Բ Պետրոս

2

ԸՆԴԴԷՄ ՍՈՒՏ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ

1Եղան նաեւ սուտ մարգարէներ ժողովրդի մէջ, ինչպէս որ այժմ էլ ձեր մէջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով, կորստաբեր հերձուածներ են ներմուծելու եւ, ուրանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրայ արագահաս կորուստ են բերելու։ 2Եւ շատեր պիտի գնան նրանց անառակութիւնների յետեւից. եւ այդ պատճառով ճշմարտութեան ճանապարհը պիտի անարգուի։ 3Եւ ընչաքաղցութեամբ, մտացածին խօսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտութիւնը սկզբից յայտնի է, եւ նրանց կործանումը չպիտի ուշանայ։

4Քանզի չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ խաւարի կապանքներով գցեց տարտարոսը, որպէսզի նրանք պահուեն դատաստանի օրուայ համար։ 5Նա չխնայեց նաեւ հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրայ ջրհեղեղը բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թւում նաեւ Նոյին՝ արդարութեան քարոզչին։ 6Նոյնպէս նա սոդոմացիների եւ գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար։ 7Եւ նա փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ, անկարգ ընթացքից 8(որովհետեւ արդարը, բնակուելով նրանց մէջ, ականատես եւ ականջալուր էր լինում նրանց անօրէն ընթացքին՝ ամէն օր տանջելով իր արդար հոգին)։ 9Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց, 10մանաւանդ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնացողներին, Աստծու իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառաւոր էակներին հայհոյելուց, 11այն դէպքում, երբ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ։

12Բայց այս մարդիկ, անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են), հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով՝ 13որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով։ 14Աչքեր ունեն պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանուողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնուած սիրտ. անէծքի՜ որդիներ։ 15Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորուեցին, ընթանալով Բէորի որդի Բաղաամի ճանապարհով, որը անիրաւութեան վարձը սիրեց։ 16Եւ այդ այն Բաղաամի, որ իր անօրէնութեան համար յանդիմանութիւն ստացաւ, երբ անխօս էշը մարդկային լեզուով խօսելով՝ արգելք եղաւ մարգարէին, որ չկատարի այդ անօրէնութիւնը։ 17Սրանք ցամաքած աղբիւրներ են եւ մրրիկից քշուած մառախուղներ. խաւարի աղջամուղջները յաւիտեան նրա՛նց համար են պահուած. 18քանզի մեծախօս եւ սնոտի բաներ բարբառելով՝ անառակութիւններով, մարմնի ցանկութիւններով խաբում են նրանց, որոնք փախել էին մոլորութեան մէջ թափառողներից։ 19Սրանց ազատութիւն են խոստանում, մինչ իրենք ծառայ են ապականութեանը, քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է. 20որովհետեւ, եթէ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծութիւններից փախչելուց յետոյ դարձեալ նոյն բաներով բռնուեն մնան, նրանց վախճանը կը լինի աւելի վատ, քան առաջին վիճակը. 21քանի որ աւելի լաւ էր նրանց համար, եթէ բնա՛ւ ճանաչած չլինէին արդարութեան ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին եւ յետ կանգնեցին այն սուրբ պատուիրանից, որ աւանդուեց նրանց։ 22Նրանց յարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թէ՝ «Շունը վերստին է դառնում իր փսխածին» եւ թէ՝ «Լուացուած խոզը վերստին է թաւալւում տիղմի մէջ»։

Էջմիածին · HYEJB1994