Գործք Առաքելոց
1
ՂՈՒԿԱՍ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ
ՆԱԽԱԲԱՆ
1Առաջին պատմութիւնը գրի առայ, ո՛վ Թէոփիլէ, այն բոլոր բաների մասին, ինչ Յիսուս սկսեց անել եւ ուսուցանել սկզբից 2մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատուէր տուեց առաքեալներին, որոնց ինքն ընտրել էր, եւ երկինք վերացաւ։ 3Նա իր չարչարանքներից յետոյ իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացոյցներով՝ քառասուն օրերի ընթացքում երեւալով նրանց եւ խօսելով Աստծու արքայութեան մասին։ 4Եւ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատուէր տուեց նրանց, որ Երուսաղէմից չմեկնեն, այլ սպասեն Հօր խոստումին, «որը, - ասաց, - լսեցիք ինձնից. 5որովհետեւ Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ յետոյ պիտի մկրտուէք Սուրբ Հոգով»։
ՅԻՍՈՒՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ
6Նրանք, մօտենալով, հարցրին նրան եւ ասացին. «Տէ՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը»։ 7Յիսուս նրանց ասաց. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ. 8այլ, երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ պիտի լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը»։
9Եւ երբ այս խօսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացաւ, եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից։ 10Եւ մինչ իրենց աչքերը յառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երեւացին սպիտակ զգեստների մէջ երկու մարդիկ, որոնք եւ ասացին. 11«Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում էք երկնքին. Այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացաւ, պիտի գայ նոյն ձեւով, ինչպէս տեսաք նրա երկինք գնալը»։
ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ
12Ապա Երուսաղէմ վերադարձան Ձիթենեաց կոչուող լեռից, որ Երուսաղէմին մօտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ։ 13Եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակւում էին Պետրոսն ու Յակոբոսը, Յովհաննէսն ու Անդրէասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմէոսն ու Մատթէոսը, Ալփէոսի որդի Յակոբոսն ու Նախանձայոյզ Շմաւոնը եւ Յակոբոսի որդի Յուդան։ 14Սրանք բոլորը, միասիրտ, յարատեւօրէն աղօթքի մէջ էին կանանց եւ Յիսուսի մօր՝ Մարիամի ու նրա եղբայրների հետ։
ՄԱՏԱԹԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ
15Եւ այն օրերին Պետրոսը վեր կացաւ եղբայրների մէջ (եւ այնտեղ հարիւր քսան հոգու չափ հաւատացեալների բազմութիւն կար) եւ ասաց. 16«Ո՛վ եղբայրներ, պէտք է, որ կատարուէր գրուածը, ինչ որ նախօրօք Սուրբ Հոգին ասել էր Դաւթի բերանով Յուդայի մասին, որ Յիսուսին բռնողներին առաջնորդ եղաւ. 17որովհետեւ նա մեզ հետ մեր խմբի մէջ էր. Եւ նրան էլ վիճակուած էր այս սպասաւորութիւնը։ 18Սա իր անիրաւութեան վարձով մի ագարակ գնեց եւ ուռչելով մէջտեղից պատռուեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափուեց։ 19Եւ այս բանը յայտնի եղաւ բոլոր նրանց, որոնք Երուսաղէմում են բնակւում, այնպէս որ մինչեւ իսկ այն ագարակը կոչուեց իրենց բարբառով Ակեղդամա, այսինքն՝ Արեան ագարակ. 20որովհետեւ սաղմոսների գրքում գրուած է. «Թող նրա տունը աւերակ լինի, եւ չգտնուի մէկը, որ նրա մէջ բնակուի». Եւ՝ «Նրա պաշտօնը թող ուրիշն առնի»։ 21Արդ, մէկն այս մարդկանցից, որոնք մեզ ուղեկցում էին այն ամբողջ ժամանակ, երբ Յիսուս երկրի վրայ մեզ հետ էր, - 22սկսած Յովհաննէսի մկրտութիւնից մինչեւ այն օրը, երբ մեր միջից երկինք վերացաւ, - պէտք է, որ նա մեզ հետ վկայ լինի նրա յարութեանը»։ 23Եւ ներկայացրին երկուսին՝ Յովսէփին, որին Բարսաբա էին կոչում, եւ որ վերանուանուեց Յուստոս, ու Մատաթիային։ 24Եւ աղօթք անելով՝ ասացին. «Տէ՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցո՛յց տուր այս երկուսից մէկին, որին ընտրեցիր, 25որպէսզի առնի վիճակն այն պաշտօնի եւ առաքելութեան, որից Յուդան ընկաւ իր տեղը գնալու համար»։ 26Եւ նրանց համար վիճակ գցեցին. Վիճակը ելաւ Մատաթիային, եւ սա դասուեց տասնմէկ առաքեալների հետ։
Էջմիածին · HYEJB1994