Բ Մակաբայեցիներ

13

ԱՆՏԻՈՔՈՍԻ ԵՒ ԼԻՒՍԻԱՍԻ ԱՐՇԱՒԱՆՔԸ

1Հարիւր քառասունինը թուականին, Յուդա Մակաբայեցու ժամանակ 2Անտիոքոսը Լիւսիասի հետ բազմաթիւ զօրքերով եկաւ Հրէաստան։ Նա ունէր հարիւր տասը հազար վահանակիր զինուորներ, հինգ հազար երեք հարիւր հեծեալներ, քսաներկու փղեր եւ երեք հարիւր գերանդակիր մարտակառքեր։ 3Շմաւոնն իրեն խելօք կարծելով՝ ընկել էր նրանց մէջ, որ աշխարհի խաղաղութեան մասին բարեխօսի, մինչդեռ իր մտքի խորհուրդը երկրի քահանայապետութիւնը ստանալն էր։ 4Արքայից արքան խիստ շարժել էր Անտիոքոսի բարկութիւնը Շմաւոնի դէմ, մանաւանդ Լիւսիասը հաստատեց, որ այս Շմաւոնն է այդ երկրում կատարուող բոլոր չարագործութիւնների պատճառը, ուստի հրաման տուեց, որ բռնեն նրան ու տեղի օրէնքի համաձայն ոչնչացնեն։ 5Այդտեղ կար յիսուն կանգուն բարձրութեամբ մի աշտարակ, որը լցուած էր մոխրով։ Նա ունէր ձագարաձեւ, պտտուող մի գործիք։ 6Դուռը շինել էին այնպէս, որ բացւում էր հակառակ՝ դէպի ներսի, մոխրի կողմը։ Նրա մէջ էին նետում այն յանցագործին, որ տաճարին վնաս էր տուել կամ այլ մեծամեծ չարիքներ էր գործել։ 7Հրամայեցին այսպիսի պատժով մէջտեղից վերացնել անօրէն Շմաւոնին, 8որ երկրի վրայ արժանի չլինի հողի ու պատանքի։ Քանի որ նա բազում չարիքներ էր գործել այն սեղանի հանդէպ, ուր պահւում էին սուրբ կրակն ու աճիւնը, դրա համար էլ նա մոխրահեղձ մահով գտաւ իր վախճանը։

ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ՅԱՂԹԱՆԱԿԸ ՄՈԴԻԻՄԻ ՄՕՏ

9Անտիոքոս արքան պատրաստուեց աւելի վայրենի տանջանքների ենթարկել հրեաներին, քան իր հայրը։ 10Երբ դա իմացաւ Յուդան, ժողովրդին պատուիրեց, որ գիշեր-ցերեկ կանչեն Տիրոջ անունը, որ Նա, ինչպէս նախկինում, հիմա էլ լինի օգնական այն մարդկանց, 11ում ուզում են հեռացնել իրենց հայրերի օրէնքներից ու սուրբ տաճարից, իրենց չմատնի անօրէն հեթանոսների ձեռքը։ 12Երբ բոլորն առհասարակ արտասուելով ու ծոմ պահելով միահամուռ այս ուխտը կատարեցին, երեք օր անընդհատ գետին ընկած արեցին, այն ժամանակ Յուդան յորդորեց նրանց, որ պատրաստ լինեն։ 13Նա առանձին հաւաքեց ժողովրդի ծերերին, խորհուրդ արեց։ «Քաղաքներն ամրացնենք, - ասաց, - քանի դեռ թագաւորի զօրքերը Հրէաստան չեն մտել։ 14Աստծու կամքով մենք քաջութեամբ ելնենք, կեանքի եւ մահու կռիւ մղենք ի պաշտպանութիւն քաղաքի, օրէնքների, տաճարի, երկրի ու տէրութեան»։ Երբ այս բանն ասաց, անմիջապէս զօրքով արշաւեցին Մոդիիմ քաղաքի կողմերը. նա բանակատեղի էր հաստատում, զինանշան էր բաշխում, 15իր անձը, զօրքն ու բանակի յաղթութիւնը յանձնում Աստծուն։ Նա ընտրեց Արիստիդէսին, լաւ սպառազինուած երիտասարդներ, գիշերով խուժեց թագաւորի բանակի մէջ, մտաւ վրանը, կոտորեց մօտ չորս հազար գիշերային պահակներ, սպանեց առաջնորդող փղին ու փղապետին եւ առհասարակ դռան բոլոր պահապաններին դիաթաւալ գետին տապալելով՝ վերադարձաւ։ 16Այն ժամանակ ամբողջ բանակը խառնաշփոթութեամբ ու սարսափով բռնուեց։ 17Բոլորը յուսալքուած, թուլացած, ուժասպառ եղած ու տարակուսած՝ դիմաւորեցին առաւօտը։

ԱՆՏԻՈՔՈՍԸ ՀԱՇՏՈՒԹԻՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ՀՐԵԱՆԵՐԻՑ

18Թագաւորը եբրայական բանակի այսպիսի համարձակութիւնն ու խիզախութիւնը երկնքի օգնութեանը վերագրելով՝ աշխատեց խորամանկութեամբ նոյնպիսի մի հարուած հասցնել նրանց, բայց անյաջողութիւն կրեց։ 19Նա Բեթսոր արշաւելով՝ պաշարեց այն, ասպատակեց, բայց այդտեղ էլ հարուածներ ստանալով՝ պարտութիւն կրեց, 20որովհետեւ ներսում գտնուողներին Յուդան ինքը գաղտնի պահեստներից նետ, զէնք, մթերք էր մատակարարում։ 21Հրեաների գնդից Ռոդոկ անունով մէկը այս գաղտնիքը յայտնեց թշնամուն։ Փնտռեցին, գտան նրան ու պատժեցին. նա սրի դարձաւ։ 22Երբ թագաւորին յայտնի դարձաւ, թէ բերդում գտնուողները ուժեղ են, ուժի գործադրումից հրաժարուելով՝ սկսեց խորամանկօրէն համոզել բերդում գտնուողներին, թէ դաշինք է առաջարկում, խոստանում է հրաժարուել բերդերը գրաւելուց, 23մինչդեռ յարձակուեց Յուդայի բանակի վրայ, բայց երկու կողմից էլ անյաջողութիւն կրելով՝ ընկրկեց։ Երբ դրանից յետոյ նրան յայտնեցին, թէ Փիլիպպոսը ստոր արարք է կատարել՝ երկրում շրջագայելով արքունի գործերին վերաբերող կարգադրութիւններ է արել, թուլացաւ, յուսալքուեց, տրտմեց եւ եբրայեցիներին խնդրեց համաձայնութեան գալ։ Ուխտ դրեց, տուեց, որ նրանց բոլոր իրաւունքները կը վերականգնի։ Խաղաղութեան դաշինք կնքեց, զոհ մատուցեց ու պատիւ տուեց տաճարին։ Նա քաղցր սիրով գթութիւն եւ մարդասիրութիւն ցոյց տուեց նրանց բոլոր վայրերում, 24փառաբանեց Մակաբայեցուն եւ նրան աւելի հարուստ դարձրեց, քան առաջ էր։ Այնտեղ՝ Դորայից մինչեւ Գերար, սպարապետ նշանակեց Հեգեմոնիդէսին, 25իսկ ինքն եկաւ մտաւ Պտղոմայիս։ Քաղաքի բնակիչները խիստ զայրացել էին, որ նա խաղաղութեան դաշինք է կնքել։ Նրանք չէին հանդարտւում, խռովութիւն էին պատրաստում նրա դէմ, ստիպում, որ չեղեալ յայտարարի հաշտութեան համաձայնութիւնը։ 26Եկաւ Լիւսիասն ինքը, մօտեցաւ, ողջախոհութեամբ համոզեց նրանց, մեղմացրեց։ Անտիոքոսը նորից վերադարձաւ անտիոքացիների կողմերը։ Ահա այսպիսի վախճան ունեցաւ ասպատակող թագաւորի այս արշաւանքը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն