Երկրորդ Թագավորաց գիրք

10

ԴԱՒԹԻ ԻՇԽԱՆՆԵՐԸ՝ ԱՆԱՐԳՈՒԱԾ

1Դրանից յետոյ մեռաւ ամոնացիների արքան, եւ նրա որդի Անոնը թագաւորեց նրա փոխարէն։ 2Դաւիթն ասաց. «Մարդասիրութիւն անենք Նաասի որդի Անոնի նկատմամբ, որովհետեւ նրա հայրն էլ իմ նկատմամբ էր մարդասիրութիւն արել»։ Դաւիթն իր իշխաններին ուղարկեց նրա մօտ, որ նրանց միջոցով ցաւակցի հօր համար։ Դաւթի իշխանները գնացին ամոնացիների երկիրը։ 3Ամոնացիների իշխաններն ասացին իրենց տէր Անոնին. «Մի՞թէ Դաւիթը հօրդ մեծարելու համար է քեզ մխիթարողներ ուղարկել։ Ո՛չ։ Դաւիթն իր իշխաններին ուղարկել է, որ զննեն, հետախուզեն քո քաղաքները։ 4Դաւիթն իր իշխաններին քեզ մօտ է ուղարկել լրտեսելու համար»։ Եւ նա Դաւթի իշխաններին բռնեց, նրանց մօրուքները ածիլեց եւ նրանց զգեստները մէջտեղից մինչեւ ծայրը պատռելով՝ արձակեց նրանց։ 5Այս մարդկանց հետ պատահածի մասին պատմեցին Դաւթին, նա նրանց ընդառաջ մարդ ուղարկեց, քանզի այդ մարդիկ խիստ անարգուած էին։ Արքան ասաց. «Մնացէ՛ք Երիքովում մինչեւ որ ձեր մօրուքները աճեն, եւ ապա կը վերադառնաք։ 6Երբ ամոնացիները տեսան, որ անարգել են Դաւթի ժողովրդին, մարդ ուղարկեցին եւ Ռոբի ու Սուբայի ասորիներից վարձեցին քսան հազար հետեւակ, ինչպէս նաեւ ամաղէկացիների արքայից հազար ու Ստոբի արքայից տասներկու հազար զինուոր։

7 արքան այդ լսելով՝ Յովաբին ընտիր զօրքով ուղարկեց նրանց դէմ։ 8Ամոնացիները պատերազմելու համար ճակատ կազմեցին ասորիների Սուբա քաղաքի դարպասի մօտ, իսկ ռոբացիները, ստոբացիներն ու ամաղէկացիները առանձին էին կանգնել դաշտում։ 9Յովաբը տեսնելով, որ իր վրայ յարձակւում են առջեւից ու յետեւից, բոլոր իսրայէլացիներից ընտրեց երիտասարդներ եւ ասորիների դէմ ճակատ կազմեց։ 10Զօրքի մնացած մասը նա յանձնեց իր եղբօրը՝ Աբեսսային։ Նրանք ճակատ կազմեցին ամոնացիների դէմ։ 11Նա ասաց. «Եթէ ասորիներն ինձ նեղեն, դուք ինձ օգնութեան կը հասնէք, իսկ եթէ ամոնացիները քեզ նեղեն, մենք օգնութեան կը հասնենք։ 12Կորովի՛ եղիր, զօրավիգ լինենք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների բնակիչներին, եւ Տէրը կ’անի իր աչքին հաճելի եղածը»։ 13Յովաբն իր զօրքով պատերազմի ելաւ ասորիների դէմ, եւ ասորիները փախան նրա առաջից։ 14Ամոնացիները երբ տեսան, որ ասորիները փախչում են, իրենք եւս փախուստի դիմեցին Աբեսսայի առաջից եւ մտան ։ Յովաբը ամոնացիների մօտից վերադարձաւ ու եկաւ ։

15Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտուեցին Իսրայէլից, մէկտեղ հաւաքուեցին։ 16Ադրաազարը մարդ ուղարկեց եւ գետի այն կողմի ասորիներին հաւաքեց Քաղամակում։ Նրանք եկան հասան Եղամ, եւ Ադրաազարի Սոբակը զօրքի գլուխն անցաւ։ 17Դաւթին յայտնեցին այդ մասին։ Նա հաւաքեց բոլոր իսրայէլացիներին, անցաւ Յորդանան գետը եւ հասաւ Քաղամակ։ Ասորիները Դաւթի դիմաց գնդեր հանեցին ու նրա դէմ պատերազմեցին։ 18Ասորիները փախան իսրայէլացիների առաջից, եւ Դաւիթը ասորիների եօթը հարիւր մարտակառքերն ու քառասուն հազար հեծեալները ոչնչացրեց, զօրքի հրամանատար Սոբակին հարուածեց, ու սա տեղնուտեղը մեռաւ։ 19Ադրաազարին հպատակ բոլոր թագաւորները երբ տեսան, որ իրենք Իսրայէլից պարտութիւն են կրել, անձնատուր եղան, Իսրայէլի հետ հաշտութեան ուխտ կնքեցին, նրա հպատակները դարձան, իսկ ասորիները վախեցան այնուհետեւ ամոնացիներին օգնել։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն