Երկրորդ Թագավորաց գիրք

18

ԱԲԵՍԱՂՈՄԻ ԶՕՐՔԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ

1Դաւիթն իր հետ եղած զօրքի աշխարհագիր անցկացրեց եւ նրանց վրայ հազարապետներ ու հարիւրապետներ կարգեց։ 2Դաւիթը զօրքի մէկ երրորդ մասը յանձնեց Յովաբի, մէկ երրորդ մասը Շարուհիի որդու՝ Յովաբի Աբեսսայի եւ մէկ երրորդ մասն էլ գեթացի Եթթիի հրամանատարութեանը։ Դաւիթն ասաց զօրքին. 3«Ես էլ պէտք է ձեզ հետ դուրս գամ»։ Նրանք ասացին. «Դու չպէտք է դուրս գաս, որովհետեւ եթէ փախչենք, նրանք մեզ կարեւորութիւն չեն տայ։ Կարեւորութիւն չեն տայ, եթէ անգամ մեր կէսն էլ կոտորուի։ Դու մեր տասը հազար մարդու արժէքն ունես։ Արդ, լաւ է, որ դու քաղաքում մնաս եւ մեզ օգնութեան հասնես»։ 4Արքան նրանց ասաց. «Ինչ որ ձեզ համար հաճելի է, ես այն կ’անեմ»։ Եւ արքան մնաց դարպասի մօտ, իսկ ամբողջ ժողովուրդը հարիւրներով ու հազարներով դուրս էր գալիս քաղաքից։ 5Արքան պատուէր տուեց Յովաբին, Աբեսսային ու Եթթիին՝ ասելով. «Խնայեցէ՛ք իմ պատանեակ Աբեսաղոմին»։ Եւ ամբողջ զօրքը լսեց, որ արքան Աբեսաղոմի համար բոլոր զօրավարներին պատուէր էր տալիս։

6Ամբողջ զօրքը դուրս եկաւ , Իսրայէլի դէմ, եւ կռիւ եղաւ Եփրեմի անտառում։ 7Իսրայէլի զօրքը պարտուեց Դաւթի ծառաներից. այդ օրը մեծ կոտորած եղաւ՝ քսան հազար ընկաւ։ 8Պատերազմն այստեղից տարածուեց ամբողջ երկրի վրայ։ Այդ օրն անտառն աւելի շատ զինուոր կլանեց, քան սուրը կոտորեց։

ԱԲԵՍԱՂՈՄԻ ՄԱՀԸ

9Աբեսաղոմը Դաւթի ծառաների դէմ դուրս եկաւ։ Աբեսաղոմն իր ջորին էր հեծել, եւ ջորին մի մեծ կաղնու թաւ ոստերի տակը մտաւ։ Նրա գլուխը կաղնու ճիւղերի մէջ խճճուեց, ու ինքը կախ ընկաւ երկնքի ու երկրի միջեւ, իսկ ջորին նրա տակից անցաւ գնաց։ 10Մի մարդ տեսաւ ու պատմեց Յովաբին, թէ՝ «Ահա տեսայ Աբեսաղոմին կաղնու ծառից կախուած»։ 11Յովաբն ասաց իրեն լուր տուող մարդուն. «Տեսել ես, բայց ինչո՞ւ նրան գետին չտապալեցիր։ Ես այսօր քեզ յիսուն սիկղ արծաթ եւ մի սուր կը տայի»։ 12Մարդն ասաց Յովաբին. «Եթէ քո ձեռքից նոյնիսկ հազար սիկղ արծաթ ստանայի, իմ ձեռքը արքայի որդու վրայ չէի բարձրացնի, քանզի արքան մեզ՝ քեզ, Աբեսսային ու Եթթիին պատուիրել է՝ ասելով. “Խնայեցէ՛ք Աբեսաղոմ պատանեակին, նրան ոչ մի վնաս թող չհասնի”։ 13Արքայի համար ոչ մի բան թաքուն չէր մնայ, եւ դու ինքդ էլ հեռու կը մնայիր»։ 14Յովաբն ասաց. «Դրա համար էլ քեզ մօտ չեմ մնայ»։ Եւ Յովաբը երեք նետ վերցրեց եւ դրանցով խոցեց Աբեսաղոմի սիրտը, մինչ նա կենդանի էր կաղնու վրայ։ 15Յովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին եւ խփելով Աբեսաղոմին՝ սպանեցին նրան։

16Յովաբը եղջերափող հնչեցրեց, եւ զօրքը նրա հետ վերադարձաւ, որպէսզի չհետապնդեն իսրայէլացիներին, որովհետեւ Յովաբը խնայում էր զօրքին։ 17Յովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մէջ։ Բոլոր իսրայէլացիները փախան՝ ամէն մէկն իր բնակավայրը։

18Աբեսաղոմը կենդանի եղած ժամանակ իր համար կոթող էր կանգնեցրել։ Նա կոթող էր կանգնեցրել նաեւ Յաբինում, Թագաւորների հովտում։ Նա ասում էր, թէ ինքը որդի չունի, որ պահի իր յիշատակը։ Եւ նա կոթողը կոչել էր իր անուամբ, ու այն մինչեւ օրս կոչւում է «Աբեսաղոմի ձեռակերտ»։

ԴԱՒԹԻՆ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱԲԵՍԱՂՈՄԻ ՄԱՀՈՒԱՆ ՄԱՍԻՆ

19Սադոկի որդի Աքիմաասն ասաց. «Գնամ, աւետիս տանեմ արքային, քանզի Տէրն արդար գործ արեց՝ նրան ազատելով իր թշնամիների ձեռքից»։ 20Յովաբն ասաց նրան. «Դու այսօր աւետիս տանող մարդ չես, մի ուրիշ օր աւետիս կը տանես։ Այսօր պէտք չէ աւետիս տանել, քանզի արքայի որդին մեռաւ»։ 21Նա ասաց Քուսիին. «Գնա յայտնի՛ր արքային, ինչ որ տեսար»։ Քուսին խոնարհ գլուխ տուեց Յովաբին ու դուրս եկաւ։ 22Սադոկի որդի Աքիմաասը դարձեալ ասաց Յովաբին. «Ի՞նչ կը լինի, եթէ ես էլ վազեմ Քուսիի յետեւից»։ Յովաբն ասաց. «Դու ինչո՞ւ պէտք է վազես, որդեա՛կ իմ, այստե՛ղ արի։ Դա այնպիսի աւետիս չէ, որ օգուտ բերի»։ 23Աքիմաասն ասաց. «Ի՞նչ կը լինի, եթէ վազեմ։» Յովաբն ասաց նրան. «Վազի՛ր»։ Աքիմաասը վազեց Կեքարի ճանապարհով եւ Քուսիից առաջ անցաւ։ 24Դաւիթը նստել էր երկու դարպասների միջեւ։ Պահակակէտի դիտորդը դարպասի տանիքի վրայով գնաց դէպի պարիսպը եւ իր հայեացքը բարձրացնելով՝ տեսաւ, որ մի մարդ մենակ վազում է իր կողմը։ 25Նա աղաղակելով՝ այդ մասին յայտնեց արքային։ Արքան ասաց. «Եթէ մենակ է, աւետիս է բերում»։ Նա գալիս, մօտենում էր։ 26Դիտորդը վազող մի ուրիշ մարդ էլ տեսաւ եւ դարպասի մօտից աղաղակեց՝ ասելով. «Ահա մի մարդ եւս մենակ վազում է»։ Արքան ասաց. «Նա էլ աւետաբեր է»։ 27Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադոկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա մարդ է եւ բարի լուրով կը գայ»։ 28Աքիմաասն աղաղակելով ու երեսնիվայր գետին ընկնելով՝ ասաց արքային. «Ողջո՛յն։ Օրհնեալ է քո Տէր Աստուածը, որ ոչնչացրեց քեզ ատելի մարդկանց, որոնք իրենց ձեռքը մեր տէր արքայի վրայ էին բարձրացրել»։ 29Արքան ասաց. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Աքիմաասն ասաց. «Ո՜վ արքայ, երբ քո ծառայ Յովաբն ինձ՝ քո ծառային ուղարկում էր, ես միայն մեծ բազմութիւն տեսայ։ Ես չիմացայ, թէ ինչ կար այնտեղ»։ 30Արքան ասաց. «Մի կո՛ղմ քաշուիր»։ Նա մի կողմ քաշուեց ու կանգնեց։ 31Հասաւ Քուսին եւ ասաց արքային. «Իմ տէր արքայ, աւետիս եմ բերել, Տէրն այսօր քեզ պաշտպանեց քեզ վրայ բոլոր ձեռք բարձրացնողներից»։ 32Արքան հարցրեց Քուսիին. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Քուսին ասաց. «Այդ երիտասարդի նման դառնան իմ արքայի թշնամիները եւ բոլոր չար նպատակով քո դէմ ելնողները»։

33Արքան խռովուեց, բարձրացաւ դարպասի վերնատունը եւ ողբալով այս էր ասում. «Որդի՜ս, Աբեսաղո՜մ, Աբեսաղո՜մ, որդեա՜կ իմ, երանի՜ ես մեռնէի քո փոխարէն, ես մեռնէի քո փոխարէն։ Աբեսաղո՜մ, որդեա՜կ իմ, որդեա՜կ իմ Աբեսաղոմ»։

Էջմիածին · HYEJB1994