Երկրորդ Թագավորաց գիրք

7

ՆԱԹԱՆԻ ՊԱՏԳԱՄԸ ԴԱՒԹԻՆ

()

1Երբ Դաւիթը բնակուեց իր տանը, եւ Տէրը նրան ազատեց շրջապատի իր թշնամիներից, արքան ասաց Նաթան մարգարէին. 2«Ահաւասիկ ես բնակւում եմ եղեւնափայտից պատրաստուած տան մէջ, բայց Աստծու տապանակը վրանից մէջ է գտնւում»։ 3Նաթանն ասաց արքային. «Ամէն ինչ, որ մտքիդ մէջ կայ, գնա՛ եւ արա՛, քանզի Տէրը քեզ հետ է»։

4Նոյն գիշերը Տէրը խօսեց Նաթանի հետ եւ ասաց. «Գնա՛ եւ ասա՛ իմ ծառայ Դաւթին. 5այսպէս է ասում Տէրը. “Դու ինձ համար բնակուելու չպէտք է շինես, 6որովհետեւ տան մէջ չեմ բնակուել այն օրից, որ իսրայէլացիներին հանեցի Եգիպտոսից։ 7Ես շրջում եմ՝ իջեւանելով վրաններում։ Ամենուրեք, որ շրջել եմ իսրայէլացիների մէջ, մի՞թէ երբեւիցէ խօսել եմ Իսրայէլի ազգատոհմերից որեւէ մէկի հետ, հրաման տուել հովուելու Իսրայէլի իմ ժողովրդին, ասելով, թէ՝ “Ինչո՞ւ ինձ համար եղեւնափայտէ տուն չշինեցիք”։ 8Արդ, այսպէ՛ս ասա իմ ծառայ Դաւթին. Այսպէ՛ս է ասում ամենակալ Տէրը. “Ես քեզ վերցրել եմ ոչխարների հօտից, որ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ առաջնորդ լինես։ 9Ես քեզ հետ էի ամենուրեք, ուր գնում էիր, քո առջեւից քո բոլոր թշնամիներին ոչնչացրի եւ քեզ անուանի դարձրի երկրի վրայ եղած մեծամեծների անուանը հաւասար։ 10Իսրայէլի իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ ու ամրացնեմ նրան այնտեղ, որ նա առանձին բնակուի եւ այլեւս հոգս չունենայ, որպէսզի անօրէն մարդիկ առաջուայ պէս չխոշտանգեն նրան, 11ինչպէս եղել էր այն օրերից ի վեր, երբ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ կարգեցի։ Քեզ պիտի ազատեմ քո բոլոր թշնամիներից, եւ Տէրը քեզ պիտի ասի, որ իր համար տուն պէտք է շինես։ 12Եւ երբ քո կեանքի օրերը լրանան եւ քո նախնիների գիրկը գնաս, քեզանից յետոյ քո յետնորդը հանդիսացող զաւակիդ պիտի բարձրացնեմ եւ նրա թագաւորութիւնը պիտի հաստատեմ։ 13Նա է իմ անուան համար տուն շինելու, եւ ես նրա աթոռը կանգուն պիտի պահեմ յաւիտեան։ 14 պիտի լինեմ նրան, եւ նա ինձ որդի պիտի լինի, եւ եթէ նա անիրաւութիւն գործի, պիտի յանդիմանեմ նրան ու խրատեմ մարդկանց գործածած գաւազանով եւ մարդկային տանջանքներով։ 15Բայց նրան ողորմութիւն չեմ զլանայ, ինչպէս զլացայ նրանց, որոնց իմ առաջից վանեցի։ 16Յաւիտեան հաստատուն պիտի լինեն նրա անունն ու թագաւորութիւնը իմ առաջ, նրա աթոռը յաւիտեան կանգուն պիտի մնայ իմ առաջ”»։ 17Այս բոլոր խօսքերն ու ամբողջ տեսիլքը նոյն ձեւով Նաթանը հաղորդեց Դաւթին։

ԴԱՒԹԻ ԱՂՕԹՔԸ

()

18 արքան գնաց ու նստելով Տիրոջ առաջ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տէ՛ր իմ, Տէ՛ր, եւ ի՞նչ է իմ տունը, որ ինձ այսքան սիրեցիր։ 19Տէ՛ր իմ, Տէ՛ր, դոյզն չափով իսկ չնուաստացայ քո առաջ։ Դու խօսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար։ Մի՞թէ այս է մարդկային օրէնքը, Տէ՛ր իմ, Տէ՛ր։ 20Դաւիթն էլ ի՞նչ ասի քեզ, քանզի դու, Տէ՛ր իմ, Տէ՛ր, ճանաչում ես քո ծառային։ 21Քո ծառայի համար եւ ըստ քո սրտի ինձ հասցրիր այս փառքին, որպէսզի քո ծառային իմացնես, որ ինձ պէտք է բարձրացնես, Տէ՛ր իմ, Տէ՛ր։ 22Ըստ մեր ականջներով լսածի, քեզ նման մէկը չկայ, եւ քեզանից բացի ուրիշ չկայ։ 23Եւ երկրի վրայ ո՞ր ազգն է Իսրայէլի քո ժողովրդի պէս, որին Աստուած ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպէսզի անուանի դարձնի քեզ եւ հռչակի քո մեծութիւնն ու յայտնութիւնը, որ Եգիպտոսից փրկուած ժողովրդիդ առջեւից ազգեր ու նրանց բնակութեան վրանները տապալեցիր։ 24Քո Իսրայէլին յաւիտեան քեզ հաստատեցիր քեզ համար, եւ դու, ո՜վ Տէր, նրանց համար Աստուած եղար։ 25Արդ, Տէ՜ր իմ, քո ծառայի ու նրա տան համար ասած խօսքդ յաւիտեան հաստատի՛ր եւ ասածիդ պէս արա՛, որ քո անունը յաւիտեան փառաւորուի։ 26Տէ՜ր ամենակալ, ամբո՛ղջ Իսրայէլի Աստուած, քո ծառայ Դաւթի տունը թող կանգուն մնայ քո առջեւ, 27որովհետեւ դու ես Իսրայէլի ամենակալ Տէր Աստուածը։ Թող քո անունը յաւիտեան փառաւորուի, դու քո ծառայի ականջին յայտնեցիր եւ ասացիր՝ “Քեզ համար տուն եմ շինելու”, ուստի քո ծառան յանդգնեց քո առջեւ այս աղօթքը անելու։ 28Եւ արդ, Տէ՜ր իմ, Տէ՛ր, դու ես Աստուած, քո խօսքերը ճշմարիտ են, եւ դու ես քո ծառային այս ամբողջ բարիքը խոստացել։ 29Ուստի հիմա օրհնի՛ր քո ծառայի տունը, որ յաւիտեան քո առջեւ լինի, քանզի դու ես, Տէ՜ր իմ, Տէ՛ր, որ ասել ես դա, եւ քո օրհնութեամբ է, որ քո ծառայի տունը յաւիտեան օրհնուած պիտի մնայ»։

Էջմիածին · HYEJB1994