Բ Տիմոթէոս
2
ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՒԱՏԱՐԻՄ ԶԻՆՈՒՈՐԸ
1Եւ դու, որդեա՛կ իմ, զօրացի՛ր Քրիստոս Յիսուսի շնորհով։ 2Եւ ինչ որ լսեցիր ինձնից բազում վկաներով, աւանդի՛ր այն հաւատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին էլ ուսուցանել։
3Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։ 4Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։ 5Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի։ 6Եւ չարաչար աշխատող հողագո՛րծը նախ պէտք է վայելի պտղից։ 7Իմացի՛ր՝ ինչ ասում եմ։ Թող Տէրը քեզ իմաստութիւն տայ ամէն ինչում։ 8Յիշի՛ր մեռելներից յարութիւն առած Քրիստոս Յիսուսին՝ Դաւթի ցեղից, իմ քարոզած Աւետարանի համաձայն, 9որի համար չարչարւում եմ եւ շղթայուած իսկ եմ, ինչպէս չարագործը. բայց Աստծու խօսքը շղթայուած չէ։ 10Դրա համար ամէն ինչի համբերում եմ ընտրեալների սիրուն, որպէսզի նրանք էլ հասնեն փրկութեան եւ երկնային փառքին, որ Քրիստոս Յիսուսի միջոցով է։
11Ճիշտ է այս խօսքը, թէ՝ «Եթէ Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ պիտի ապրենք.
12եթէ համբերենք, նրա հետ էլ պիտի թագաւորենք. եւ եթէ ուրանանք, նա էլ մե՛զ պիտի ուրանայ.
13եւ եթէ հաւատարիմ չմնանք, նա հաւատարիմ է մնում, որովհետեւ ինքն իրեն ուրանալ չի կարող»։
ՓՈՐՁՈՒԱԾ ՄՇԱԿԸ
14Այս բաները յիշեցրո՛ւ նրանց՝ վկայութիւն տալով Աստծու առաջ, որ բանակռիւներ չմղեն, որոնք ոչ մի բանի օգտակար չեն, այլ կործանում են լսողներին։ 15Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձուած, որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող։ 16Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ, 17եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում։ Նրանց թւում են Հիմենոսը եւ Փիղետոսը, 18որոնք շեղուեցին ճշմարտութիւնից եւ ասում են, թէ մեռելների յարութիւնը արդէն իսկ եղել է. նրանք կործանում են ոմանց հաւատը։ 19Բայց Աստծու հաստատուն հիմքը կանգուն է մնում եւ ունի այս կնիքը, թէ՝ «Տէրը ճանաչեց նրանց, որ իրն են». նաեւ՝ «Անիրաւութիւնից հեռու լինի ամենայն ոք, ով կրում է Տիրոջ անունը»։ 20Մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեայ եւ արծաթեայ անօթներ են լինում, այլ նաեւ՝ փայտեայ եւ խեցէ։ Կան այնպիսիք, որոնք պատուաւոր գործածութեան համար են, կան էլ, որ ոչ պատուաւոր գործածութեան համար են։ 21Եթէ մէկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կը լինի պատուաւոր անօթ՝ սրբագործուած եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստուած ամէն բարի գործի համար։ 22Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով։ 23Բայց յիմար եւ անմիտ վէճերից խուսափի՛ր. իմացի՛ր, որ դրանցից կռիւներ են ծնւում։ 24Այսպէս ուրեմն՝ Տիրոջ ծառան պէտք չէ որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ՝ 25հանդարտութեամբ խրատելու համար հակառակողներին, որ թերեւս Աստուած նրանց ապաշխարութիւն տայ, որպէսզի ճանաչեն ճշմարտութիւնը 26եւ զգաստանալով՝ ազատուեն Սատանայի որոգայթներից, որոնց մէջ բռնուած են նրա կամքը կատարելու պատճառով։