Երկրորդ Թագավորաց գիրք

14

ԱԲԵՍԱՂՈՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՐՈՒՍԱՂԷՄ

1Շարուհիի որդի Յովաբն իմացել էր, որ արքայի սիրտը վերստին տաքացել է Աբեսաղոմի հանդէպ։ 2Յովաբը մարդ ուղարկեց Թեկուէ եւ այնտեղից մի ճարպիկ բերելով՝ ասաց նրան. «Սգաւոր ձեւացի՛ր՝ սգոյ հագուստներ հագի՛ր, իւղով մի՛ օծուիր եւ դարձի՛ր այնպիսի մի կին, որ երկար ժամանակ մեռեալի վրայ է սգում։ 3Կը գնաս արքայի մօտ եւ նրա հետ այսպէս կը խօսես»։ Եւ Յովաբը նրան յայտնեց այն, ինչ պէտք է ասէր։ 4Թեկուացի կինը մտաւ արքայի մօտ եւ երեսնիվայր գետին խոնարհուելով՝ ասաց. 5«Փրկի՛ր ինձ, արքա՛յ, փրկի՛ր»։ Արքան ասաց նրան. «Ի՞նչ է եղել քեզ»։ Նա ասաց. «Ես մեծ տագնապի մէջ եմ։ 6Մի կին եմ ես, ամուսինս մահացել է։ Քո աղախինը երկու որդի ունէր։ Երկուսը դաշտում կռուեցին, ու ոչ ոք չբաժանեց նրանց, եւ եղբայրներից մէկը միւսին խփեց ու սպանեց։ 7Ամբողջ ազգատոհմը վեր է կացել քո աղախնի դէմ՝ ասելով. “Իր եղբօրը սպանողին յանձնի՛ր, որ նրան սպանենք իր եղբօր արեան փոխարէն եւ քո ժառանգորդին վերացնենք”։ Այսպիսով նրանք ուզում են հանգցնել իմ յոյսի մնացած կայծը՝ իմ մարդու համար չթողնելով ո՛չ յետնորդ, ո՛չ էլ երկրի երեսին»։ 8Արքան ասաց. «Ողջութեամբ գնա՛ քո տունը, եւ ես կը կարգադրեմ քո հարցը»։ 9Թեկուացի կինն ասաց. «Թող ինձ վրայ, արքա՛յ, եւ իմ տան վրայ լինի մեղքը, իսկ արքան ու նրա աթոռն անպարտ թող լինեն»։ 10Արքան ասաց. «Ո՞վ է քեզ հետ խօսելու։ Նրան ինձ մօ՛տ բեր, եւ նա այլեւս քեզ չի մօտենայ»։ 11Կինն ասաց. «Թող արքան յիշի իր Տէր Աստծուն, որ չշատանան վրէժի համար արիւն թափողները եւ իմ որդուն չսպանեն»։ Դաւիթն ասաց. «Կենդանի է Տէրը. քո որդու գլխից մի մազ անգամ գետին չի ընկնի»։

12Կինն ասաց. «Թո՛յլ տուր, որ քո աղախինը մի ասի իր տէր արքային»։ 13Արքան ասաց. «Խօսի՛ր»։ Կինն ասաց. «Ինչո՞ւ այդպիսի բան ես մտածում Աստծու ժողովրդի մասին, կամ թէ արքայի՞ բերանից ելաւ այն վնասաբեր խօսքը, որ արքան չվերադարձնի իրենից հեռացուածին, 14որ նա մեռնի եւ, ինչպէս գետին թափած ջուրը, այլեւս չհաւաքուի, նրա հոգին չառնի, եւ որեւէ մէկը չմտածի իրենից հեռացնել հեռացուածին։ 15Արդ, եկել եմ իմ տէր արքային ասելու այս խօսքերը, որպէսզի, երբ ժողովուրդն ինձ տեսնի, ասի, թէ՝ “Քո աղախինը խօսել է արքայի հետ, թերեւս արքան իր աղախնի խօսքը կատարի”։ 16Քանզի արքան պէտք է լսի ու ինձ փրկի այն մարդու ձեռքից, որն ուզում է ինձ ու իմ որդուն Աստծու ժառանգութիւնից զրկել»։ 17Եւ կինն ասաց. «Թող իմ տէր արքայի խօսքը բարով կատարուի, քանզի իմ տէր արքան նման է Աստծու հրեշտակի, որը պատրաստ է լսելու բարին ու չարը, եւ թող քո Տէր Աստուածը քեզ հետ լինի»։ 18Արքան պատասխանեց եւ ասաց կնոջը. «Ինձանից մի՛ թաքցրու այն, ինչ քեզանից հարցնելու եմ»։ 19Կինն ասաց. «Ասա՛, տէ՛ր իմ արքայ»։ Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խօսքերի մէջ արդեօ՞ք Յովաբի մատը չկայ»։ Կինն ասաց արքային. «Երդւում եմ քո անձով, տէ՛ր իմ արքայ, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորուի այն ամենից, որ ասաց իմ տէր արքան. քո ծառայ Յովաբը ինքն է ինձ պատուիրել, եւ նա է քո աղախնի բերանը դրել այս խօսքերը, որ ասում եմ։ 20Այս խօսքի ձեւը փոխելու նպատակով է, որ քո ծառայ Յովաբն արեց այս բանը։ Իմ տէր արքան իմաստուն է Աստծու հրեշտակի պէս եւ գիտէ երկրի վրայ եղած ամէն բան»։

21Արքան գնաց եւ ասաց Յովաբին. «Ահաւասիկ անում եմ ըստ քո ասածի. գնա յե՛տ դարձրու, բե՛ր պատանի Աբեսաղոմին»։ 22Յովաբը երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց արքային, օրհնեց նրան։ Յովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացաւ, որ է գտել քո աչքում, տէ՛ր իմ արքայ, քանզի իմ տէր արքան իր ծառայի ասածը կատարեց»։ 23Յովաբը ելաւ գնաց Գեսուր եւ Աբեսաղոմին բերեց ։ 24Արքան ասաց. «Թող իր տունը վերադառնայ եւ թող իմ երեսը չտեսնի»։ Աբեսաղոմն իր տունը վերադարձաւ եւ արքայի աչքին չերեւաց։

ԱԲԵՍԱՂՈՄԸ ՀԱՇՏՒՈՒՄ Է ԹԱԳԱՒՈՐԻ ՀԵՏ

25Ամբողջ Իսրայէլի մէջ Աբեսաղոմի պէս գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչեւ գլուխը նա ոչ մի արատ չունէր։ 26Երբ իր գլխի մազերը կտրում էր, - իսկ նա ամէն տարուայ սկզբին էր կտրում, քանի որ մազերը խիստ ծանրանում էին նրա վրայ, - այդ կտրած մազերը կշռում էին երկու հարիւր ըստ արքունական կշռի։ 27Աբեսաղոմը երեք տղայ եւ մէկ աղջիկ ունեցաւ, որի անունն էր Թամար։ Նա տեսքով շատ գեղեցիկ կին էր եւ, դառնալով Սողոմոնի որդի Ռոբովամի կինը, նրա համար ծնեց Աբիային։

28Աբեսաղոմը երկու տարի մնաց Երուսաղէմում, բայց արքայի աչքին չերեւաց։ 29Աբեսաղոմը մարդ ուղարկեց Յովաբի մօտ, որ սա այցելի արքային, բայց Յովաբը չուզեց նրա մօտ գնալ։ Երկրորդ անգամ Աբեսաղոմը լուր ուղարկեց, եւ նա դարձեալ չուզեց գնալ։ 30Աբեսաղոմն ասաց իր ծառաներին. «Տեսէ՛ք, իմ արտի մօտ գտնուող Յովաբի արտը լի է գարիով, գնացէ՛ք եւ հրկիզեցէ՛ք այն»։ Աբեսաղոմի ծառաները այրեցին Յովաբի արտը։ Յովաբի ծառաները եկան իր մօտ իրենց պատառոտուած զգեստներով եւ ասացին. «Աբեսաղոմի ծառաները քո արտը այրեցին»։ 31Յովաբը ելաւ եկաւ Աբեսաղոմի տունը եւ ասաց նրան. «Ինչո՞ւ են քո ծառաները հրկիզել իմ արտը»։ 32Աբեսաղոմն ասաց Յովաբին. «Ես քեզ մօտ մարդ էի ուղարկել, թէ՝ “Ե՛կ այստեղ, որ քեզ ուղարկեմ արքայի մօտ՝ ասելու համար, թէ ես ինչո՞ւ եկայ Գեսուրից, քանի որ աւելի լաւ էր, որ դեռ այնտեղ մնայի, քան թէ արքայի երեսը չտեսնէի։ Եթէ որեւէ յանցանք ունեմ, սպանի՛ր ինձ”»։ 33Յովաբը մտնելով արքայի մօտ՝ հաղորդեց նրան նրա ասածը։ Արքան կանչեց Աբեսաղոմին, որը մտնելով արքայի մօտ՝ երեսնիվայր գետին ընկաւ արքայի առաջ, երկրպագեց նրան, եւ արքան համբուրեց Աբեսաղոմին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն