Բ Մակաբայեցիներ
15
ՆԻԿԱՆՈՐԸ ԱՐԳԵԼՈՒՄ Է
ՊԱՀԵԼ ՇԱԲԱԹԸ՝ ՀԱՆԳՍՏԵԱՆ ՕՐԸ
1Երբ Նիկանորն իմացաւ, որ Յուդայի զինուորները սամարացիների կողմերում են, որոշեց, որ շաբաթ՝ հանգստեան օրը կը յարձակուի նրանց վրայ։ 2Նիկանորը բռնի տարաւ իր մօտ գտնուող հրեաներին։ Սրանք սկսեցին աղաչել ու ասացին. «Տէ՛ր, քո կամքն այդպէս խիստ ու դաժանօրէն մի՛ կատարիր, այլ փա՛ռք տուր, յարգի՛ր այս օրը, որ սուրբ Ամենակալն է իբրեւ հանգստեան օր սահմանել»։ 3Այն ժամանակ անօրէնն սկսեց հարցնել ու ասաց. «Մի՞թէ երկնքում գոյութիւն ունի Ամենակալ Աստուած, որը հրամայել է ձեզ շաբաթ օրը նուիրական պահել»։ 4Նրանք պատասխանեցին ու ասացին. «Այո՛, գոյութիւն ունի ամենազօր, կենդանի Տէր, որը հրամայել է նուիրական պահել շաբաթուայ եօթներորդ օրը»։ 5Ամենաժանտ այդ մարդն արհամարհանքով ասաց. «Իսկ ես ամենազօր եմ այս երկրի վրայ, որ հրամայում եմ գործել զէնքով ու զրահով եւ կատարել արքունական ծառայութիւն»։ Այդ անօրէնը չէր հրաժարւում իր գոռոզամտութիւնից։ 6Նիկանորը յամառօրէն որոշել էր յարձակուել Յուդայի մարդկանց վրայ, կոտորել եւ յաղթութեան նշան կանգնեցնել։ 7Մակաբայեցին ամէն ժամ յոյսը դնում էր Տիրոջ վրայ, որ երբեք չէր դադարում նրան օգնելուց։ 8Նա յուսադրում էր իր հետ գտնուողներին եւ ասում. «Չվախենաք, չսարսափէք անօրէն հեթանոսներից։ Նախնիների քաջագործութիւնները յիշելով՝ յարձակուեցէ՛ք, որովհետեւ երկնքից է գալու ձեր օգնութիւնը։ Ապաւինեցէ՛ք այն յաղթութեանն ու մխիթարութեանը, որ Տէրն է առաքելու»։ 9Օրէնքներով ու մարգարէներով նա քաջալերում էր նրանց՝ յիշեցնելով նրանց մղած պատերազմները։ 10Սրտապնդելով համոզում էր նրանց, նաեւ հեթանոսների կեղծիքը ցոյց տալով յիշեցնում էր, թէ որքան են նրանք ուխտը դրժել եւ երդմնազանց եղել։
ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ԲԱՐԵՆՇԱՆ ԵՐԱԶԸ
11Նրանցից ամէն մէկին սրտապնդում էր առաւել ոգեւորիչ խօսքերով, քան զէնքով՝ տէգերով ու վահաններով։ Նա այդ ժամանակին պատշաճ մի երազ պատմեց, որով աւելի զուարթացրեց բոլորին։ 12Նրա տեսած երազը հետեւեալն էր. Օնիա անունով մէկը, որն իր ժամանակին գեղեցիկ դէմքով, շքեղ արտաքինով, հեզաբարոյ ու սրտով խաղաղ մի քահանայապետ էր, եկաւ ու սկսեց գեղեցիկ խօսքեր ասել մարդու անձնական քաջագործութիւնների մասին, մի բան, որ սովորել էր մանուկ հասակից։ Նա ձեռքը բարձրացրած աղաչում էր, որ հաստատ մնայ հրեայ ազգը։ 13Դրանից բացի, նա տեսաւ մի փառահեղ, սքանչելի ու խիստ վայելուչ ծերունու, որ կանգնած էր նրա մօտ։ 14Այդտեղ խօսել սկսեց Օնիան ու ասաց. «Սա մեր եղբայրասէր ծերունին է, որ միշտ ու յաճախ աղօթք է մատուցում Աստծուն»։ Դա Աստծու մարգարէ Երեմիան էր։ 15Երեմիան իր աջ ձեռքը մեկնելով՝ Յուդայի ձեռքին դրեց ոսկէ մի սուսեր։ Տալու ժամանակ նա այսպէս ասաց. 16«Ընդունի՛ր այս սուրբ սուսերն իբրեւ Տիրոջ կողմից տրուած պարգեւ, որովհետեւ դրանով ես ոչնչացնելու բոլոր թշնամիներին»։
ՆԻԿԱՆՈՐԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԱՀԸ
17Այս ազդու եւ գեղեցիկ խօսքերից խիստ քաջալերուեցին, ոգեւորուեցին, նոր ուժ ստացան Յուդան ու երիտասարդները։ Որոշեցին այլեւս չխոտորուել, այլ ոտքերը հաստատուն դնել գետին, ապաւինել համբերութեանը, պատրաստ լինել պատերազմի, քաջի անուն վաստակել, հաւատարմութեան ուխտը հաստատ պահել, քաղաքի մասին հոգ տանել, 18նաեւ կանանց, երեխաների, հարազատ եղբայրների, տոհմակից քաղաքացիների, տեղացի դայեակների մասին հոգալ։ Այս ամենից աւելի, սակայն, պէտք է մտահոգուէին յանուն մեծ ու սուրբ տաճարի պատերազմելու համար։ 19Քաղաքացիները նուազ չէին անհանգստանում մղուող պատերազմի, նրա ելքի համար։ 20Երկու կողմերի զօրքերը միմեանց վրայ յարձակուելուց առաջ շեփոր էին հնչեցնում, պատրաստութիւն էին տեսնում, ճակատ կազմում, բոլոր գնդերի գլուխ կանգնեցնում սպառազինուած փղեր, հեծելազօրը կանգնեցնում էին աջ ու ձախ կողմերում։ 21Այդ սոսկալի երազում Յուդան տեսնում էր, որ գնդերն իրենց դրօշները պարզած՝ պատրաստութիւն էին տեսնում, տարբեր զէնքերով զինւում։ Փողփողում էին տարբերանշանները, խիստ գազազում էին հսկայ գազանները։ Այն ժամանակ Յուդան ձեռքերը երկինք պարզած՝ դիմեց հրաշագործ Տիրոջը, որը յաղթանակ է պարգեւում ոչ թէ ըստ մարդկանց ցանկութեան, այլ ըստ իր իրաւադատ կամքի այն մարդկանց, որ արժանի են իրեն։ 22Նա դիմեց Նրան այսպիսի աղաչանքով. «Դու, Տէ՛ր տէրերի, Եզեկիէլ արքայի ժամանակ ուղարկեցիր քո հրեշտակին եւ Սենեքերիմի զօրքից կոտորեցիր հարիւր ութսունհինգ հազար սպառազէն հեծեալ։ 23Արդ, ո՛վ ամենազօր Տէր, որ բնակւում ես երկնքում, ուղարկի՛ր մեզ քո հրեշտակին որպէս ահ ու սարսափ տարածող, որպէս քո բազկի զօրութիւն, 24որպէսզի սարսափեն ու դողան քո ժողովրդի վրայ հայհոյելով յարձակուող թշնամիները»։ Եւ այսպէս նա վերջացրեց իր խօսքը։
25Երբ Նիկանորը շեփորներ հնչեցնելով, բազմաթիւ նուագարաններ նուագելով իր զօրքն էր առաջ շարժում, 26սրանք բազմաթիւ աղօթքներով ու պաղատանքներով յարձակուեցին նրանց վրայ։ 27Սրանց ձեռքերը կռուի մէջ էին, իսկ սրտերը աղօթքներով դարձած էին դէպի երկինք, դէպի Աստուած։ Մակաբայեցի Յուդայի բանակը հեթանոսների զօրքից կոտորեց ոչ պակաս քան երեսունհինգ հազար մարդ՝ խիստ ուրախանալով, որ Աստուած մեծապէս օգնեց իրենց։ 28Այսպէս գործը յաջող աւարտելով՝ նրանք վերադարձան ուրախութեամբ։ Երկու կողմերի սպանուած զինուորների մէջ գտնելով Նիկանորի դիակը իր զէնքերով ու զինանշաններով հանդերձ, 29իրենց մայրենի լեզուով ու բարձր ձայնով օրհնեցին իրենց Ամենազօր Աստծուն։ 30Ազգի համար յօժարակամ նահատակուելու պատրաստ Յուդան հրամայեց, որ կտրեն Նիկանորի գլուխն ու աջ ձեռքը ուսով հանդերձ եւ տանեն Երուսաղէմ։ 31Երբ ինքն եկաւ հասաւ, զոհասեղանի մօտ կանչեց իր ազգատոհմի մարդկանց, քահանաներին, բերել տուեց նաեւ միջնաբերդում մնացած մարդկանց, 32նրանց ցոյց տուեց անօրէն, հայհոյող Նիկանորի գլուխը եւ այն ձեռքը, որ ամբարտաւան գոռոզութեամբ յանդգնել էր երկարել Ամենակալ Աստծու տաճարի դէմ։ 33Նա հրամայեց կտրել հանել անօրէն Նիկանորի լեզուն եւ ասաց. «Սա մանր-մանր կտրատելով՝ գիշակեր թռչուններին կեր պիտի դարձնեմ»։ Նա հրամայեց նրա անխոհեմ բազուկը կախել տաճարի դիմաց։ 34Բոլորը դէպի երկինք՝ փառապանծ Աստծուն ուղղեցին իրենց օրհնութիւնները եւ ասացին. «Թող օրհնուի Նա, ով իր սուրբ վայրը անարատ պահեց»։
35Մակաբայեցին Նիկանորի գլուխը կախեց բարձրապարիսպ աշտարակից ի ցոյց բոլորի՝ որպէս նշան Տիրոջ պարգեւած յաղթութեան ու բացայայտ օգնութեան։ 36Բոլորի համաձայնութեամբ ամբողջ ազգին հրաման տուեցին, որ այդ օրը ամենամեայ տօն լինի, որպէսզի այդ օրն աննկատ չանցնի։
37Դա տասներկուերորդ ամսի՝ ասորերէն Ադար կոչուող ամսի տասներեքերորդ օրն է եւ տօնւում է մարդքէական ամսից մի օր առաջ։
ՎԵՐՋԱԲԱՆ
38Նիկանորի հետ կապուած դէպքերի պատմութիւնն այսքան է։ Այստեղ ես էլ աւարտում եմ այն ժամանակների պատմութիւնը, երբ եբրայեցիները տիրեցին այդ քաղաքին։ 39Եթէ գովութեան արժանի է շարադրանքս, ապա գոհ եմ, որովհետեւ դա եղել է իմ ցանկութիւնը, իսկ եթէ խօսքս եղել է պարզունակ ու թոյլ, ապա այդքանն եմ կարողացել։ 40Եթէ որեւէ մէկը գինին առանձին ու ջուրն առանձին է խմում, անդուր է, իսկ եթէ մէկը ջուրը խառնում է գինու հետ, ապա քաղցր ու հաճելի է դառնում դրա համը։ Նոյն ձեւով մեր խօսքի կառուցուածքը հաճելի պէտք է լինի նրանց ականջին, ովքեր ընդունում են այն։ Այստեղ աւարտում ենք մեր խօսքը։