Երկրորդ Թագավորաց գիրք
9
ԴԱՒԹԻ ԲԱՐՈՒԹԻՒՆԸ ՅՈՎՆԱԹԱՆԻ ՈՐԴԻ ՄԵՄՓԻԲՈՍԹԷԻ ՀԱՆԴԷՊ
1Դաւիթն ասաց. «Սաւուղի տնից մնացած մարդ կա՞յ, որ Յովնաթանի սիրուն նրան բարերարութիւն անեմ»։ 2Սաւուղի տնից Սիբա անունով մի ծառայ կար։ Կանչեցին նրան Դաւթի մօտ, եւ արքան հարցրեց նրան. «Դո՞ւ ես Սիբան»։ 3Սա պատասխանեց. «Ես եմ, քո ծառան»։ Արքան հարցրեց. «Սաւուղի տնից մնացած մարդ կա՞յ, որ նրան Աստծու ողորմածութիւնը ցոյց տամ»։ 4Սիբան ասաց արքային. «Յովնաթանն ունի ոտքերից հաշմուած մի որդի»։ Արքան ասաց. «Ո՞ւր է նա»։ Սիբան պատասխանեց արքային. «Նա լադաբարացի Ամիէլի որդի Մաքիրի տանն է»։ 5Դաւիթ արքան մարդ ուղարկելով՝ նրան վերցրեց լադաբարացի Ամիէլի որդու՝ Մաքիրի տնից։ 6Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն եկաւ Դաւիթ արքայի մօտ, ընկաւ երեսնիվայր եւ երկրպագութիւն արեց նրան։ Դաւիթն ասաց նրան. «Մեմփիբոսթէ»։ 7Նա ասաց. «Ահաւասիկ ես քո ծառան եմ»։ Դաւիթը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետեւ քո հայր Յովնաթանի սիրուն քեզ ողորմութիւն պիտի անեմ. քո հօր հայր Սաւուղի բոլոր արտերը քեզ պիտի վերադարձնեմ, եւ դու միշտ իմ սեղանից հաց պիտի ուտես»։ 8Մեմփիբոսթէն գետին խոնարհուեց եւ ասաց. «Քո ծառան ո՞վ է, որ մի մեռեալ շան վրայ, ինչպիսին ես եմ, ուշադրութիւն ես դարձնում»։ 9Արքան կանչելով Սաւուղի ծառայ Սիբային՝ ասաց. «Այն ամէնը, ինչ պատկանում էր Սաւուղին ու նրա ամբողջ տանը, տալիս եմ քո տիրոջ որդուն։ 10Դու, քո որդիներն ու քո ծառաները կը մշակէք նրա հողը, հացը կը բերէք քո տիրոջ տունը, որ ուտեն։ Քո տիրոջ որդի Մեմփիբոսթէն միշտ իմ սեղանից պիտի հաց ուտի»։ 11Սիբան ունէր տասնհինգ որդի եւ քսան ծառայ։ Սիբան ասաց արքային. «Ըստ ամենայնի, ինչ որ իմ տէր արքան հրամայեց իր ծառային, այնպէս էլ կ’անի քո ծառան»։ Եւ Մեմփիբոսթէն Դաւթի սեղանից էր հաց ուտում, որպէս թէ արքայի որդիներից մէկը լինէր։ 12Մեմփիբոսթէն ունէր մի փոքրիկ որդի, որի անունը Միքա էր։ Սիբայի տան բոլոր բնակիչները Մեմփիբոսթէի ծառաներն էին։ 13Մեմփիբոսթէն բնակւում էր Երուսաղէմում, քանի որ միշտ արքայի սեղանից էր ուտում։ Նա երկու ոտքից կաղ էր։
Էջմիածին · HYEJB1994