Բ Պետրոս

1

ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՅՆ

1Սիմոն Պետրոսը՝ ծառան եւ առաքեալը Յիսուս Քրիստոսի՝ ձե՛զ, որ մեզ հետ հասաք նոյն պատուական հաւատին՝ մեր Աստծու եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի արդարութեամբ։ 2Շնո՜րհ ձեզ, եւ թող շատանայ խաղաղութիւնը Աստծու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեամբ։

ԱՍՏԾՈՒ ԿՈՉԸ ԵՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ

3Արդարեւ, նրա աստուածային զօրութիւնը մեզ շնորհեց ամէն ինչ, որ վերաբերում է կեանքին եւ աստուածապաշտութեանը՝ ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին եւ առաքինութեանը։ 4Դրանցով մեծամեծ եւ թանկագին խոստումներ պարգեւուեցին մեզ, որպէսզի հաղորդակից լինէք աստուածային բնութեանը եւ հեռու մնաք այս աշխարհի ցանկութիւններից եւ ապականութիւններից։ 5Եւ այս բանի համար իսկ ամէն ջանք գործադրելով՝ ձեր հաւատով առաքինութիւն ձեռք բերէք, առաքինութեամբ՝ գիտութիւն, 6գիտութեամբ՝ ժուժկալութիւն, ժուժկալութեամբ՝ համբերատարութիւն, համբերատարութեամբ՝ աստուածապաշտութիւն, 7աստուածապաշտութեամբ՝ եղբայրասիրութիւն, եղբայրասիրութեամբ էլ՝ սէր։ 8Երբ դուք այս շնորհներն ունենաք եւ սրանցով հարստանաք, սրանք ձեզ դատարկ եւ անպտուղ չեն թողնի մեր Տէր Յիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտութեան մէջ։ 9Իսկ նա, ում մէջ այս բաները չկան, կոյր է կամ կարճատես եւ մոռացութեան տուած իր նախկին յանցանքներից մաքրուած լինելը։ 10Ուստի, եղբայրնե՛ր, առաւե՛լ ջանացէք, որպէսզի գործերով ձեր կոչումը եւ ընտրութիւնը հաստատ պահէք։ Այս բանն անելով՝ երբեք յանցանքի մէջ չէք ընկնի, 11քանի որ այսպիսով լայնօրէն մուտք պիտի շնորհուի ձեզ դէպի մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի յաւիտենական արքայութիւնը։

12Ահա թէ ինչու պատրաստ եմ միշտ յիշեցնելու ձեզ այս բաները, առաւել եւս՝ գիտակներին եւ այդ ճշմարտութեանը վերահասու եղածներին ու նրանում հաստատուածներին, 13քանի որ եմ համարում, - քանի դեռ այս մարմնի մէջ եմ, - արթուն պահել ձեզ յիշեցումներով։ 14Գիտեմ, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսն ինձ յայտնեց։ 15Եւ շտապում եմ միշտ ձեզ յորդորել, որպէսզի այս աշխարհից իմ մեկնելուց յետոյ էլ վերյիշէք այս բաները։

ՔՐԻՍՏՈՍԻ ՓԱՌՔԻ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐ

16Ոչ թէ հնարովի առասպելների յետեւից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տէր Յիսուսի Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծութեանը. 17քանի որ նա Աստծուց ստացաւ եւ պատիւ, երբ մեծավայելուչ փառքից եկաւ այս ձայնը, թէ՝ «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճութիւնը»։ 18Եւ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ նրա հետ էինք սուրբ լերան վրայ։

19Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը, - որին եթէ անսաք, լաւ կ’անէք, - իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում՝ մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի ձեր սրտերում։

20Բայց նախ այս բանն իմացէ՛ք, որ Գրքերի ամէն մի մարգարէութիւն իր յատուկ մեկնութիւնը չունի, 21քանի որ մարգարէութիւնը ոչ թէ ըստ մարդկանց կամքի տրուեց երբեւէ, այլ Սուրբ Հոգուց մղուած է, որ խօսեցին Աստծու սուրբ մարդիկ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն