Երկրորդ Թագավորաց գիրք

1

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ

ԴԱՒԻԹՆ ԻՄԱՆՈՒՄ Է ՍԱՒՈՒՂԻ ՄԱՀՈՒԱՆ ՄԱՍԻՆ

1Սաւուղի մահուանից եւ ամաղէկացիներին կոտորելուց յետոյ Դաւիթը վերադարձաւ եւ երկու օր մնաց Սիկեղակում։ 2Երրորդ օրը Սաւուղի բանակատեղիից մարդ եկաւ, որի հագուստները պատառոտուած էին, իսկ գլխին հող էր ածուած։ Երբ նա Դաւթի մօտ մտաւ, գետին ընկաւ ու խոնարհուեց նրա առաջ։ 3Դաւիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Նա պատասխանեց. «Փախել եմ Իսրայէլի բանակատեղիից»։ 4Դաւիթն ասաց նրան. «Ի՞նչ է պատահել, պատմի՛ր ինձ»։ Մարդն ասաց. «Ժողովուրդը պատերազմի դաշտից փախաւ, շատերը վիրաւոր ընկան ու մեռան։ Մեռան նաեւ Սաւուղն ու Յովնաթանը»։ 5Դաւիթն իրեն լուր բերող երիտասարդին հարցրեց. «Ի՞նչ գիտես, որ Սաւուղն ու նրա որդի Յովնաթանը մեռան»։ 6Լուր բերող երիտասարդն ասաց. «Դիպուածով Գեղբուա լերան վրայ էի գտնւում եւ ահա տեսայ, որ Սաւուղն ընկել էր իր նիզակի վրայ, եւ թշնամու մարտակառքերն ու հեծեալների զօրավարները հասել էին նրան։ Նա յետ նայեց եւ ինձ տեսնելով՝ իր մօտ կանչեց։ 7Ասացի. “Ահա այստեղ եմ”։ 8Նա ասաց ինձ. “Ո՞վ ես դու”։ Ասացի՝ “Ամաղէկացի եմ”։ 9Նա ասաց ինձ. “Խոցի՛ր ու սպանի՛ր ինձ։ Խաւարն է պատել ինձ, բայց շունչս դեռ վրաս է”։ 10Խոցեցի ու սպանեցի նրան, որովհետեւ գիտէի, որ նիզակի վրայ ընկնելուց յետոյ չէր ապրելու։ Առայ նրա գլխից թագը, ապարանջանները՝ նրա բազկից եւ դրանք բերեցի այստեղ՝ իմ տիրոջը»։ 11Դաւիթն իր հագուստները բռնելով՝ պատառոտեց։ Իրենց հագուստները պատառոտեցին նաեւ նրա մօտ գտնուող մարդիկ։ 12Նրանք ողբացին, լաց եղան ու մինչեւ երեկոյ ծոմ պահեցին սրով ընկած Սաւուղի, նրա որդի Յովնաթանի, Յուդայի երկրի ժողովրդի ու Իսրայէլի տան համար։

13Դաւիթն ասաց իրեն լուր բերող երիտասարդին. «Որտեղի՞ց ես դու»։ Մարդն ասաց. «Մի պանդուխտ ամաղէկացու որդի եմ ես»։ 14Դաւիթն ասաց նրան. «Ինչպէ՞ս չվախեցար ձեռք բարձրացնել ու սպանել Տիրոջ օծեալին»։ 15Դաւիթն իր ծառաներից մէկին կանչելով՝ ասաց. «Մօտեցի՛ր ու սպանի՛ր սրան»։ Նա հարուածեց, ու մարդը մեռաւ։ 16Դաւիթն ասաց նրան. «Քո արիւնը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայութիւն տուեց՝ ասելով. “Ես սպանեցի Տիրոջ օծեալին”»։

ԴԱՒԹԻ ՈՂԲԸ ՍԱՒՈՒՂԻ ԵՒ ՅՈՎՆԱԹԱՆԻ ՀԱՄԱՐ

17Դաւիթը Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի վրայ այս ողբը յօրինեց եւ պատուիրեց այս ողբը ուսուցանել Յուդայի երկրի աղեղնակիրներին։ 18Այն գրուած է Արդարութեան գրքում։

19Բլուրների բարձունքներում իբրեւ արձան կանգնի՛ր, Իսրայէ՜լ, վիրաւոր ընկած քո զօրաւոր որդիների համար։

20Մի՛ յայտնէք Գէթում եւ լուր մի՛ տարածէք Ասկաղոնի փողոցներում, որ այլազգիների դուստրերը երբեք չհրճուեն, եւ անթլփատների դուստրերը չցնծան։

21Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրայ ցօղ չիջնի, անձրեւ չգայ ձեզ վրայ, եւ ոչ էլ պտղատու այգիներ լինեն։

22Քանզի այստեղ է, որ հզօրների վահանը ջարդուեց, Սաւուղի վահանը չօծուեց իւղով։ Յովնաթանի աղեղը զուր յետ չքաշուեց վիրաւորների արիւնից ու հզօրների ճարպից, իսկ Սաւուղի սուրը դատարկ պատեան չդրուեց։

23Սաւուղն ու Յովնաթանն իրենց կենդանութեան ժամանակ միմեանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց մահուան ժամանակ էլ իրարից չբաժանուեցին։ Արծիւներից աւելի թեթեւաշարժ էին, առիւծներից աւելի զօրեղ։

24Իսրայէլի դուստրե՜ր, լա՛ց եղէք Սաւուղի վրայ, լա՛ց եղէք նրա վրայ, ով ձեզ զարդարուն կարմիր զգեստներ էր հագցնում, ձեր հագուստների վրայ ոսկէ զարդեր էր գցում։

25Հզօրներն ինչպէ՞ս ընկան պատերազմի մէջ։ Յովնաթա՜ն, քո բարձունքների վրայ խոցուեցիր։

26Ցաւում եմ քեզ համար, եղբա՜յր իմ Յովնաթան։ Ինձ շատ սիրելի էիր, քո սէրը կանանց սիրուց բարձր էր։

27Ինչպէ՞ս ընկան հզօրները, եւ ջարդուփշուր եղան ռազմի գործիքները։

Էջմիածին · HYEJB1994