր հաւաքելով՝ գոռոզամտութեամբ առաջ էր շարժւում։

5Երբ Հրէաստան մտաւ ու մօտեցաւ Երուսաղէմից հինգ ասպարէզ հեռու գտնուող Բեթսորի բերդին, հազարաւոր զինուորներով շրջապատեց բերդը եւ սկսեց ճնշում գործադրել։ 6Երբ մակաբայեցիներն իմացան իրենց բերդի պաշարման մասին, ժողովրդի հետ ողբալով ու արտասուելով աղաչում էին Աստծուն, որ հրեշտակ առաքի իսրայէլացիներին փրկելու համար։ 7Մակաբայեցին նախ ինքը զէնք վերցրեց, զօրքին հրաման տուեց սպառազինուել, կազմ ու պատրաստ լինել, նեղութիւն յանձն առնելով՝ օգնութեան հասնել նեղութեան մէջ գտնուող եղբայրներին։ 8Այդ ժամանակ նրանք միաբան, միահամուռ սպառազինուելով՝ առաջ գնացին։ Երբ նրանք հասան քաղաքի մերձակայքը, նրանց առաջ եկաւ իջաւ ոսկէ զէնքերով սպառազինուած, սպիտակ ձի հեծած մի մարդ։ Նա նիզակ էր ճօճում ու պատրաստւում էր յարձակում գործել։ 9Բոլորը, գօտեպնդուած, օրհնեցին ողորմած Աստծուն եւ այդպէս քաջալերուած ու ոգեւորուած՝ յարձակման անցան։ Կարծես գնում էին ոչ թէ մարդկանց վրայ յարձակուելու, այլ հանդիպել էին սոսկալի գազանների, դէմ էին առել երկաթէ պարիսպների եւ ուզում էին հարուածել, կոտորել, կործանել, թափով անցնել, համարձակ յարձակուել՝ 10ընդունելով երկնային նիզակակցի ողորմածութիւնը։ 11Քաջի պէս, առիւծի նման յարձակուեցին բանակի վրայ եւ նոյն տեղում էլ հարուածելով՝ դիաթաւալ արեցին տասնմէկ հազար ընտիր զինուոր, հազար վեց հարիւր հեծեալ 12եւ ամբողջ զօրքը փախուստի մատնեցին։ Նրանցից շատերը ծանր վիրաւորուելով՝ տկար ու տկլոր փախան-փրկուեցին։ Լիւսիասը գլխիկոր, մազապուրծ փախաւ։ 13Կարծես ինքը եղած չլինէր այդ ապիկարութեան պատճառը։ Նա խօսում էր ինքն իր հետ եւ մտածում, որ եբրայեցիներն անյաղթելի են, քանի որ հզօր օգնում է նրանց։ Լիւսիասը պատգամաւորներ ուղարկեց նրանց մօտ, որ նրանց իրաւունքները հաշուի առնելով՝ հաշտութիւն կնքի,

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԴԱՇԻՆՔ ՀՐԵԱՆԵՐԻ ՀԵՏ

14յանձն առաւ թագաւորի համաձայնութիւնն ստանալ ու համոզել թագաւորին, որ բարեկամանայ նրանց հետ։ 15Յուդան, յանուն հասարակութեան շահերի, համաձայնեց այն պայմաններին, որ ժամանակին առաջարկել էր Լիւսիասը։ Արքան թոյլ տուեց անել այն, ինչ հրեաների վերաբերեալ պահանջել էր Մակաբայեցին Լիւսիասին գրած նամակում։ 16Հրեաներին գրուած նամակներն ունէին այս բովանդակութիւնը. 17«Լիւսիասը ողջունում է հրեաների բանակին։ Յովհաննէսն ու Աբեսալոմը, որոնց դուք ուղարկել էիք մեզ մօտ, մեզ յանձնեցին ձեր նամակը եւ խնդրեցին այն, ինչ գրուած է նրա մէջ։ Ինչ արժանի էր թոյլ տալու, թոյլ տուեցի, 18ինչ պէտք էր ցոյց տալ թագաւորին, ցոյց տուեցի, որպէսզի ձեզ թոյլատրուի անել այն, ինչ թոյլատրելի է։ 19Մենք եւ դուք պէտք է հոգ տանենք միմեանց նկատմամբ, ուստի սրանից յետոյ կը ջանամ բարիք անել ձեզ։ 20Յետագայ գործերի մասին պատուիրեցինք, որ խօսեն ձեզ հետ։ Ո՛ղջ եղէք։ 21Հարիւր քառասունութ թուականին, Որմիզդի տօնի օրը, ամսի քսանչորսին»։

22Իսկ արքունի հրովարտակը գրուած էր այսպէս. «Անտիոքոս արքան ողջունում է Լիւսիասին։ 23Երբ մեր հայրը գնաց աստուածների մօտ, կամեցանք, որ մեր թագաւորութեան ենթակայ ժողովուրդները խռովութիւն չբարձրացնեն։ 24Հրեաներից աւելի ո՞վ խախտեց այդ օրէնքը։ Նախ նրանք չենթարկուեցին հեթանոսութիւն ընդունելու իմ հօր առաջարկութեանը, այլ խնդրեցին, որ թոյլ տանք պաշտել իրենց օրէնքները։ 25Որպէսզի այս ազգը խռովութիւն չբարձրացնի, մենք յանձն առանք եւ հրաման տուեցինք իրենց տաճարը իրենց վերադարձնել եւ թոյլ տալ, որ ապրեն ըստ իրենց նախնիների օրէնքների։ 26Արդ, լաւ կ’անես, եթէ մարդ ուղարկես նրանց մօտ, պայման կապես ու դաշինք կնքես, որ նրանք հասկանան, թէ մենք հոգ ենք տանում նրանց համար, ուրախանան, յօժարակամ, բարեացակամ դառնան նրանց նկատմամբ, ովքեր յարգում են իրենց օրէնքները»։

27Ժողովրդին ուղղուած արքունի հրովարտակը գրուած էր այսպէս. «Անտիոքոս արքան բարեկամաբար ողջունում է հրեաների ծերակոյտին, հրեայ զինուորներին ու զօրքերին։ 28Ո՛ղջ եղէք, եւ եթէ ամէն ինչ լինի այնպէս, ինչպէս մենք ենք կամենում, ապա մենք էլ ողջ կը մնանք։ 29Լիւսիասը մեզ այնպէս տեղեկացրեց, թէ դուք ուզում էք իջնել Երուսաղէմում գտնուող հրեաների մօտ։ 30Ովքեր այժմ կարող են գնալ, դրանց թող դա թոյլատրուի մինչեւ Ահեկան ամսի երեսունը։ 31Հրեաների հետ կնքուած դաշինքի համաձայն, թող թոյլ տրուի, որ նրանք առաջուայ նման դաւանեն իրենց կրօնն ու օրէնքները, եւ ոչ ոք թող նրանց նեղութիւն չտայ որեւէ ձեւով։ 32Մենք ուղարկում ենք Լիւսիասին ուՄենելաւոսին, որ ձեզ մխիթարեն։ Ո՛ղջ եղէք։ 33Հարիւր քառասունութ թուական, Ահեկան ամսի տասնհինգ»։

34Հռոմէացիները նոյնպէս ուղարկեցին այսպիսի նամակ. «Կոյինդոս Մեմիոսն ու Տիտոս Մանիոսը՝ հռոմէացիների գլխաւորները, ողջունում են եբրայեցի ժողովրդին։ 35Ինչ արտօնութիւն որ տուել է ձեզ թագաւորի եղբայր Լիւսիասը, մենք նոյնպէս համաձայն ենք։ 36Ինչ որ արժանի էք համարում հաղորդել արքային, իմաստութեամբ խորհելուց յետոյ արա՛գ հաղորդեցէք մեզ, որպէսզի որեւէ կերպ կարողանանք ձեզ օգտակար լինել, որովհետեւ մենք ահա շուտով գնալու ենք անտիոքացիների քաղաքը։ 37Դրա համար էլ դուք շտա՛պ ուղարկեցէք մէկին, որ մենք էլ իմանանք, թէ դուք ինչ էք խորհում։ Ո՛ղջ եղէք։ 38Այս դաշինքը կնքուեց քառասունութ թուականին Որմիզդի տօնին»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն