Բ Մակաբայեցիներ
14
ԱԼԿԻՄՈՍ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ԶՐՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ
1Երեք տարի անց Սելեւկիոսի որդի Դեմետրիոսը մեծ բանակով յարձակուեց եբրայեցիների Երեքքաղաքեան նաւահանգստի վրայ։ 2Բազմաթիւ զինուորներով նա խուժեց երկիր, որպէսզի արտաքսի-հեռացնի Անտիոքոսին ու սրա եղբայր Լիւսիասին։ 3Նախկինում եղել էր Ալկիմոս անունով մի քահանայապետ, որը խառնակ ժամանակներում իր կամքով պղծուել ու դարձել էր հեթանոս. սա միտք արեց ու ասաց. «Ինչ էլ լինի, չեմ կարող փրկութիւն գտնել, չեմ կարող այլեւս մօտենալ սուրբ զոհասեղանին»։ 4Հարիւր յիսունմէկ թուականին նա եկաւ կանգնեց Դեմետրիոս արքայի առաջ, նրան նուիրեց ոսկէ պսակ ու արմաւենու տերեւ եւ, ի պատիւ մեհեանի, ձիթենու թաւ ճիւղեր։
5Այդ օրը նա լուռ մնաց. իր անմտութիւնը իրագործելու համար յարմար ժամանակի էր սպասում։ Մի օր Դեմետրիոսը նրան կանչելով խորհրդի՝ հարցրեց. «Հրէաստանի եբրայեցիները ի՞նչ օրէնք են դաւանում, ի՞նչ են կամենում, ի՞նչ են խորհում մեր մասին»։ 6Նա այսպէս պատասխանեց. «Հրեաների մէջ ասիդացի կոչուողները, որոնց սպարապետ ու զօրավար է հռչակել իրեն Յուդա Մակաբայեցին, զօրք են կազմել, պատրաստւում են պատերազմի, անընդհատ հրահրում են ժողովրդին եւ թոյլ չեն տալիս, որ խաղաղութեամբ հնազանդուեն ձեր տէրութեանը։ 7Դրա համար էլ ես, ահա, զրկուած իմ հայրենի փառքից՝ քահանայութիւնից, եկել հասել եմ քեզ մօտ։ 8Նպատակս է նախ՝ արքունի գործերի մասին սրտացաւութիւնս յայտնել եւ ապա՝ իմ մտահոգութիւնը մեր մասին։ Այդ մարդկանց անմտութեան պատճառով խիստ անհանգստացած եկել հասել եմ քեզ մօտ, որովհետեւ մեր անմեղ ամբողջ ժողովուրդն իզուր խռովքի մէջ է։ 9Թէ ինչ նպատակներ ու մարդասիրական ցանկութիւններ ունէք տարբեր կողմերի ու ամբողջ աշխարհի նկատմամբ, այդ բոլորը քաջ գիտեմ։ 10Քանի Յուդան կենդանի է, անհնար է, որ Հրէաստանում արքունի գործերը խաղաղ ընթանան»։ 11Երբ նա այս խօսքերն ասաց նրա մասին, Յուդայի նկատմամբ թշնամական ոխ ունեցող աւագանին առաւել եւս զայրացրեց թագաւորին։ 12Սա հրամայեց անմիջապէս կանչել փղապետ Նիկանորին, նրան զօրք յանձնեց ու նշանակեց Հրէաստանի կողմերի սպարապետ։ 13Նրա հետ ուղարկեց մեծ սպառազինութիւն՝ խստագոյնս պատուիրելով, որ Յուդային անձամբ կենդանի բռնի, նրա գունդը այս ու այն կողմ ցրի եւ Ալկիմոսին նշանակի տաճարի քահանայապետ։ 14Յուդայի պատճառով Հրէաստանից փախած մարդիկ պառակտուած եկան խառնուեցին Նիկանորի գնդին։ Սրանք հրեաների դժբախտութիւնը իրենց համար մխիթարութիւն էին համարում։
15Երբ հրեաները լսեցին Նիկանորի արշաւանքի ու հեթանոսների այդ առաջխաղացման մասին, հող էին լցնում իրենց գլխին, թաւալւում էին գետնին, օգնութիւն հայցում Տիրոջից, որ ի սկզբանէ յաւիտեանս հաստատել էր իր ժողովրդին եւ ամէն անգամ բացայայտ օգնութեան ձեռք էր մեկնել իրենց։ 16Երբ զօրավարը հրաման տուեց, Դեսաոմ գիւղում անմիջապէս նրան ընդառաջ գնաց 17Յուդայի եղբայր Շմաւոնը, որը ելաւ Նիկանորի դէմ, բայց նիզակակիցների փոքրիկ խումբը անզգոյշ լինելու պատճառով պարտութիւն կրեց։ 18Նիկանորը, սակայն, լսել էր այդ մարդկանց քաջութեան, յանուն իրենց երկրի մղած մարտերում նրանց ցուցաբերած խիզախութեան մասին։ Նա վախենում էր գործն աւարտել արիւնալի դատաստան տեսնելով։ 19Դրա համար նա մարդ ուղարկեց, կանչեց Պոսիդոնիոսին, Թէոդոտոսին ու Մատաթիասին, որպէսզի սրանք համոզեն հրեաներին, որ դաշինք կնքեն։ 20Բազմաթիւ առարկութիւններ ու տարակարծութիւններ եղան, բայց երբ զօրապետը շատերին համոզեց, զինուորներն էլ միաձայն յանձն առան հաշտութիւն կնքել։ 21Պայման դրեցին ու դաշինք կնքեցին։ Ժամկէտ նշանակեցին, թէ երբ մի տեղ հաւաքուելով պէտք է հաստատեն դաշինքը։ Եկան իրար մօտ, նստեցին աթոռներին, խորհուրդ արեցին ու դաշինք կնքեցին։ 22Յուդան իր գնդին հրաման էր տուել, որ կազմ ու պատրաստ զինուեն, դարանամուտ լինեն, չլինի թէ թշնամին յանկարծ մի չար դաւ նիւթած լինի։ Այսպէս զգուշութեամբ միմեանց հետ օրինական դաշինք կնքեցին։ 23Նիկանորը մտաւ Երուսաղէմ ու շրջագայեց այնտեղ առանց անկարգ ու անօրէն որեւէ բան կատարելու։ Իր մօտ կուտակուած խառնիճաղանջ բանակի զինուորներին ուղարկեց իրենց տեղերը։ 24Նիկանորը Յուդայի հետ սիրալիր ու յարգանքով էր վերաբերւում։ 25Խնդրեց, որ Յուդան իր ազգից կին առնի, զաւակ ունենայ, որպէսզի միմեանց նկատմամբ յարգանք լինի։ Յուդան համաձայնեց, ու նրանք բարեկամացան։
ՆԻԿԱՆՈՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՒԵՐԵԼ ՏԱՃԱՐԸ
26Երբ Ալկիմոսը տեսաւ նրանց միաբանութիւնը եւ միմեանց հետ կնքած դաշինքը, անմիջապէս եկաւ Դեմետրիոսի մօտ։ Նա ամբաստանեց Նիկանորին եւ ապացուցում էր, որ նա արքունական օրէնքի նկատմամբ խորթ, թշնամական մտադրութիւններ ունի, քանի որ արքունական գործերի դէմ գնացող մի մարդու իբրեւ որդեգիր ժառանգ է դարձրել եւ նշանակել իր փոխանորդը։ 27Երբ թագաւորը լսեց անօրէն բանսարկուի այս խօսքերը, խիստ զայրացաւ։ Թագաւորը հրամայեց հրովարտակ արձակել, որ ինքը համաձայն չէ միաբանութեան դաշինքին։ Նոյն հրովարտակում նա հրամայում էր, որ Մակաբայեցուն, ոտքերն ու ձեռքերը կապկպած, բերեն հասցնեն անտիոքացիների քաղաքը։ 28Երբ այս ամէնը յայտնի դարձաւ Նիկանորին, նա մտամոլոր ու գլխահակ դարձաւ, տրտմեց, որ դաշինքը կեղծիք է դառնալու, ուխտը՝ իզուր մի բան։ Այդ արդար մարդը ոչ մի վնաս չէր ուզում պատճառել։ 29Բայց քանի որ թագաւորի հրամանն անտեսել չէր կաող, սպասեց յարմար առիթի, որպէսզի հնարագիտութեամբ կատարի թագաւորի հրամանը։ 30Երբ Մակաբայեցին տեսաւ, որ Նիկանորը ինչ-որ նենգութիւն է նիւթում, հպատակութեան օրէնքը շատ խիստ ու կոպտօրէն է կիրառում իր նկատմամբ, Նիկանորի յանդգնութիւնը չար բան համարեց։ Եւ քանի որ նա շատ մարդկանց էր լարել իրար դէմ, ուստի ելաւ գնաց Նիկանորի մօտից։ 31Երբ Նիկանորը տեսաւ, որ նրան չի կարողանում իր ձեռքը գցել այնպէս, ինչպէս ինքն էր կամենում, եկաւ սրբութեան տաճարը՝ քահանաների մօտ, երբ սրանք զոհեր էին մատուցում։ Նա պահանջում էր նրանցից, որ անմիջապէս իրեն յանձնեն այդ մարդուն։ 32Սրանք երդուելով ասացին. «Այդ մարդուն մենք չենք էլ տեսել»։ Նա ձեռքը մեկնեց դէպի տաճար ու այսպէս երդուեց. 33«Եթէ Յուդային, ոտքերն ու ձեռքերը կապած, ինձ չյանձնէք, Աստծու այս տաճարը գետնին կը հաւասարեցնեմ, զոհասեղանը կը կործանեմ, նուիրական այս տաճարը Որմիզդի աստուածների մեհեան կը դարձնեմ»։ 34Այս խօսքերն ասաց նա ու ելաւ գնաց։ Քահանաները ձեռքերը դէպի երկինք պարզեցին, դիմեցին Նրան, ով բոլոր ժամանակներում իրենց ազգի օգնականն ու պաշտպանն էր եղել, եւ ասացին. 35«Դու, ո՜վ ամէն բանի Տէր, որ ոչ մի բանի կարիք չունես եւ ամէն ինչով լի ես, կամեցար, որ քո բնակութեան տաճարը հաստատուի մեր մէջ։ 36Արդ, քո բոլոր սրբութիւններով, Տէ՜ր, յաւիտեան պահպանի՛ր նորոգ սրբագործուած քո այս տաճարը»։
ՌԱՔՍԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
37Երուսաղէմի զօրքի, ժողովրդի ծերերի մէջ կար Ռաքս անունով մէկը, որին խիստ ընկերասէր, մարդասէր, բարեհամբոյր եւ բարեհամբաւ, բարեսիրտ ու հոգատար լինելու պատճառով եբրայեցիների հայր էին անուանում։ 38Հին ժամանակ, հրէութեան օրէնքների նկատմամբ անխառն, մաքուր հոգով ու մարմնով նախանձախնդիր մարդ էր նա եւ իրեն նուիրել էր իր ազգի ազատութեանը։ 39Երբ Նիկանորը ցանկացաւ իր բացայայտ թշնամութիւնը յայտնել հրեաների նկատմամբ, աւելի քան հինգ հարիւր զինուոր յատկացրեց, որպէսզի գնան ու բռնեն նրանց, որովհետեւ այսպէս էր մտածում. 40«Եթէ կարողանամ դրանց ընկճել, մեծ գործ կատարած կը լինեմ այս քաղաքում»։ 41Երբ զինուորները հասան ու պաշարեցին աշտարակը եւ դարպասի վրայ ուժ գործադրեցին, միմեանց ձայն տուին, որ կրակ բերեն, դարպասներն այրեն։ 42Երբ այդ մարդը, տագնապած, տեսաւ, որ իրեն պիտի բռնեն, սուրը խրեց իր պորտի տակ. նա գերադասեց ազատ մեռնել, քան անօրէնների ձեռքն ընկնել, պղծել իր հոգու ազնուութիւնը։ 43Քանի որ զօրքը դարպասից ներս էր խուժել եւ բռնուելու վտանգը մօտենում էր, շտապելուց նրա հարուածը մահացու չէր եղել։ Նա ուզեց վեր բարձրանալ եւ իրեն պարսպի բարձրութիւնից նետել ցած։ 44Երբ ներքեւում գտնուողները տագնապահար այս ու այն կողմ ընկան, եւ ամբոխը նրանից հեռացաւ, նա սուրը դրեց ու պառկեց վրան։ 45Քանի դեռ շնչում էր, նա ուժ առաւ ու ոտքի կանգնեց բարկութեամբ լցուած, թէեւ արիւնը գունդ-գունդ հոսում էր, եւ վէրքը գնալով մեծանում։ Ամբոխն այս ու այն կողմ ցրուեց։ 46Նա ելաւ կանգնեց երկու կողմից երեւացող մի ցից ժայռի վրայ, թեքուեց, իր ձեռքերի մէջ առաւ արնաթաթախ աղիքները, ցոյց տուեց երկնքին եւ դիմելով կենդանի հոգիների ու մարմինների Տիրոջը՝ ասաց. «Այս հատուցմա՛մբ հատուցիր նրան»։ Եւ նա այսպէս հրաժեշտ տուեց աշխարհին։