Երկրորդ Թագավորաց գիրք
19
ԴԱՒԹԻ ՎԻՇՏԸ
1Յովաբին յայտնեցին, թէ արքան լալով ողբում էր Աբեսաղոմի մահը։ 2Այդ օրը յաղթանակը սուգի վերածուեց ամբողջ զօրքի համար, քանզի զօրքն այդ օրը լսել էր, թէ արքան տխրեց իր որդու համար։ 3Այդ օրը զօրքը գաղտագողի էր քաղաք մտնում այնպէս, ինչպէս ամօթահար զօրքը փախչում է պատերազմից։ 4Արքան իր երեսը ծածկեց եւ բարձրաձայն ողբալով՝ ասում էր. «Որդեա՜կ իմ Աբեսաղոմ, Աբեսաղո՜մ, որդեա՜կ իմ»։
5Յովաբը մտնելով պալատ, արքայի մօտ՝ ասաց. «Դու այսօր ամօթով ես թողնում քո բոլոր ծառաներին, որոնք փրկեցին քեզ, քո տղաներին ու աղջիկներին, քո կանանց ու հարճերին։ 6Սիրում ես քեզ ատողներին եւ ատում՝ քեզ սիրողներին։ Դու այսօր ցոյց տուեցիր, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու ծառաները։ Ես հաստատ գիտեմ, որ, եթէ Աբեսաղոմը կենդանի լինէր, մենք ամէնքս այսօր մեռած կը լինէինք, եւ դա քեզ հաճելի կը լինէր։ 7Արդ, վե՛ր կաց եւ սի՛րտ տուր քո ծառաներին, քանզի երդւում եմ Տիրոջ անունով, որ, եթէ այսօր դուրս չգաս, այս գիշեր քեզ մօտ մարդ չի մնայ։ Գիտցի՛ր, որ դա քեզ համար շատ աւելի վատ կը լինի, քան այն բոլոր չարիքները, որ հասել են քեզ մանկութիւնից սկսած մինչեւ այժմ»։ 8Արքան ելաւ ու նստեց դարպասի մօտ։ Ամբողջ զօրքին յայտնեցին՝ ասելով. «Ահա արքան նստել է դարպասի մօտ»։ Ամբողջ զօրքը եկաւ արքայի առաջ, իսկ իսրայէլացիները փախան իրենց բնակութեան վայրերը։
ԴԱՒԻԹԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄ
9Ամբողջ ժողովուրդը Իսրայէլի բոլոր ցեղերի խղճմտանքին էր դիմում՝ ասելով. «Դաւիթ արքան մեզ փրկեց մեր բոլոր թշնամիներից, նա մեզ ազատեց այլազգիների ձեռքից, իսկ հիմա Աբեսաղոմի պատճառով փախստական է դարձել իր երկրից ու թագաւորութիւնից։ 10Աբեսաղոմը, որին մեզ թագաւոր օծեցինք, մեռել է պատերազմում։ Հիմա ինչո՞ւ չէք խօսում արքային յետ դարձնելու մասին»։ 11Բոլոր իսրայէլացիների ասած այդ խօսքերը հասան արքային, եւ Դաւիթ արքան մարդ ուղարկեց Սադոկ եւ Աբիաթար քահանաների մօտ՝ ասելով. «Խօսեցէ՛ք Յուդայի երկրի ծերերի հետ եւ ասացէ՛ք. “Ինչո՞ւ վերջինը դառնանք արքային իր տունը յետ բերողների մէջ”, քանզի բոլոր իսրայէլացիների ասած խօսքը հասաւ արքային»։ 12Դաւիթն ասաց Յուդայի ցեղին. «Դուք իմ ոսկորն ու մարմինն էք, ինչո՞ւ էք վերջինը մնում արքային իր տունը յետ բերողների մէջ։ 13Ամեսայիին ասացէ՛ք. “Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Աստուած ինձ այսպէս ու աւելին անի, եթէ դու ամէն ժամանակ իմ զօրքի հրամանատար չլինես Յովաբի փոխարէն”»։ 14Դաւիթը Յուդայի երկրի բոլոր մարդկանց սրտերը մէկ մարդու սրտի պէս դէպի իրեն դարձրեց, եւ սրանք պատգամաւորներ ուղարկեցին արքայի մօտ՝ ասելով. «Յե՛տ դարձէք դու եւ քո բոլոր ծառաները»։ 15Արքան վերադարձաւ ու եկաւ մինչեւ Յորդանան գետը։ Յուդայի երկրի մարդիկ եկան Գաղգաղա՝ արքային դիմաւորելու եւ Յորդանան գետով անցկացնելու համար։
16Յեմինայի որդի Գերայի որդի բաւուրիմացի Սեմէին շտապեց ու Յուդայի երկրի մարդկանց հետ, իր հետ ունենալով Բենիամինի երկրից հազար մարդ, եկաւ դիմաւորելու Դաւիթ արքային։ 17Սաւուղի տան ծառայ Սիբան իր տասնհինգ որդիների եւ քսան ծառաների հետ եկաւ, որ կազմակերպի արքայի անցումը Յորդանան գետից։ 18Լաստեր պատրաստեցին, որ անցկացնեն արքայի ընտանիքը եւ նրա ողորմածութեանն արժանանան։ Մինչ արքան Յորդանան գետն էր անցնում, Գերայի որդի Սեմէին երեսնիվայր ընկաւ արքայի առաջ։
ԹԱԳԱՒՈՐԸ ԽՆԱՅՈՒՄ Է ՍԵՄԷԻԻՆ
19Նա ասաց արքային. «Թող իմ տէր արքան մոռանայ իմ անօրէնութիւնը, չյիշի, որ իր ծառան յանցանք է գործել այն օրը, երբ իմ տէրը դուրս էր եկել Երուսաղէմից։ 20Թագաւորն այն թող մոռանայ, քանզի քո ծառան գիտի, որ մեղք է գործել, եւ այսօր ահաւասիկ Յովսէփի ամբողջ տնից ես եմ առաջինը եկել դիմաւորելու իմ տէր արքային»։ 21Շարուհիի որդի Աբեսսան պատասխան տալով՝ ասաց. «Մի՞թէ Սեմէին չի մեռնելու այն բանի փոխարէն, որ նա անիծեց Տիրոջ օծեալին»։ 22Դաւիթն ասաց. «Ի՞նչ եմ արել ես ձեզ, Շարուհիի՛ որդիներ, որ այսօր իմ դէմ դաւաճանութիւն էք անում։ Այսօր Իսրայէլից ոչ ոք չի մեռնելու։ Մի՞թէ ես չգիտեմ, որ այսօր ես եմ թագաւորում Իսրայէլի վրայ»։ 23Եւ արքան ասաց Սեմէիին. «Դու պիտի չմեռնես»։ Եւ արքան երդուեց նրան։
ԴԱՒԻԹԸ ՆԵՐՈՒՄ Է ՄԵՄՓԻԲՈՍՏԷԻՆ
24Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն արքային ընդառաջ եկաւ։ Նա արքայի գնալու օրուանից մինչեւ նրա խաղաղութեամբ վերադառնալը ո՛չ իր ոտքերն էր խնամել, ո՛չ եղունգներն էր կտրել, ո՛չ մօրուքը տեսքի բերել, ո՛չ բեղերը շտկել եւ ո՛չ էլ հագուստներն էր լուացել։ 25Երբ նա մտաւ Երուսաղէմ եւ ընդառաջ ելաւ արքային, արքան ասաց նրան. «Ինչո՞ւ ինձ հետ չեկար, Մեմփիբոսթէ՛»։ 26Մեմփիբոսթէն նրան ասաց. «Տէ՛ր իմ արքայ, ծառաս ինձ խաբեց, քանզի քո ծառան ասաց նրան, թէ “Համետի՛ր էշը, որ հեծնեմ ու գնամ արքայի մօտ”, քանի որ քո ծառան կաղ է։ 27Իսկ նա՝ քո ծառան, տէ՛ր իմ արքայ, քեզ մօտ ինձ զրպարտել է։ Տէ՛ր իմ արքայ, որպէս Աստծու հրեշտակ, բարի գործեր ես արել։ 28Արդ, արա՛, ինչ քո աչքին բարի է. թէեւ իմ հօր ամբողջ տունը իմ տէր արքայի առաջ մահուան արժանի մարդիկ են, բայց դու քո ծառային դրեցիր այն մարդկանց շարքը, որոնք արքայի սեղանից են ուտում։ Արդ, այսուհետեւ էլ ի՞նչ իրաւունք ունեմ արքային բողոքելու»։ 29Արքան նրան ասաց. «Ինչո՞ւ ես ասում այդ խօսքերը։ 30Ասել եմ, որ դու եւ Սիբան բաժանէք ագարակը»։ Մեմփիբոսթէն ասաց արքային. «Նա նոյնիսկ ամբողջը թող առնի, քանի որ արքան խաղաղութեամբ իր տունն է վերադարձել»։
ԴԱՒԻԹԸ ՀԱՏՈՒՑՈՒՄ Է ԲԵՐԶԵԼԻԻՆ
31Գաղաադացի Բերզելին եկաւ Ռոգելիմից եւ արքային անցկացրեց Յորդանան գետով՝ նրան ընկերակցելով մինչեւ Յորդանան գետի միւս կողմը։ 32Բերզելին շատ ծեր մարդ էր, ութսուն տարեկան։ Նա էր, որ արքային կերակրել էր, երբ վերջինս բնակւում էր Բանակատեղիներում, քանի որ նա շատ հարուստ մարդ էր։ 33Արքան ասաց Բերզելիին. «Դու ե՛կ ինձ հետ, եւ ես քո ծերութեան օրերին քեզ կը կերակրեմ Երուսաղէմում»։ 34Բերզելին ասաց արքային. «Ինչքա՞ն են իմ կեանքի օրերը, որ արքայի հետ գնամ Երուսաղէմ։ 35Այսօր ես ութսուն տարեկան եմ։ Միթէ կարո՞ղ եմ լաւը վատից տարբերել, կամ թէ ծառադ արդեօք կերածի ու խմածի համը կ’առնի՞, կամ թէ տակաւին կը լսե՞մ գուսանների ու վարձակների ձայնը։ 36Ինչո՞ւ ծառադ բեռ լինի իր տէր արքային։ Քո ծառան արքայի հետ հազիւ անցնի Յորդանան գետը։ Ինչո՞ւ արքան ինձ այդ հատուցումն է տալիս։ 37Քո ծառան թող ապրի ու մեռնի իր քաղաքում, իր հօր ու մօր գերեզմանի մօտ։ Թող քո ծառայ Քամաա՛մն անցնի իմ տէր արքայի հետ, եւ նրան արա՛ այն, ինչ բարի է քո աչքին»։ 38Արքան ասաց. «Թող Քամաա՛մն անցնի ինձ հետ, եւ ես նրան կ’անեմ այն, ինչ բարի է իմ աչքին։ Ամէն ինչ, որ դու ինձանից կ’ակնկալես, կ’անեմ քեզ համար»։
39Ամբողջ ժողովուրդն անցաւ Յորդանան գետը. անցաւ եւ արքան։ Արքան համբուրեց Բերզելիին, օրհնեց նրան, եւ սա իր տեղը վերադարձաւ։ 40Արքան գնաց Գաղգաղա, Քամաամն էլ անցաւ գնաց նրա հետ։ Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը եւ Իսրայէլի ժողովրդի կէսը գնացին արքայի հետ։
41Բոլոր իսրայէլացիները եկան ու ասացին արքային. «Ինչո՞ւ մեր եղբայրները՝ Յուդայի երկրի մարդիկ, քեզ փախցրին եւ արքային ու նրա տունն անցկացրին Յորդանան գետով»։ 42Յուդայի երկրի մարդիկ պատասխանեցին իսրայէլացիներին՝ ասելով. «Որովհետեւ արքան մեզ աւելի հարազատ է։ Եւ ինչո՞ւ էք դժգոհ այդ բանի համար։ Միթէ արքան մեզ կերակրե՞լ է կամ մեզ պարգեւնե՞ր է տուել եւ կամ մեր բեռը կրե՞լ է»։ 43Իսրայէլացիները Յուդայի երկրի մարդկանց պատասխանեցին՝ ասելով. «Մենք տասն անգամ աւելի իրաւունք ունենք արքային մօտ, քան դուք։ Անդրանիկը մենք ենք, ոչ դուք։ Դաւթի նկատմամբ էլ մենք աւելի շատ իրաւունք ունենք, քան դուք։ Ինչո՞ւ մեզ անարգեցիք եւ մեր խորհուրդը չհարցրիք նախքան արքային մեզ մօտ վերադարձնելը»։ Եւ Յուդայի երկրի մարդիկ աւելի խիստ էին խօսում, քան իսրայէլացիները։
Էջմիածին · HYEJB1994