Գործք Առաքելոց

10

ՊԵՏՐՈՍԸ ԵՒ ԿՈՌՆԵԼԻՈՍԸ

1Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարիւրապետ «Իտալական» կոչուող գնդից. 2նա իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ եւ աստուածավախ լինելով՝ շատ ողորմութիւններ էր անում ժողովրդի մէջ եւ միշտ Աստծուն աղօթում էր։ 3Կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ տեսիլքի մէջ նա յայտնապէս տեսաւ Աստծու հրեշտակին, որ մտաւ իր մօտ ու իրեն ասաց՝ Կոռնելիո՛ս։ 4Եւ նա, երբ նրան նայեց, զարհուրեց ու ասաց՝ ի՞նչ է, Տէ՛ր։ Եւ հրեշտակը նրան ասաց. «Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները, յիշատակուելով, Աստծու առաջ ելան։ 5Եւ արդ, մարդիկ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչի՛ր ոմն Սիմոնի, որ է կոչւում. 6նա մնում է կաշեգործ Սիմոնի մօտ, որի տունը ծովին մօտ է»։ 7Երբ իր հետ խօսող հրեշտակը գնաց, կանչեց ծառաներից երկուսին եւ իր սպասաւորներից բարեպաշտ մի զինուորի 8ու նրանց ամէն բան պատմելով՝ Յոպպէ ուղարկեց։

9Յաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին եւ մօտեցել էին քաղաքին, Պետրոսը կէսօրին տանիք բարձրացաւ աղօթելու։ 10Նա քաղց զգաց եւ ուտել էր ուզում։ Եւ մինչ էին պատրաստում, յափշտակութեան մէջ ընկաւ. 11եւ տեսնում էր երկինքը բացուած եւ չորս ծայրերից կախուած մի ինչ-որ անօթ, ինչպէս մի մեծ սփռոց, որ իջաւ նստեց երկրի վրայ։ 12Նրա մէջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները։ 13Եւ նրան հասաւ մի ձայն. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր»։ 14Եւ Պետրոսն ասաց. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք պիղծ եւ բան չեմ կերել»։ 15Ձայնը նրան կրկին անգամ հասաւ. «Ինչ որ մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»։ 16Այս պատահեց երեք անգամ, եւ սփռոցը երկինք վերացաւ։ 17Եւ մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թէ տեսած տեսիլքն ի՛նչ է, ահա Կոռնելիոսի կողմից ուղարկուած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը, 18ձայն տուեցին ու հարցրին. «Սիմոնը, որ Պետրոս է կոչւում, այստե՞ղ է օթեւանել»։ 19Եւ մինչ Պետրոսը դեռ մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահաւասիկ ինչ- մարդիկ քեզ փնտռում են. 20ուստի դու վե՛ր կաց, իջի՛ր եւ առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետեւ նրանց ես եմ ուղարկել»։ 21Եւ երբ Պետրոսը նրանց մօտ իջաւ, ասաց. «Ում փնտռում էք, ահա ես եմ. ի՞նչ բանի համար էք եկել»։ 22Եւ նրանք ասացին. «Կոռնելիոս հարիւրապետը՝ մի արդար եւ աստուածավախ մարդ, որ ամբողջ հրեայ ազգի կողմից վկայուած է, սուրբ հրեշտակից հրաման ստացաւ քեզ կանչելու իր տունը եւ քեզնից լսելու, ինչ որ ասելու ես»։ 23Նա ներս կանչեց նրանց եւ իր մօտ օթեւան տուեց։ Յաջորդ օրը Պետրոսը վեր կացաւ գնաց նրանց հետ. Յոպպէում գտնուող եղբայրներից ոմանք եւս նրա հետ գնացին։ 24Հետեւեալ օրը մտան Կեսարիա։ Եւ Կոռնելիոսը նրանց սպասում էր՝ կանչած լինելով իր ազգականներին եւ մտերիմ բարեկամներին։ 25Եւ երբ Պետրոսը ներս մտաւ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելաւ ու նրա ոտքերն ընկնելով երկրպագում էր։ 26Պետրոսը կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի՛ ելիր, ես ինքս էլ մարդ եմ»։ 27Եւ նրա հետ խօսելով՝ ներս մտաւ ու այնտեղ շատերին հաւաքուած գտաւ։ 28Նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս կարելի չէ հրեայ մարդու համար օտարազգու հետ շփուել կամ նրան մօտենալ. բայց Աստուած ինձ ցոյց տուեց, որ մարդկանցից ոչ մէկին չպէտք է պիղծ կամ անմաքուր համարեմ. 29դրա համար էլ առանց առարկութեան եկայ, երբ կանչուեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ բանի համար ինձ կանչեցիք»։ 30Եւ Կոռնելիոսն ասաց. «Սրանից չորս օր առաջ, այս ժամին, մինչ ժամը երեքի աղօթքն էի անում իմ տանը, ահա սպիտակ զգեստներով մի մարդ եկաւ կանգնեց իմ առաջ ու ասաց. 31“Կոռնելիո՛ս, քո աղօթքները լսելի եղան, եւ քո ողորմութիւնները յիշուեցին Աստծու առաջ։ 32Արդ, մարդ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչւում. նա օթեւանել է կաշեգործ ոմն Սիմոնի տանը, ծովի մօտ։ Նա կը գայ եւ կը խօսի քեզ ”։ 33Եւ ես իսկոյն մարդ ուղարկեցի քեզ մօտ. դու լաւ արեցիր, որ եկար։ Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ՝ լսելու այն ամէնը, ինչ քեզ հրամայուած է Տիրոջից»։

ՊԵՏՐՈՍԻ ՃԱՌԸ ԿՈՌՆԵԼԻՈՍԻ ՏԱՆԸ

34Պետրոսը բերանը բացեց եւ ասաց. «Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ, 35այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան։ 36Այս խօսքը նա ուղարկեց իսրայէլացիներին՝ աւետելով խաղաղութիւն Յիսուս Քրիստոսի միջոցով. սա է բոլորի Տէրը։ 37Դուք ինքներդ գիտէք այդ խօսքը, որը տարածուեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրէաստանում այն մկրտութիւնից յետոյ, որը քարոզեց Յովհաննէսը. 38գիտէք Յիսուսին, որ Նազարէթից էր, որին Աստուած օծեց Սուրբ Հոգով եւ զօրութեամբ, եւ որը շրջեց բարիք անելով եւ սատանայից բոլոր բռնուածներին բժշկելով, որովհետեւ Աստուած նրա հետ էր։ 39Եւ մենք վկայում ենք այն բոլորը, որ Հրէաստանում եւ Երուսաղէմում արեց նա, եւ որին սպանեցին՝ խաչափայտից կախելով։ 40Երրորդ օրը Աստուած նրան յարութիւն տուեց եւ թոյլ տուեց, որ նա երեւայ՝ 41ոչ թէ ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ առաջուց Աստծուց ընտրուած էինք եւ որ կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա յարութիւն առնելուց յետոյ։ 42Եւ նա պատուիրեց մեզ քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ, թէ ի՛նքն է Աստծուց սահմանուած դատաւորը, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին։ 43Բոլոր մարգարէները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հաւատացողները նրա անունով մեղքերի թողութիւն կը ստանան»։

ՀԵԹԱՆՈՍՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ

44Եւ մինչ Պետրոսը դեռ այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջաւ բոլոր նրանց վրայ, ովքեր այս խօսքը լսում էին։ 45Ծագումով հրեայ հաւատացեալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրայ եւս Սուրբ Հոգու շնորհները հոսում են. 46որովհետեւ լսում էին, որ նրանք լեզուներ էին խօսում եւ փառաբանում Աստծուն։ 47Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտուեն սրանք, որոնք եւս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպէս եւ մենք»։ 48Եւ հրամայեց նրանց մկրտուել յանուն Յիսուս Քրիստոսի։ Այն ժամանակ նրան աղաչեցին, որ մի քանի օր այնտեղ մնայ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն