Երկրորդ Թագավորաց գիրք
3
1Սաւուղի տան ու Դաւթի տան միջեւ սաստիկ պատերազմ եղաւ։ Դաւթի տունը գնալով հզօրանում էր, իսկ Սաւուղի տունը գնալով տկարանում էր։
ԴԱՒԹԻ ՈՐԴԻՆԵՐԸ
2Քեբրոնում Դաւիթը որդիներ ունեցաւ։ Նրա անդրանիկը յեզրայէլացի Աքինոոմայից ծնուած Ամմոնն էր, 3երկրորդը կարմեղացի Աբիգեայից ծնուած Դաւիան էր, երրորդը Գեսուրի արքայ Թողմիի դուստր Մաաքայից ծնուած Աբեսաղոմն էր, 4չորրորդը Ագգիթի որդի Ադոնիան էր, հինգերորդը Ամիտաղի որդի Սափատիան էր, 5վեցերորդը Դաւթի Եգղաթա կնոջից ծնուած Յեթրամն էր։ Դաւիթը այս որդիներին ունեցաւ Քեբրոնում։
6Երբ Սաւուղի տան եւ Դաւթի տան միջեւ պատերազմ էր տեղի ունենում, Աբենները Սաւուղի տունն էր կառավարում։ 7Սաւուղն ունէր մի հարճ, որի անունը Ռեսփա էր։ Նա Յուղի դուստրն էր։ Սաւուղի որդի Յեբուսթէն ասաց Աբեններին. 8«Ինչո՞ւ ես պառկում իմ հօր հարճի հետ»։ Աբենները խիստ բարկանալով Յեբուսթէի խօսքի համար՝ նրան ասաց. «Միթէ՞ ես շան գլուխ եմ։ Քո հօր տան, նրա եղբայրներին ու բարեկամներին այսօր ծառայութիւն եմ մատուցել, բայց քեզ Դաւթի տան ձեռքը չեմ մատնել։ Իսկ դու այսօր մի կնոջ համար ինձանից վրէժ ես լուծում։
ԱԲԵՆՆԵՐԸ ԳԺՏՒՈՒՄ Է ՅԵԲՈՒՍԹԷԻ ՀԵՏ
9Աստուած Աբեններին այսպէս ու սրանից աւելին թող անի, եթէ Դաւթի նկատմամբ չանեմ այն, ինչ Տէրը երդուեց նրան՝ ասելով, 10թէ՝ “Թագաւորութիւնը վերցնելու եմ Սաւուղից եւ Դաւթի թագաւորութիւնն եմ հաստատելու Իսրայէլի ու Յուդայի երկրի վրայ Դանից մինչեւ Բերսաբէէ”»։ 11Յեբուսթէն վախից այլեւս չկարողացաւ պատասխան տալ Աբեններին։
ԱԲԵՆՆԵՐԸ ԴԱՒԹԻ ԴԱՇՆԱԿԻՑ
12Աբեններն անմիջապէս պատգամաւորներ ուղարկելով Թեսաղմի երկիր, Դաւթի մօտ՝ ասաց. «Ինձ հետ քո ուխտը կնքի՛ր, եւ ես քեզ կ’օգնեմ ամբողջ Իսրայէլը քո կողմը դարձնելու համար»։ 13Դաւիթն ասաց. «Բարի։ Ես քեզ հետ ուխտ կը կնքեմ, բայց քեզանից մի բան եմ խնդրում. ինձ չներկայանաս, եթէ ինձ տեսնելու գալիս հետդ չբերես Սաւուղի դուստր Մեղքողին»։ 14Դաւիթը Սաւուղի որդի Յեբուսթէի մօտ պատգամաւորներ ուղարկեց՝ ասելով. «Ինձ տո՛ւր իմ կին Մեղքողին, որին ես ստացել եմ այլազգիների հարիւր անթլփատ անդամների դիմաց»։ 15Յեբուսթէն մարդ ուղարկեց ու Մեղքողին առաւ իր ամուսնուց՝ Սեղղայի որդի Փաղտիէլից։ 16Նրա ամուսինը լալով գնում էր նրա յետեւից մինչեւ Բարակիմ։ Աբեններն ասաց նրան. «Յե՛տ դարձիր»։ Եւ նա յետ դարձաւ։
17Աբենները խօսելով Իսրայէլի ծերերի հետ՝ ասաց. «Երկար ժամանակ խնդրում էիք, որ Դաւիթը թագաւորի ձեզ վրայ։ 18Հիմա իրագործեցէ՛ք, քանզի Տէրը խօսելով Դաւթի մասին՝ ասել է. “Իմ ծառայ Դաւթի ձեռքով եմ փրկելու Իսրայէլը այլազգիների ձեռքից եւ նրա բոլոր թշնամիների ձեռքից”»։ 19Աբեններն այս բանն ասաց Բենիամինին։ Աբենները գնաց Քեբրոն Դաւթին յայտնելու այն, ինչ հաճելի էր թուացել Իսրայէլին եւ Բենիամինի ամբողջ տանը։ 20Աբենները քսան մարդկանցով եկաւ Քեբրոն, Դաւթի մօտ, եւ Դաւիթը Աբենների ու նրա հետ եկած մարդկանց համար խրախճանք կազմակերպեց։ 21Աբեններն ասաց Դաւթին. «Գնամ եւ ամբողջ Իսրայէլին հաւաքեմ իմ տէր արքայի շուրջը, քեզ հետ ուխտ դնեմ, եւ դու թագաւորես բոլոր նրանց վրայ, որոնց ցանկանում ես»։ Դաւիթն Աբեններին յետ ուղարկեց, եւ սա գնաց խաղաղութեամբ։
ԱԲԵՆՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
22Դաւթի մարդիկ եւ Յովաբը եկան ասպատակութիւնից՝ իրենց հետ բազում աւար բերելով։ Յովաբը Քեբրոնում, Դաւթի մօտ չէր, երբ սա նրան արձակել էր, եւ նա գնացել էր խաղաղութեամբ։ 23Յովաբն ու նրա ամբողջ զօրքը եկան։ Յովաբին յայտնեցին, թէ Ների որդի Աբենները եկել է Դաւթի մօտ, սա նրան արձակել է, եւ նա գնացել է խաղաղութեամբ։ 24Յովաբը մտնելով Դաւիթ արքայի մօտ՝ ասաց. «Այդ ի՞նչ ես արել. Աբենները եկել է քեզ մօտ, եւ դու ինչո՞ւ նրան խաղաղութեամբ արձակեցիր։ 25Մի՞թէ չգիտես Ների որդի Աբենների չարութիւնը։ Նա եկել է քեզ խաբելու, իմանալու քո ելումուտը եւ տեղեկանալու այն ամենին, ինչ դու անում ես»։ 26Յովաբը դուրս եկաւ Դաւթի մօտից, պատգամաւորներ ուղարկեց Աբենների ետեւից, որոնք եւ նրան վերադարձրին Սէիրմի ջրհորից։ 27Դաւիթն այդ մասին չգիտէր։ Յովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարաւ իբր թէ նրան գաղտնի բան յայտնելու նպատակով եւ իր եղբայր Ասայէլի արեան վրէժը լուծելու համար խոցեց նրա կողը, եւ նա մեռաւ։
28Դրանից յետոյ Դաւիթն իմանալով այդ մասին՝ ասաց. «Ես եւ իմ թագաւորութիւնը Տիրոջ առաջ յաւիտեան անպարտ ենք Ների որդի Աբենների արեան համար։ 29Թող Յովաբի եւ նրա հօր ամբողջ տան վրայ ընկնի մեղքը, եւ Յովաբի տնից անպակաս լինեն սերմը ծորողը, բորոտը, ցուպով շրջող մուրացիկը, սրից ընկնողն ու սովամահը»։ 30Յովաբն ու նրա եղբայր Աբեսսան հետապնդում էին Աբեններին այն բանի համար, որ նա Գաբաւոնում, պատերազմի ժամանակ, սպանել էր իրենց եղբօրը՝ Ասայէլին։
ԱԲԵՆՆԵՐԻ ԹԱՂՈՒՄԸ
31Դաւիթը Յովաբին ու նրա հետ եղած ամբողջ ժողովրդին ասաց. «Պատառոտեցէ՛ք ձեր հագուստները, քո՛ւրձ հագէք ու ողբացէ՛ք Աբենների վրայ»։ 32Դաւիթ արքան գնում էր դագաղի յետեւից։ Աբեններին թաղեցին Քեբրոնում։ Արքան բարձրաձայն լաց եղաւ նրա գերեզմանի վրայ։ Աբենների համար լաց էր լինում նաեւ ամբողջ ժողովուրդը։ 33Արքան Աբեններին ողբալով ասում էր. «Մի՞թէ Աբենները պիտի մեռնէր այնպէս, ինչպէս մի անզգամ է մեռնում։ Միթէ Նաբաղի մահո՞վ պիտի մեռնէր Աբենները։
34Քո ձեռքերը կապուած չէին, քո ոտքերը չէին շղթայուած։ Քեզ չբերեցին, ինչպէս անիրաւ Նաբաղին էին բերել, բայց դու ընկար անկարող, ինչպէս ընկնում են անիրաւները»։
35Ամբողջ ժողովուրդը հաւաքուեց նրան ողբալու։ Ամբողջ ժողովուրդը եկաւ Դաւթին ընթրիք տալու, քանի դեռ ցերեկ էր, սակայն Դաւիթը երդուելով ասաց. «Աստուած ինձ այսպէս եւ այսպէս ու աւելին անի, եթէ արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ որեւէ բան ուտեմ»։ 36Ամբողջ ժողովուրդը իմացաւ այդ, նրան հաճելի թուաց այն ամբողջ բարութիւնը, որ արքան գործել էր ժողովրդի համար։ 37Նրանք՝ բոլոր իսրայէլացիներն այդ օրը իմացան, որ արքայի հրամանով չի եղել Ների որդի Աբենների սպանութիւնը։ 38Արքան ասաց իր ծառաներին. «Չգիտէ՞ք, որ այսօր Իսրայէլի մի մեծ առաջնորդ ընկաւ, 39որ այսօր նա ինձ արիւնակից էր եւ արքայի կողմից էր նշանակուած։ Սակայն այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից աւելի դաժան են։ Տէրը չարին թող նրա չարութեան համեմատ հատուցի»։
Էջմիածին · HYEJB1994