Երկրորդ Թագավորաց գիրք

16

ԴԱՒԻԹԸ ԵՒ ՍԻԲԱՆ

1Դաւիթը հազիւ էր հեռացել Հռոսից, երբ Մեմփիբոսթէի ծառայ Սիբան նրան ընդառաջ եկաւ երկու բեռնաւորուած էշերով։ Դրանց վրայ կային երկու հարիւր նկանակ, հարիւր ողկոյզ չամիչ, հարիւր շարոց արմաւ եւ մի սափոր ։ 2Արքան ասաց Սիբային. «Այդ ի՞նչ է»։ Սիբան ասաց. «Էշերը արքայի համար են, որ նստի, հացն ու արմաւը՝ ծառաների համար, որ ուտեն, իսկ գինին՝ այստեղ, անապատում մնացած մարդկանց համար, որ խմեն»։ 3Արքան հարցրեց. «Ո՞ւր է քո տիրոջ որդին»։ Սիբան պատասխանեց արքային. «Նա մնացել է Երուսաղէմում, քանզի ասել է. “Իսրայէլի տունն այսօր ինձ կը վերադարձնի իմ հօր թագաւորութիւնը”»։ 4Արքան ասաց Սիբային. «Թող քո՛նը լինի ամէն ինչ, որ Մեմփիբոսթէին է պատկանում»։ Սիբան գլուխը խոնարհելով՝ ասաց. « գտայ քո առաջ, տէ՛ր իմ արքայ»։

ՍԵՄԷԻՆ ԱՆԻԾՈՒՄ Է ԴԱՒԹԻՆ

5 արքան եկաւ մինչեւ Բաւուրիմ, եւ ահա այնտեղից, Սաւուղի տան ազգականներից մի մարդ մէջտեղ ելաւ։ Դա Գերայի որդի Սեմէին էր։ 6Սա դուրս եկաւ անիծելով եւ քարեր շպրտելով Դաւթի ու ամենքի վրայ, որոնք Դաւթի հետ էին։ Ամբողջ ժողովուրդն ու բոլոր քաջարիները կանգնած էին արքայի աջ ու ձախ կողմում։ 7Սեմէին, նրան անիծելով, այսպէս էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, արիւնարբո՛ւ եւ անօրէ՛ն մարդ։ 8Տէրը Սաւուղի տան թափած ամբողջ արիւնը քո դէմ դարձրեց, քանի որ նրա փոխարէն դո՛ւ թագաւորեցիր։ Տէրը քո թագաւորութիւնը յանձնեց քո որդի Աբեսաղոմի ձեռքը։ Նա քեզ է վերադարձնում քո չարիքը, քանզի դու արիւնարբու ես»։ 9Շարուհիի որդի Աբեսսան ասաց Դաւթին. «Ինչո՞ւ է մի սատկած շուն այսպէս անիծում իմ տէր արքային։ 10Թող գնամ ու կտրեմ նրա գլուխը»։ Արքան ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունէք, Շարուհիի՛ որդիներ։ Թողէ՛ք նա այդպէս անիծի, քանզի Տէրն է ասել նրան, որ անիծի Դաւթին։ Ո՞վ կարող է նրան ասել, թէ՝ “Ինչո՞ւ ես այդպէս վարւում”»։ 11Դաւիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Եթէ ինձնից սերուած իմ որդին իմ մահն է ուզում, որչա՜փ եւս առաւել կ’ուզի Յեմինի որդին։ Թո՛յլ տուէք նրան, որ անիծի, քանզի Տէրն է այդ ասել նրան։ 12Թերեւս Տէրը, տեսնելով իմ տառապանքները, ինձ բարիք հատուցի այսօրուայ անէծքի փոխարէն»։ 13Դաւիթը եւ իր հետ եղած մարդիկ գնացին իրենց ճանապարհով, իսկ Սեմէին գնում էր լերան կողքով, նրան մօտիկ, գնում էր ու անիծում, նրա կողմը քարեր նետում, նրա վրայ հող շաղ տալիս։ 14Արքան ու նրան ընկերակցող ամբողջ տանջուած զօրքը եկան ու հանգստացան այնտեղ։

ԱԲԵՍԱՂՈՄԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ

15Աբեսաղոմը եւ բոլոր իսրայէլացիները մտան ։ Նրանց հետ էր նաեւ Աքիտոփէլը։ 16Երբ Դաւթի բարեկամ արաքացի Քուսին եկաւ Աբեսաղոմի մօտ, Քուսին ասաց Աբեսաղոմին. «Կեցցէ՜ արքան»։

17Աբեսաղոմն ասաց Քուսիին. «Ա՞յդ է բարեկամիդ նկատմամբ ունեցած սէրդ, ինչո՞ւ չես գնացել քո բարեկամի հետ»։ 18Քուսին ասաց Աբեսաղոմին. «Այդպէս չէ. ում որ ընտրի Տէրը, ում որ ընտրեն իսրայէլացիները, այս ժողովուրդն ու բոլոր իսրայէլացիները, կը գնամ նրա հետ, նրանը կը լինեմ ու նրա հետ կը մնամ։ 19Բացի այդ, ես ո՞ւմ պիտի ծառայեմ, եթէ ոչ նրա որդուն։ Ինչպէս որ ծառայել եմ քո հօրը, այդպէս էլ կը ծառայեմ քեզ»։

20Աբեսաղոմն ասաց Աքիտոփէլին. «Խորհո՛ւրդ տուէք, թէ ի՞նչ պէտք է անենք»։ 21Աքիտոփէլն ասաց Աբեսաղոմին. «Մտի՛ր քո հօր հարճերի ծոցը, որոնց նա թողել էր իր տունը պահպանելու համար, եւ ամբողջ Իսրայէլը թող իմանայ, թէ խայտառակել ես հօրդ, եւ բոլոր քեզ հետ եղողները կը քաջալերուեն»։ 22Աբեսաղոմի համար վրան խփեցին տանիքում, եւ Աբեսաղոմը բոլոր իսրայէլացիների աչքի առաջ մտաւ իր հօր հարճերի ծոցը։ 23Աքիտոփէլի խորհուրդը, որ նա տալիս էր այդ օրերին, այնպիսին էր, կարծես մարդ Աստծուց էր խորհուրդ հարցնում։ Այդպիսին էր Աքիտոփէլի ամէն մի խորհուրդը ինչպէս Դաւթի, այնպէս էլ Աբեսաղոմի համար։

Էջմիածին · HYEJB1994