Բ Մակաբայեցիներ
5
ԱՆՏԻՈՔՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇՒԱՆՔԸ ԴԷՊԻ ԵԳԻՊՏՈՍ
1Այդ ժամանակ Անտիոքոսը պատրաստուեց անտիոքացիների կողմերից երկրորդ անգամ յարձակուել Եգիպտացիների երկրի վրայ։ 2Այնպէս պատահեց, որ քառասուն օր անընդհատ ամբողջ քաղաքի վրայ՝ երկնքում եւ երկրի վրայ երեւացին նիզակակիր հեծեալ զինուորներ, 3որոնք զարդարուած էին ոսկէ զարդերով։ Սրանք արշաւում էին իրար խռնուած։ Վահանները բախւում էին, աղեղները՝ շաչում, սուսերները՝ շողում, դրօշները՝ փողփողում, նետերը՝ շառաչում։ Փայլատակում էին զէնքերը ոսկու պէս։ 4Բոլորը ծնկի չոքած աղաչում էին, որ այդ տեսարանը բարի գործի նախանշան լինի։
ՅԱՍՈՆԸ ՅԱՐՁԱԿՒՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՎՐԱՅ
5Երբ յանկարծակի լուր տարածուեց, թէ Անտիոքոսը հրաժեշտ է տուել կեանքին, Յասոնը ոչ պակաս քան քսան հազար սպառազէն զինուորներ վերցնելով՝ յարձակուեց քաղաքի վրայ։ Մինչ քաղաքի բնակիչները անսպասելի դաւից վախեցած՝ պարսպից հեռացան, Մենելաւոսն արշաւելով եկաւ հասաւ քաղաք, 6ուր մոլեգնած Յասոնն առանց խնայելու իր համաքաղաքացիներին էր կոտորում։ Կարծես նա թշնամիներ էր կոտորում՝ չմտաբերելով, որ սրանք իր տոհմակիցներն ու համաքաղաքացիներն են, եւ պէտք է մտածել սրանց կեանքի ապահովութեան մասին, մինչդեռ նա թշուառութեան էր մատնում նրանց։ Տոհմակից քաղաքացիների վրայ յարձակուելով ու նրանց կոտորելով կարծում էր, թէ թշնամու նկատմամբ է արագ յաղթանակ տանում ու յաղթութեան յուշարձան կանգնեցնում։ 7Բայց եւ այնպէս նա իշխանութեան հասնել չկարողացաւ, այլ ի վերջոյ կրեց դաւաճանի նախատինքն ու փախաւ ամոնացիների կողմերը։ 8Իր անփառունակ կեանքի վերջում նրան բանտարկեց արաբների արքայ Արետասը։ Յետոյ Յասոնը քաղաքից քաղաք փախաւ, իբրեւ օրէնքի դէմ ընդվզող՝ բոլորի աչքին ատելի դարձաւ ու հալածական, պիղծ ու գարշելի համարուեց իբրեւ գաւառի, քաղաքի, բանակի մատնիչ ու դահիճ, վտարուեց Եգիպտոս։ 9Նա շատերին, անթիւ-անհամար մարդկանց տարագրեց իրենց երկրից, եւ ինքն էլ օտարների մէջ օտարանալով՝ 10կորաւ անխնամ, անզգեստ, ոչ ոք չսգաց նրան, եւ նա արժանի չեղաւ հայրենի գերեզմանին։
11Երբ այդ դէպքերի մասին տեղեկացաւ արքան, կարծեց, թէ Հրէաստանն ապստամբել է իր դէմ։ Այդ պատճառով նա գազազած սրտով շտապ դուրս եկաւ Եգիպտացիների երկրից եւ քաղաքը գրաւելով՝ սրի քաշեց։ 12Նա զինուորներին հրաման տուեց, որ, ով իրենց ձեռքն ընկնի, անխնայ կոտորեն, իսկ ովքեր ապարանքներում ապաստանեն, նոյն տեղում էլ սպանեն նրանց։ 13Տղամարդիկ ու ծերերն առհասարակ կոտորուեցին, կանայք ու մանուկներն առհասարակ սպանուեցին, կոյսերն ու աղջիկներն առհասարակ սրի քաշուեցին։ 14Այդ երեք օրուայ ընթացքում ընդհանրապէս ութսուն հազար մարդ կոտորեցին. քառասուն հազար մարդկանց սրի քաշեցին եւ համարեա նոյնքան մարդկանց էլ վաճառքի հանեցին։
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՏԱՃԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ
15Երբ նա չյագեցաւ այս չարագործութիւններով, որոշեց ձեռքը բարձրացնել ամբողջ աշխարհի ամենասուրբ սրբարանի վրայ, յանդգնեց մտնել տաճար՝ իբրեւ առաջնորդ ունենալով Մենելաւոսին, որը օրէնքի, երկրի, բանակի մատնիչն ու դահիճն էր դարձել։ 16Իրենց պիղծ ու անօրէն ձեռքերով վերցրին ու պիղծ մարդկանց բաշխեցին զոհասեղանի այն սուրբ սպասքը, որ ուրիշ թագաւորներ ու այլ քաղաքներ նուիրել էին սրբարանին ի բարգաւաճումն ու ի փառս այդ վայրի։ 17Գուցէ հպարտացել, յամառել էր իր մտքում Անտիոքոսը, երբ ասում էր, թէ՝ «Այս քաղաքի բնակիչների անօրէն մեղքերի համար է բարկացել Տէրը սրանց վրայ, դրա համար էլ անարգուել են սուրբ վայրերը։ 18Եթէ մեծ մեղքեր գործած չլինէին, ապա կը լինէին այնպէս, ինչպէս Հելիոդորոսն էր եղել, որին Սելեւկիոս արքան ուղարկել էր, որպէսզի հաշուի գանձերը, եւ երբ սա մտել էր այնտեղ, անմիջապէս կործանուել էր իր յանդգնութեան պատճառով»։ 19Ոչ թէ տեղի համար էր Տէրն ընտրել ազգին, այլ ազգի համար էր ընտրել տեղը։ 20Դրա համար էլ տեղն ինքը ժառանգել էր ազգի մոլորութիւնը, որպէսզի այնուհետեւ նորից արժանանայ Տիրոջ բարերարութեանը, նորից ճշմարիտ փառքով հաճելի լինի մեծ Աստծուն։
ՆՈՐ ԿՈՏՈՐԱԾ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ
21Անտիոքոսը ինը հարիւր քանքարի վրայ գումարած եւս ութ հարիւր քանքար վերցնելով յափշտակեց տաճարից, շտապ գնաց անտիոքացիների քաղաքը։ Նա գոռոզամտութեամբ կարծում էր, թէ կարող է ծովը ցամաքի վերածել եւ ցամաքը՝ ծովի։ 22Նա այնտեղ թողեց խիստ վերակացուներ, որպէսզի սրանք չարչարեն ժողովրդին։ Երուսաղէմում թողեց ազգով փռիւգացի Փիլիպպոսին, որն իր բարքով աւելի ժանտ էր, քան նա, ով իրեն նշանակել էր այնտեղ, 23իսկ Գարգարիզում՝ Անդրոնիկոսին։ Բացի այդ, սրանց վրայ նշանակեց Մենելաւոսին, որը նրանցից աւելի չար լինելով՝ դատ ու դատաստան էր տեսնում քաղաքացիների հետ։
24Բայց քանի որ Մենելաւոսը քիչ էր խղճում հրեաներին, Մաշուէ Ապոլոնիոսին ուղարկեց քսան հազար զինուորներով, չհաշուած նախկին հազար զինուորները, որպէսզի բոլոր չափահաս մարդկանց կոտորի, կանանց ու մանուկներին վաճառի։ 25Ինքը եկաւ Երուսաղէմ, նախ կեղծ խաղաղութեամբ, ապա դաւով մտաւ եւ այնտեղ մնաց մինչեւ սուրբ շաբաթ օրը։ Երբ տեսաւ, որ հրեաները շաբաթ օրը գործ չեն անում, հրաման տուեց իր զինուորներին զինուել։ 26Ովքեր նայելու էին եկել այդ տեսարանը, սրով սպանեց նրանց։ Սպառազինուած զինուորները երթեւեկում էին ողջ քաղաքում այստեղ-այնտեղ եւ բոլորին դիաթաւալ գետին փռում։
27Յուդա Մակաբայեցին տասը հոգով միասին փախուստի դիմելով՝ գնաց անապատ, լեռներում գազանների նման կեանք վարեց։ Նոյն ձեւով իր հետ եղած զինուորները խոտաբոյսեր ուտելով էին անցկացնում իրենց ժամանակը, որպէսզի հեռու մնան պղծութիւններից։
Էջմիածին · HYEJB1994