Բ Մակաբայեցիներ
8
ՅՈՒԴԱ ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆԸ
1Յուդա Մակաբայեցին եւ նրանք, որ նրա հետ էին, գաղտագողի մտնում էին այստեղ ու այնտեղ՝ գիւղեր, քաղաքներ ու ագարակներ, եւ իրենց շուրջն էին հաւաքում իրենց ցեղակիցներին։ Նրանք ներգրաւում էին այն հրեաներին, որոնք հաւատարիմ էին մնացել իրենց ուխտին։ Սրանք հաւաքուեցին, շատացան, բանակ կազմեցին։ Դրանց թիւը հասաւ մօտ վեց հազար մարդու։ 2Նրանք խնդրում էին Տիրոջը, որ օգնի, բարի աչքով նայի հեթանոսներից ոտնակոխ արուած իր ժողովրդին, խնայի ամբարիշտների ձեռքով պղծուած տաճարը, 3կարեկցի ապականուած, տակնուվրայ եղած քաղաքին, ականջ դնի թափած արեան կանչին, 4յիշի իզուր նահատակուած անմեղ մարդկանց, միտքը բերի իր սուրբ անունը հայհոյողներին։ 5Երբ Մակաբայեցին հաւաքեց մարդկանց ու զօրք կազմեց, հեթանոսները նրան չդիմադրեցին, որովհետեւ մեծ Աստծու զայրոյթը ողորմածութեան էր վերածուել։ 6Նա յարձակուեց գիւղերի ու քաղաքների վրայ, հրդեհի մատնեց թշնամիների տարբեր վայրերի բերդերը, նուաճելով վերադարձրեց թշնամիների գրաւած տեղերը, թշնամիներին մեծամեծ հարուածներ հասցրեց, 7մանաւանդ որ գիշերը դարձրել էր իրեն օգնական ու աջակից։ Նրա քաջագործութիւնների համբաւը տարածուեց ամէն կողմ։
ՆԻԿԱՆՈՐԻ ԵՒ ԳՈՐԳԻԱՍԻ ԱՐՇԱՒԱՆՔԸ
8Երբ Փիլիպպոսը տեսաւ, որ այդ մարդու գործերը գնալով յաջողւում են, արքունի հրովարտակներով պատգամաւորներ ուղարկեց Ստորին Ասորիքի ու Տաճկաստանի սպարապետ Պտղոմէոսի մօտ, որ սա օգնական զօրք ուղարկի իրեն։ 9Հրովարտակներն ստանալուց անմիջապէս յետոյ նա Պատրոկլէսի որդի Նիկանորին՝ իր աւագների մէջ առաջին սիրելի մարդուն յանձնեց ոչ պակաս քան քառասուն հազար մարդ, որ առհասարակ բնաջնջի, երկրի վրայից վերացնի հրեայ ազգը։ Նրան օգնական տուեց Գորգիաս սպարապետին, որը մի քաջ, պատերազմական գործերին տեղեակ, ամէն ինչին հմուտ մարդ էր։ 10Նիկանորը յանձն առաւ հռոմէացիներին վճարուող նախկին հարկը՝ հարիւր քանքարը լրացնել հրեայ գերիների վաճառքից։ 11Ծովեզերքում բնակուող վաճառականներին հրամայեց գալ Հրէաստան մարդիկ գնելու եւ խոստացաւ մի քանքարի դիմաց նրանց տալ իննսուն մարդ։ Նա չգիտէր, թէ երկնքից նայող Ամենակալը ինչ դատաստան է պատրաստել իր համար։
12Յուդան ունէր մարդիկ, որոնք գուշակել էին Նիկանորի արշաւանքը։ 13Եղան մարդիկ, որոնք վախից այս ու այն կողմ փախան 14եւ ինչ որ ունէին, վաճառեցին ու սկսեցին աղօթել Ամենակալ Տիրոջը, որ իրենց փրկի անօրէն, անարժան Նիկանորի ձեռքից, որը մարդկանց չտեսած՝ արդէն իսկ սահմանել էր նրանց վաճառքի գինը։ 15Արդ, Աստուած եթէ ոչ իրենց համար, ապա իրենց հայրերի ուխտի ու կտակարանների, իր փառաւոր ու սուրբ անուան համար կարող էր նրանից փրկել իրենց։ 16Մակաբայեցին իր մօտ գտնուող մարդկանցից մօտ վեց հազարանոց զօրք հաւաքեց, քաջալերեց նրանց, որ չվախենան Նիկանորի զօրքի բազմութիւնից, իզուր չյուսալքուեն հեթանոսների բանակի այդպիսի մեծ կուտակումից, այլ կանգնեն ու մարտնչեն քաջութեամբ, 17վրէժխնդիր լինեն սուրբ վայրերում կատարուած անարգութիւնների, գերուած քաղաքի կրած չարչարանքների, նախնիների սուրբ օրէնքների ոտնահարման համար։ 18«Նրանք, - ասում էր նա, - յոյս են դրել իրենց զէնքի եւ իրենց հզօրութեան վրայ, իսկ մենք՝ Ամենակալ Աստծու վրայ, որը մեզ ու ողջ աշխարհը ընկճել ցանկացող այդ մարդկանց կարող է իր մի շնչով կոտորել»։ 19Նա սկսեց մէկ առ մէկ յիշեցնել նախնիների քաջագործութիւնները, Տիրոջ ցոյց տուած ամէն մի օգնութիւն. «Յիշեցէ՛ք Սենեքերիմի եւ հարիւր ութսուն հազար մարդկանց միանգամից կոտորուելը, 20յիշեցէ՛ք գաղատացիների դէմ հռոմէացիների պատերազմը, ուր հարիւր քսան հազար յարձակուող մարդկանց դէմ ելան վեց հազար զինուորներ եւ Բարձրեալի օգնութեամբ հարիւր քսան հազար զինուորներին մի ժամում կոտորեցին»։
21Այսպիսի մխիթարական, քաջալերիչ խօսքերով կռուի էր պատրաստում նա նրանց, որ, յանուն իրենց օրէնքների ու իրենց աշխարհի, քաջաբար մարտնչեն, հերոսաբար մեռնեն։ 22Նա զօրքը բաժանեց երեք գնդի. երկու գնդերի զօրավար նշանակեց իր երկու եղբայրներին՝ Շմաւոնին ու Յովսէփին։ 23Զօրքերին քաջալերելու, սրտապնդելու համար կանչեց Եզրասին, նրանց առաջ կարդալ տուեց սուրբ գիրքը, ամէն մի գնդին Տիրոջ անունով զինանշաններ բաշխեց, ինքն անցաւ առաջամարտիկ գնդի գլուխը եւ արշաւելով յարձակուեց Նիկանորի վրայ։ 24Ամենակալն օգնութեան հասաւ նրան. յարձակուեցին, հարուածեցին թշնամու զօրքին եւ առաջին իսկ յարձակման ժամանակ աւելի քան ինը հազար սպառազէն մարդ սպանեցին, կոտորեցին նրանց զօրքերը, շատերին խոցոտեցին, խեղանդամ ու վիրաւոր դարձրին եւ գերեցին։ 25Ստրկավաճառների ունեցուածքն ու գանձերը խլեցին, Նիկանորի կենդանի մնացած զինուորներին մինչեւ օրը մթնելը հալածելով փախուստի մատնեցին։ 26Երբ օրը տարաժամել էր, այդտեղից շտապ վերադարձան ու նորից, թէեւ կարճ ժամանակով, հալածեցին նրանց, որովհետեւ յաջորդ օրը շաբաթ էր։ 27Հասնելով ճակատամարտի վայրը՝ նրանք հաւաքեցին ընկածների զէնքերը, հանեցին սպանուածների հագուստները եւ պատրաստուեցին տօնելու շաբաթ օրը։ Օրհնեցին, գովեցին, փառաբանեցին Տիրոջը, որովհետեւ այդ օրը նա իրենց փրկել էր նրանցից։ Այդ օրը ողորմութիւն արեցին եւ յաղթութեան տօն կատարեցին։ 28Շաբաթ օրից յետոյ ստացուած աւարից մաս հանեցին կարիքաւորներին, այրիներին ու որբերին, եւ ապա իրենք էլ ստացան իրենց բաժինն այդ աւարից։ 29Երբ այս բանն արեցին, բոլորը ծնկի եկած աղօթեցին ողորմած Աստծուն, աղաչեցին, որ մինչեւ վերջ հաշտ լինի իր ծառաների հետ։
ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ՅԱՂԹԱՆԱԿԸ
ՏԻՄՈԹԷՈՍԻ ԵՒ ԲԱՔԻԴԷՍԻ ԴԷՄ
30Դրանից յետոյ նրանց վրայ յարձակուեցին Տիմոթէոսն ու Բաքիդէսը։ Մակաբայեցու զօրքերը հետապնդեցին, նեղեցին, նրանցից սպանեցին աւելի քան քսան հազար հոգու։ Բազմաթիւ բերդեր ու բարձունքներ գրաւեցին քաջութեամբ, բռնագրաւեցին նրանց բազմաթիւ գանձերը, ինչքն ու ունեցուածքը։ Աւարից բաժին հանեցին նաեւ աղքատներին, որբերին ու ծերերին։ 31Հանեցին սպանուածների զէնքերը, թողեցին յարմար տեղերում եւ իրենց աւարով եկան Երուսաղէմ՝ ազգերի նահապետի մօտ։ 32Այդտեղ նրանք սպանեցին Տիմոթէոսին, որ բազում չարիքներ էր հասցրել հրեայ ազգին։ 33Նրանք հաւաքեցին գաւառներից եկած մարդկանց, ուրախութեան օր արեցին, յաղթանակի յուշակոթող կանգնեցրին։ Բերեցին փախստական Կալիսթենէսին ու նրա հետ եղողներին, որոնք տաճարի դռներն էին հրդեհել, ու ողջ-ողջ այրեցին, 34իսկ ոճրագործ Նիկանորը, որ հազար վաճառական էր բերել հրեաներ գնելու համար, 35Տիրոջ հրամանով մեծ տառապանքների մէջ ընկած, փառքի հանդերձներից զրկուած, նուաստանալով մուրացկան դարձած, իր զօրքը կորցնելու համար մեծ սգի մատնուած, փախստական դարձած՝ անտիոքացիների քաղաքն ընկաւ։ 36Նա, որ խոստանում էր, թէ Երուսաղէմը գերելով կը լրացնի հռոմէացիներին վճարուող հարկը, ինքն իր բերանով պատմում էր, թէ Աստուած յայտնապէս օգնում է նրանց, եւ դրա համար էլ նրանք պատերազմից դուրս են գալիս ողջանդամ, առանց վէրք ստանալու, որովհետեւ նրանք հաւատարմութեամբ են պահպանում Նրա սահմանած օրէնքները։
Էջմիածին · HYEJB1994