Բ Մակաբայեցիներ

9

ԱՆՏԻՈՔՈՍ ԹԱԳԱՒՈՐԻ ՎԱԽՃԱՆԸ

1Այդ ժամանակներում այնպէս պատահեց, որ Անտիոքոսը խիստ գլխիկոր վերադարձաւ Պարսկաստանի կողմերից, որովհետեւ նա գնացել էր նրանց գլխաւոր քաղաքը՝ մտածելով տիրանալ գանձերին, իսկ եթէ հնարաւոր լինէր, նաեւ աւերել քաղաքը։ Երբ դա զգացին քաղաքի զօրքերը, բոլորը վերցրին իրենց զէնքերը եւ նրան, որ մեծ խստութեամբ յարձակուել էր, խայտառակ կերպով, կորագլուխ յետ շպրտեցին։ 2Անտիոքոսը ամօթահար հեռացաւ Պարսկաստանի կողմերից, եկաւ հասաւ Եկբատանի կողմերը։ Նրան տեղեակ պահեցին իր զօրքի հետ պատահած դէպքերի մասին։ 3Յիշելով իրեն փախուստի մատնած քաղաքի բնակիչների ստահակութիւնը 4եւ զայրանալով երկու կողմերի՝ իր զօրավարների ու երուսաղէմացիների վրայ, նա որոշեց իր զայրոյթը թափել երուսաղէմացիների վրայ։ Դրա համար հրամայեց կառապանին անընդհատ քշել կառքը՝ ճանապարհը շուտ անցնելու համար։ Նա չէր մտածում, որ երկինքը բարեհաճ չէր իր հանդէպ, իսկ ինքը մեծամտաբար փքւում էր եւ ասում. «Հրեաների Երուսաղէմը անբնակ պիտի դարձնեմ»։ 5Ամենակալ Բարձրեալը՝ Իսրայէլի Տէր Աստուածը, սակայն, նրան պատուհասեց աներեւոյթ հարուածներով. հազիւ էր նա ասել այս խօսքերը, որ անասելի սուր ցաւերով բռնուեցին նրա ոսկորները, տանջող խիթեր սկսուեցին որովայնում։ 6Նա շատ արժանի էր դրան, քանի որ բազմաթիւ ու նորանոր ինչպիսի տանջանքներ, որ նա պատճառում էր ուրիշների մարմիններին, նոյնպիսի սաստիկ ցաւեր պատեցին իրեն։ 7Այդուհանդերձ նա իր գոռոզութիւնից չէր հրաժարւում, այլ եբրայեցիների վրայ աւելի մեծ ամբարտաւանութեամբ ու բարկութեամբ էր բռնկւում։ Նա ստիպեց աւելի արագ քշել կառքը եւ սրընթաց այդ վազքի ժամանակ էլ ընկաւ կառքից։ Սոսկալի տանջանքներ պատեցին նրան, որովհետեւ նրա բոլոր ոսկորները ջարդուել էին։ 8Նա, որ ուզում էր ամբարտաւանութեամբ սաստել ծովի ալիքները, լերան գագաթները շուռ տալ ներքեւ, ստորոտները բարձրացնել վերեւ, ի՛նքն էր գետին տապալուած, իրե՛ն էին շալակած ման ածում։ Աստծու զօրութեան բացայայտ ցուցադրումն էր դա։ 9Այդ անօրէնի աչքերից վխտալով որդեր էին բխում ու թափւում դուրս։ Իր կենդանութեան օրով մարմնի անդամները հիւանդութեան ցաւերից բաժանուեցին իրարից, մարմնի նեխահոտից ամբողջ բանակն սկսեց նեղուել։ 10Նա, որ առաջ գոռոզամտութեամբ ուզում էր երկնքի աստղերը հաւաքել, իր նեխահոտի պատճառով բոլորից մեկուսացել էր, եւ ոչ ոք չէր կարողանում նրան այս ու այն կողմ շրջել։

11Այդ պահից սկսած՝ նա չափաւորեց իր ամբարտաւան խստութիւնը եւ Աստծու պատճառած տանջանքների հետեւանքով ներքուստ մեղմացաւ, որովհետեւ մարմնի ցաւերը գնալով ուժեղանում էին։ 12Ինքն իսկ չէր կարող տանել իր մարմնի նեխահոտը։ Նա սկսեց այսպէս խօսել. «Պէտք է հնազանդ լինել Տէր Աստծուն, մահկանացու մարմինը չպէտք է բարձրացնել եւ աստուածակերպ համարել»։ 13Աղաչում էր Նրան, որ սուրբ քաղաքը հիմնայատակ կործանելու եւ ամայի դարձնելու սպառնալիքի համար այլեւս չէր գթալու իրեն. 14խոստանում էր, որ այն մարդաշատ ու ազատ կը դարձնի։ 15Եբրայեցիներին, որոնց ինքը սպառնում էր չարժանացնել ո՛չ պատանքի, ո՛չ էլ թաղուելու, կանանց ու երեխաներին գազանների կեր դարձնել ու գիշատիչ թռչունների բաժին անել, այժմ խոստանում էր աթենացիներին հաւասար համաքաղաքացիներ հռչակել հրովարտակով։ 16Սուրբ տաճարը, որ առաջ սպառնում էր կողոպտել, այժմ խոստանում էր այն զարդարել գեղեցիկ նուէրներով, նախկինում տաճարի կողոպտուած զարդերի ու սպասքի փոխարէն բազմապատիկը վերադարձնել, զոհերի համար անհրաժեշտ պիտոյքները արքունիքից լրացնել, 17այս ամենից բացի եբրայեցի դառնալ, մարդաբնակ բոլոր վայրերը շրջել ու Աստծու մեծ զօրութեան մասին պատմել։

ԱՆՏԻՈՔՈՍԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ ՀՐԵԱՆԵՐԻՆ

18Երբ տեսաւ, որ ցաւերը ոչ մի կերպ չեն դադարում (որովհետեւ Տիրոջից նրա վրայ արդար դատաստանով պատիժ էր հասել), երբ յոյսը կտրեց, թէ այլեւս չի կարող ազատուել, եբրայեցիներին մեծ խոնարհութեամբ հրովարտակներ գրեց հետեւեալ բովանդակութեամբ. 19«Քաղցր եբրայեցիներին, ընկերներին, եղբայրներին, համաքաղաքացիներին սրտագի՜ն ողջոյն։ 20Ձեր շնորհիւ Աստծուց մեծ եմ ստացել 21եւ ծանր հիւանդութիւնից տկարանալու ժամանակ անգամ մեծ գորովանքով եմ յիշել ձեզ։ Ես վերադարձայ Պարսկաստանի կողմերից ու ծանր հիւանդացայ։ Մտքումս լաւ համարեցի հոգ տանել հասարակութեան օգտի ու խաղաղութեան մասին։ 22Դեռ յոյսս չեմ կտրում, որ կ’ապրեմ, անգամ հաւատացած եմ, որ կ’ազատուեմ նաեւ այս ծանր հիւանդութիւնից։ 23Ես յիշում եմ, որ երբ հայրս երկրի վերին կողմերում էր շրջագայում, նշանակել էր իր փոխանորդին, 24որպէսզի, եթէ որեւէ դէպք պատահի իրեն կամ աղէտ տեղի ունենայ, իմանան, թէ ով է նկատի առնուած իր գործերը վարելու համար, եւ իրենց չկորցնեն։ 25Բացի այդ, նկատելով, որ մեր շրջապատում մեր թագաւորութեան հարեւան երկրները նայում են մեզ, ես իմ որդի Անտիոքոսին թագաւոր նշանակեցի իմ փոխարէն։ Երբ ես շրջագայում էի երկրի վերին կողմերը, բազմաթիւ անգամներ ես վստահել եմ ձեզանից շատերին։ Ձեզ վստահելով ու ապաւինելով եմ ես գնացել։ Ձեզ գրած այսպիսի հրովարտակի մի պատճէնն էլ ուղարկել եմ նրանց։ 26Արդ, աղաչում եմ ձեզ, որ յիշէք առհասարակ իմ երախտիքն ու կատարած բարեգործութիւնները եւ իւրաքանչիւրիդ նկատմամբ իմ տածած սէրը, որպէսզի պահպանէք իմ ու իմ որդու նկատմամբ ձեր միաբանութիւնն ու հաւատարմութիւնը։ 27Հաստատ համոզուած եմ, որ իմ կատարած բարեգործութիւնները նկատի ունենալով՝ նա աւելի սիրալիր ու մարդասէր կը լինի ձեր նկատմամբ»։

28Եւ Անտիոքոսը՝ այս արիւնարբուն ու անօրէն հայհոյիչը այսպէս տանջուելով սատկեց։ Այն տանջանքները, որ նա պատճառել էր ուրիշներին, նոյն տանջանքները կրելով նա չարաչար մեռաւ օտար լեռներում, 29իսկ իր դայեկորդի Փիլիպպոսը, որ վերցրել եւ տարել էր նրա մարմինը, վախեցաւ նրա որդուց եւ փախաւ Պտղոմէոսի մօտ, Եգիպտացիների երկիրը։

Էջմիածին · HYEJB1994