Բ Մակաբայեցիներ
6
ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԿՐՕՆԻ ԱՐՄԱՏԱՒՈՐՄԱՆ ՓՈՐՁ
1Կարճ ժամանակ անց թագաւորն ուղարկեց Աթենեբիոս ծերունուն, որ սա ստիպի հրեաներին հրաժարուել իրենց հայրերի օրէնքներից, այլեւս չենթարկուել Աստծու օրէնքներին, 2պղծել Երուսաղէմի տաճարը եւ այնուհետեւ այն անուանել ողոմպիացիների Որմիզդ աստծու անունով, իսկ Գարգարիզում գտնուող տաճարը՝ հիւրընկալ Որմիզդ աստծու՝ Վանատուրի անունով, որովհետեւ այնտեղ բնակութիւն հաստատած հեթանոսները այդ էին պահանջում։ 3Նրանք սաստիկ նեղութիւններ պատճառեցին։ 4Սուրբ տաճարը լցուեց հեթանոսական բարքերի պղծութիւններով, տղամարդիկ ու կանայք միմեանց խառնակուելով սրբարանի գաւիթը արատաւորեցին, ինչ անթոյլատրելի իրեր կային, համարձակօրէն ներս էին տանում։ 5Զոհասեղանն ամբողջութեամբ լցրին օրէնքով չթոյլատրուած ու մերժուած իրերով։ 6Ո՛չ շաբաթ օրերն էին կարողանում պահել, ո՛չ հայրերի տարեկան տօները նշել, ո՛չ իսկ համարձակւում էին իրենք իրենց հրեայ անուանել։ 7Թագաւորի ծննդեան օրը, իւրաքանչիւր ամսուայ այդ օրը ստիպում էին զոհեր մատուցել։ Երբ հասնում էր պտղաբերութեան պաշտամունքի տօնը, ստիպում էին նրանց թաւ ոստերից հիւսուած պսակներով պարել Բաքոսի կուռքի մօտ։ 8Պտղոմէացիների դրդմամբ հրաման ուղարկուեց բոլոր մօտակայ քաղաքները, որ հեթանոսութիւն ընդունեն եւ հրեաներին ստիպեն զոհեր մատուցել կուռքերի համար։ 9Ովքեր յանձն չառնէին զոհեր մատուցել, պէտք է սրատուէին։ Պէտք էր տեսնել, թէ ինչպէս էին տառապում խեղճերը։ 10Երկու կնոջ գրաւոր ամբաստանել էին, թէ սրանք թլփատել են իրենց որդիներին։ Շտապ բերեցին երեխաներին, կախեցին իրենց մայրերի ստինքներից, հրապարակներում նրանց խայտառակելով ման ածեցին, իսկ յետոյ պարիսպներից ներքեւ գլորեցին։ 11Մարդկանց մի մասը գաղտնի փախաւ մօտակայ քարանձաւները, որ շաբաթ օրերն այնտեղ անցկացնի, բայց երբ բռնեցին սրանց, կենդանի-կենդանի այրելով սպանեցին, որովհետեւ սրանք երկիւղածութիւն ունէին հանգստեան օրուայ ու սրբութեան օրէնքների նկատմամբ։
12Ես խնդրում եմ այս գիրքն ընթերցողներին, որ մեր ազգի նկատմամբ խղճահարութիւն չունենան, որովհետեւ այդ աղէտները ոչ թէ բնաջնջել են մեր ցեղը, այլ խրատ են եղել մեր ազգի համար։ 13Արդարեւ, Տէրը ոչ միայն անօրէններին երկար ժամանակ յաջողութիւն չի պարգեւում, այլեւ անմիջապէս ցոյց է տալիս իր հրաշքներն ու յայտնի դարձնում իր շնորհները։ 14Բայց Աստուած միւս հեթանոս ազգերի նկատմամբ համբերատար է լինում. նա պատժում է նրանց, երբ նրանց մեղքերի չափը լցւում, եւ նրանք հասնում են իրենց անխուսափելի դատաստանին։ 15Ինչ վերաբերում է մեզ, ապա նա այդպիսի դատաստան չի անում մեզ հետ, 16այլ ստէպ-ստէպ է խրատում եւ արագ-արագ էլ ներում է։ 17Այս բանն ասում ենք ձեզ, որպէսզի յիշէք այս խօսքերը։ Արդ, դառնանք մեր պատմելիք նիւթին։
ԵՂԻԱԶԱՐ ԾԵՐՈՒՆՈՒ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ
18Կար Եղիազար անունով ծերացած, գեղեցիկ դէմքով մի մարդ, որը օրէնսգէտների խմբի մէջ առաջիններից մէկն էր։ Նրա բերանին գելոց դնելով ստիպեցին խոզի միս ուտել։ 19Նա որոշեց յամառել, սրտապնդուել, գերադասեց քաջի անունով մահ ընդունել, քան ապրել խղճի խայթով ու պախարակուել ընկերներից։ Նա նախընտրեց ինքնակամ տանջանքի մատնուել, համարձակուեց թքել, անարգել նրանց պաշտամունքները, 20ինչպէս վայել է կեանքի հաճոյքներից բացայայտ կերպով հրաժարուած մարդուն։ 21Նրանք, ովքեր իրենց տկարամտութեան պատճառով եկել էին ծիսական զոհեր մատուցելու եւ ծանօթ էին այդ ծեր մարդուն, մի կողմ տարան նրան ու աշխատում էին վայելքների հրապոյրներով յետ կանգնեցնել նրան իր հաստատ որոշումից։ «Ենթարկուի՛ր, - ասում էին, - թագաւորի հրամանին, 22քեզ ուրիշ միս կը տանք, որպէսզի կասկածները փարատես եւ մահուանից ազատուես»։ 23Նա, ինչպէս վայել էր ծերունական իր հասակի վեհութեանն ու իմաստութեանը, իր տարիքին, պատկառելի արտաքինին, փառահեղ սպիտակ մազերին, մանկուց ստացած կրթութեանը, մանաւանդ առաւել եւս ինչպէս վայել էր աստուածադիր սուրբ օրէնքներին հաւատարիմ մարդուն, ոգեշնչուած, տեղը տեղին եւ անմիջապէս պատասխան տալով՝ ասաց. 24«Ո՛չ արժան է, ո՛չ էլ պատշաճ, որ այս տարիքի հասած մարդը կեղծաւորութիւն անելով մտնի սուրբ դատաստան։ Կարող են շատ երիտասարդներ խէթ նայել ինձ վրայ, մտքում կասկածել ու ասել. “Եղիազարը իննսուն տարեկան հասակում, հասնելով մահուան դուռը. դաւանափոխ եղաւ”։ 25Նրանք իմ պատճառով կեղծաւորութեամբ կը գայթակղուեն։ Ես խղճի խայթ կ’ունենամ եւ աշխարհում վատ ծերունու անուն կը թողնեմ։ 26Արդ, եթէ ինձ նոյնքան կեանք շնորհեն, եւ ես այլեւս մարդկանց ձեռքը չընկնեմ, ապա թէ՛ կենդանութեանս օրօք եւ թէ՛ իմ կենդանութիւնից յետոյ ես չեմ կարող խուսափել մշտնջենաւոր Աստծու ձեռքից։ 27Դրա համար էլ քաջութեամբ կը հեռանամ այս աշխարհից, որպէսզի արժանի լինեմ իմ ծերութեանը, 28երիտասարդներին բարութեան ու առաքինութեան օրինակ թողնեմ, որպէսզի նրանք յօժար կամքով ու քաջութեամբ, կեանքի գնով կարողանան պաշտպանել սուրբ օրէնքները»։ Երբ այս խօսքերն ասաց վերջացրեց, ինքնակամ ու սրտանց գնաց տանջանք ու մահ ընդունելու։ 29Նրանք, ովքեր նրա շուրջը գտնուելով՝ կարեկցում էին նրան, սկսեցին նրա մխիթարանքի խօսքերը թշնամաբար ընդունել, նրա իմաստուն խորհուրդները մոլորութիւն համարել, աշխատում էին արագացնել նրա տանջանքները։ 30Երբ կտտանքներ կրելով նա մօտ էր իր վախճանին, հեծեծելով բաց արեց իր բերանը, սկսեց խօսել Տիրոջ՝ սուրբ խորհուրդներն իմացողի հետ, ու ասաց. «Քեզ յայտնի է, որ իմ ձեռքին էր այս տաժանելի մահուանից ազատուելու կարողութիւնը։ Մարմնով այս խիստ տանջանքներն ընդունելով համբերում եմ, բայց հոգով դրանք հաճելի քաղցրութեամբ եմ ընդունում քո՝ Տիրոջ հանդէպ ունեցած երկիւղի պատճառով»։
31Ազնիւ մաքառման այսպիսի օրինակ տալով՝ նա հեռացաւ այս աշխարհից։
Էջմիածին · HYEJB1994