Գործք Առաքելոց

15

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

1Հրէաստանից իջել էին ոմանք եւ եղբայրներին ուսուցանում էին. «Մովսէսի օրէնքի համաձայն, եթէ չթլփատուէք, չէք կարող փրկուել»։ 2Եւ երբ Պօղոսի եւ Բառնաբասի ու նրանց միջեւ շատ հակառակութիւն եւ վէճ առաջացաւ, վճռեցին, որ Պօղոսն ու Բառնաբասը եւ նրանցից ոմանք այդ խնդրի համար բարձրանան, առաքեալների եւ երէցների մօտ։ 3Եկեղեցու կողմից ճանապարհ դրուելուց յետոյ, նրանք շրջելով անցան Փիւնիկէի եւ Սամարիայի միջով եւ պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախութիւն պատճառելով բոլոր եղբայրներին։

4Եւ երբ Երուսաղէմ հասան, եկեղեցու առաքեալների ու երէցների կողմից ընդունուեցին. պատմեցին, թէ ինչ բաներ արեց իրենց միջոցով։ 5Փարիսեցիների հերձուածից մի քանի հաւատացեալներ վեր կացան ու ասացին. «Դրանց պէտք է թլփատել եւ պատուիրել, որ պահեն Մովսէսի օրէնքը»։

6Եւ առաքեալներն ու երէցները հաւաքուեցին այս բանը քննութեան առնելու համար։ 7Եւ շատ վէճ լինելուց յետոյ, Պետրոսը ոտքի կանգնեց ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտէք, որ ձեր մէջ առաջին օրերից Աստուած ինձ ընտրեց, որ հեթանոսները իմ բերանով Աւետարանի խօսքը լսեն եւ հաւատան։ 8Եւ սրտագէտն Աստուած նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպէս, ինչպէս տուեց մեզ։ 9Եւ նրանց ու մեր միջեւ ոչ մի խտրութիւն չդրեց՝ հաւատով մաքրելով նրանց սրտերը։ 10Արդ, ինչո՞ւ էք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը եւ ո՛չ էլ մենք կարողացանք տանել։ 11Այլ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհով հաւատում ենք, որ կը փրկուենք, ինչպէս եւ նրանք»։

12Ամբողջ ժողովը լռեց. ապա լսում էին Բառնաբասի ու Պօղոսի պատմելը, թէ Աստուած նրանց ձեռքով ինչքան նշաններ եւ զարմանալի գործեր կատարեց հեթանոսների մէջ։

13Երբ նրանք լռեցին, Յակոբոսը, առնելով, ասաց. «Եղբայրնե՛ր, լսեցէ՛ք ինձ. 14Շմաւոնը պատմեց, թէ ինչպէս Աստուած առաջուց հոգածութիւն ցոյց տուեց՝ հեթանոսներից իր անունով մի ունենալու համար։ 15Եւ այդ բանում մարգարէների խօսքերը համընկնում են իրար, ինչպէս որ գրուած է.

16“Սրանից յետոյ կը վերադառնամ եւ կը շինեմ Դաւթի փուլ եկած տունը եւ նրա աւերակները վերստին կը շինեմ ու կը վերականգնեմ այն,

17 18Ի յաւիտենից յայտնի են Տիրոջը իր բոլոր գործերը։ 19Դրա համար ես էլ ինձ եմ վերապահում չնեղել նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն, 20այլ գրել նրանց, որ խորշեն կուռքերին զոհուած կերակուրներից եւ պոռնկութիւնից, խեղդամահ արուած կենդանիներից եւ արիւնից. 21քանի որ Մովսէսը, առաջին սերունդներից սկսած, իւրաքանչիւր քաղաքում իր քարոզիչներն ունի, եւ նա ամէն օր ժողովարանում ընթերցւում է»։

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԹՈՒՂԹ

22Այն ժամանակ առաքեալներին եւ երէցներին, ամբողջ եկեղեցու հետ միասին, հաճելի թուաց, որ իրենց միջից ընտրուած մարդիկ ուղարկեն Անտիոք՝ Պօղոսի եւ Բառնաբասի հետ. Յուդային՝ Բարսաբա կոչուածին եւ Շիղային, որոնք գլխաւորներն ։ 23Եւ եղբայրներին նրանց միջոցով գրեցին հետեւեալը. «Առաքեալները, երէցները եւ եղբայրները Անտիոքում, Սիրիայում եւ Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջոյն են յղում։ 24Քանի որ լսեցիք, թէ ոմանք, իբրեւ թէ մեզնից, որոնց մենք հրաման չենք տուել, խռովեցրել են ձեզ խօսքերով եւ խախտել են ձեր մտքերը՝ ասելով, թէ պէտք է թլփատուել եւ օրէնքը պահել, 25ուստի, հաճելի թուաց մեզ՝ միատեղ հաւաքուածներիս, ուղարկել ձեզ մօտ ընտրուած մարդկանց՝ մեր սիրելիներին, Բառնաբասի ու Պօղոսի հետ, 26մարդիկ, որոնք իրենց անձը նուիրեցին մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար։ 27Արդ, ուղարկեցինք Յուդային եւ Շիղային, որ նրանք էլ խօսքով նոյնը պատմեն. 28որովհետեւ հաճելի թուաց Սուրբ Հոգուն եւ մեզ՝ աւելի ոչ մի բեռ չդնել ձեր վրայ, բացի այս կարեւորներից. 29այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհուած կերակուրներից եւ արիւնից, խեղդամահ արուած կենդանիներից ու պոռնկութիւնից. ձեզ դրանցից հեռու պահելով՝ լաւ կ’անէք։ Ո՛ղջ եղէք»։

ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐ ԱՆՏԻՈՔՈՒՄ

30Եւ նրանք մեկնելով՝ ճանապարհ դրուեցին եւ Անտիոք իջան ու ժողովրդին հաւաքելով՝ նամակը տուեցին։ 31Եւ նրանք ընթերցելով՝ այդ մխիթարութեան համար ուրախացան։ 32Յուդան եւ Շիղան, քանի որ նրանք էլ մարգարէներ էին, բազում խօսքերով յորդորեցին եղբայրներին եւ ամրապնդեցին նրանց։ 33Եւ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղութեամբ յետ ուղարկուեցին առաքեալների մօտ։ 34Սակայն Շիղային հաճելի թուաց այնտեղ մնալ։ 35Իսկ Պօղոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում եւ շատ ուրիշների հետ ուսուցանում ու աւետարանում էին Աստծու խօսքը։

ՊՕՂՈՍԻ ԵՒ ԲԱՌՆԱԲԱՍԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ

36Իսկ մի քանի օր յետոյ Պօղոսը Բառնաբասին ասաց. «Վերադառնանք եւ շրջենք եղբայրների մէջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խօսքը՝ տեսնելու, թէ ինչ վիճակում են»։ 37Բառնաբասն ուզում էր Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ հետը տանել, 38բայց Պօղոսը չէր ուզում, որ Պամփիւլիայում իրենցից հեռացած եւ գործի համար իրենց հետ չեկած մէկին իրենց հետ տանեն։ 39Եւ նրանց մէջ գժտութիւն առաջացաւ, այնքան, որ իրարից բաժանուեցին. Բառնաբասը Մարկոսին վերցնելով՝ նաւարկեց դէպի Կիպրոս։ 40Իսկ Պօղոսը Շիղային ընտրելով՝ ճանապարհ ընկաւ՝ եղբայրների կողմից յանձնուելով Աստծու շնորհին. 41եւ շրջում էր Ասորիքի եւ Կիլիկիայի կողմերում ու ամրապնդում էր եկեղեցիները։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն