Երկրորդ Թագավորաց գիրք
12
ՆԱԹԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԵՒ ԴԱՒԹԻ ԶՂՋՈՒՄԸ
1Տէրը Նաթան մարգարէին ուղարկեց Դաւթի մօտ։ Սա, գալով նրա մօտ, ասաց. «Մի քաղաքում երկու մարդ կար. մէկը հարուստ էր, միւսն՝ աղքատ։ 2Հարուստն ունէր շատ ու շատ հօտեր ու նախիրներ, իսկ աղքատը ոչինչ չունէր, բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որը ծախու էր առել ու պահում էր։ 3Գառնուկը մեծացաւ նրա ու նրա որդիների հետ։ Նա ուտում էր նրա հացից, նրա բաժակից խմում, նրա ծոցում էր քնում. 4դա կարծես նրա դուստրն էր։ Այդ հարուստ մարդու մօտ մի անցորդ եկաւ։ հարուստը չուզեց իր հօտերից ու արջառներից մի անասուն մորթել, որ հիւրասիրի իր մօտ եկած անցորդին, առաւ աղքատի գառնուկը եւ կերակուր պատրաստեց իր մօտ եկած մարդու համար»։
5Դաւիթը խիստ բարկանալով այդ մարդու վրայ՝ ասաց Նաթանին. «Կենդանի է Տէրը. այդ բանն անող մարդը արժանի է մահուան։ 6Նա այդ գառնուկի համար եօթնապատիկ պէտք է հատուցի այն բանի փոխարէն, որ նա արեց. այսինքն՝ մորթեց ուրիշի միակ գառը»։ 7Նաթանն ասաց Դաւթին. «Դո՛ւ ես այն մարդը, որ արել է այդ բանը։ Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Ես եմ, որ քեզ թագաւոր օծեցի ամբողջ Իսրայէլի վրայ, ես եմ, որ քեզ փրկեցի Սաւուղի ձեռքից, 8քեզ յանձնեցի քո տիրոջ՝ Սաւուղի տունը, քո տիրոջ կանայք քո գրկում են, քեզ տուեցի Իսրայէլն ու Յուդայի երկիրը, եւ եթէ դրանք քիչ ես համարում, նոյնքան էլ կ’աւելացնեմ”։ 9Ինչո՞ւ Տիրոջ խօսքն անարգեցիր նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային եւ նրա կնոջը քեզ կնութեան առար, նրան սպանեցիր ամոնացիների սրով։ 10Արդ, սուրը յաւիտեանս թող չհեռանայ քո տնից փոխարէնն այն բանի, որ ինձ անարգեցիր եւ քետացի Ուրիայի կնոջը քեզ կնութեան առար։ 11Այսպէս է ասում Տէրը. “Ահա ես քո դէմ չարիք կը յարուցեմ քո տնից. աչքերիդ առաջ քո կանանց պիտի վերցնեմ եւ տամ քո ընկերոջը, նա այս արեգակի լոյսի տակ պառկելու է քո կանանց հետ։ 12Դու այդ բանը ծածուկ արեցիր, իսկ ես այն անելու եմ ամբողջ Իսրայէլի աչքի առաջ, օրը ցերեկով”»։ 13Դաւիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դէմ»։ Նաթանն ասաց Դաւթին. 14«Տէրը ներեց քո մեղքը, եւ դու չես մեռնի, բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տուեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնուելիք որդիդ պէտք է մեռնի»։
ԴԱՒԹԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ
15Նաթանը գնաց իր տունը, եւ Տէրը հարուածեց Դաւթի համար Ուրիայի կնոջ ծնած մանկանը, եւ սա հիւանդացաւ։ 16Դաւիթը մանկան համար աղաչեց Աստծուն. Դաւիթը ծոմ պահեց ու գիշերը գետնին քնեց։ 17Պալատականները ելան գնացին նրա մօտ, որ նրան գետնից բարձրացնեն, բայց նա չուզեց գետնից վեր կենալ եւ նրանց հետ հաց չկերաւ։ 18Երբ եօթներորդ օրը մանուկը մեռաւ, պալատականները վախենում էին Դաւթին յայտնել, թէ մանուկը մեռաւ, քանզի ասում էին. «Քանի դեռ մանուկը կենդանի էր, խօսեցինք նրա հետ, բայց նա մեր ասածը չլսեց։ Հիմա ինչպէ՞ս ասենք, թէ մանուկը մեռաւ։ Նա չարիք կը գործի»։ 19Դաւիթը տեսնելով, որ պալատականները փսփսում են եւ հասկանալով, որ մանուկը մահացել է, ասաց պալատականներին. «Մի՞թէ մանուկը մեռաւ»։ Նրանք ասացին՝ «Մեռաւ»։ 20Դաւիթը գետնից վեր կացաւ, լուացուեց ու օծուեց, փոխեց իր զգեստները, մտաւ Աստծու տունն ու երկրպագեց նրան։ Ապա նա իր տունը մտաւ, ուզեց հաց ուտել։ 21Նրա առաջ հաց դրեցին, ու նա կերաւ։ Պալատականները նրան ասացին. «Այս ի՞նչ արեցիր մանկան համար. քանի նա կենդանի էր, ծոմ էիր պահում, լալիս ու տանջւում, իսկ երբ մանուկը մեռաւ, վեր կացար, կերար ու խմեցիր»։ 22Դաւիթն ասաց. «Քանի մանուկը կենդանի էր, ծոմ էի պահում ու լալիս, որովհետեւ մտածում էի. “Ո՞վ գիտի, գուցէ Տէրը ողորմի, եւ մանուկն ապրի”։ 23Հիմա որ մանուկը մեռաւ, ես ինչո՞ւ ծոմ պահեմ, մի՞թէ կարող եմ նրան յետ կեանքի կոչել։ Ես եմ նրա մօտ գնալու, իսկ նա ինձ մօտ չի վերադառնայ»։
ՍՈՂՈՄՈՆԻ ԾՆՈՒՆԴԸ
24Դաւիթը մխիթարեց իր կնոջը՝ Բերսաբէէին։ Դաւիթը գնաց նրա մօտ, պառկեց նրա հետ, կինը յղիացաւ ու ծնեց որդի։ Դաւիթը նրա անունը դրեց Սողոմոն։ 25Տէրը սիրեց նրան, Նաթան մարգարէի միջոցով պատգամ յղեց, եւ սա մանկան անունը Տիրոջ համար Յեդեդի դրեց։
ԴԱՒԻԹԸ ԳՐԱՒՈՒՄ Է ՌԱԲԱԹԸ
()
26Յովաբը Ռաբաթում պատերազմում էր ամոնացիների դէմ եւ գրեթէ գրաւել էր թագաւորանիստ քաղաքը։ 27Յովաբը պատգամաբերներ ուղարկեց Դաւթին՝ ասելով. 28«Ռաբաթի դէմ պատերազմել եմ եւ գրաւել ջրերի քաղաքը։ Արդ, հաւաքի՛ր մնացած ժողովրդին, քաղաքի դիմաց բանա՛կ դիր ու գրաւի՛ր այն, որպէսզի ե՛ս գրաւած չլինեմ քաղաքը, եւ իմ անունը չկապուի դրա հետ»։ 29Դաւիթը հաւաքեց ամբողջ ժողովրդին, գնաց Ռաբաթ ու պատերազմելով գրաւեց այն։ 30Նա նրանց թագաւոր Մեղքոմի գլխից վերցրեց թագը, որի քաշը մի տաղանդ ոսկի էր եւ զարդարուած էր թակարժէք քարերով։ Դա դրեցին Դաւթի գլխին։ Նա քաղաքից խիստ շատ աւար տարաւ։ 31Նա դուրս հանեց այդտեղի ժողովրդին, նրանց լծեց սղոցի ու երկաթէ կացինների աշխատանքների, գործի դրեց աղիւսի փռում։ Նա այսպէս վարուեց նաեւ ամոնացիների բոլոր քաղաքներում։ Դաւիթն ու ամբողջ ժողովուրդը դրանից յետոյ վերադարձան Երուսաղէմ։
Էջմիածին · HYEJB1994