Գործք Առաքելոց
17
ՅՈՒԶՈՒՄՆԵՐ ԹԵՍԱՂՈՆԻԿԷՈՒՄ
1Եւ Ամփիպոլիս ու Ապողոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկէ, ուր հրեաների ժողովարան կար։ 2Եւ ըստ իր սովորութեան, Պօղոսը մտաւ նրանց մօտ եւ երեք շաբաթ օրեր նրանց հետ խօսեց Գրքերից։ 3Բաց էր անում Գրքերը եւ նրանց ապացուցում, թէ Քրիստոս պէտք է չարչարուէր եւ մեռելներից յարութիւն առնէր. եւ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Յիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»։ 4Եւ նրանցից ոմանք համոզուեցին ու յարեցին Պօղոսին եւ Շիղային։ Բացի դրանցից, կային նաեւ աստուածապաշտ հեթանոսներ եւ թուով ոչ սակաւ երեւելի կանայք։ 5Իսկ հրեաները նախանձեցին եւ վերցնելով գռեհիկ, անօրէն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին եւ քաղաքը յուզեցին. եւ Յասոնի տան առաջ կուտակուելով՝ ուզում էին Պօղոսին եւ Շիղային հրապարակ տանել։ 6Եւ երբ նրանց չգտան, Յասոնին եւ եղբայրներից ոմանց քարշ տուին քաղաքապետների մօտ՝ բողոք բարձրացնելով, թէ՝ «Սրանք, որ աշխարհը յուզեցին, այստեղ էլ են հասել, 7եւ Յասոնը նրանց ընդունել է. եւ սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում. մի ոմն Յիսուսի մասին ասում են, թէ թագաւոր է»։ 8Եւ գրգռեցին ժողովրդին ու քաղաքապետներին, որ այս բաները լսում էին։ 9Բայց երաշխիք ստանալով Յասոնից եւ ուրիշներից՝ արձակեցին նրանց։
ԱՌԱՔԵԱԼՆԵՐԸ ԲԵՐԻԱՅՈՒՄ
10Բայց եղբայրները գիշերով շտապ ճանապարհ դրեցին դէպի Բերիա Պօղոսին եւ Շիղային, որոնք, երբ այստեղ հասան, գնացին հրեաների ժողովարանը, 11քանի որ սրանք աւելի ազնիւ մարդիկ էին, քան թէ Թեսաղոնիկէում եղածները։ Սրանք ամենայն յօժարութեամբ ընդունեցին խօսքը. ամբողջ ժամանակ քննում էին գրուածքները՝ իմանալու, թէ այդ բաները այդպէ՞ս են։ 12Նրանցից շատերը հաւատացին, ինչպէս նաեւ թուով ոչ սակաւ յոյն երեւելի կանայք եւ տղամարդիկ։ 13Բայց Թեսաղոնիկէի հրեաները երբ իմացան, թէ Բերիայում էլ Պօղոսի կողմից քարոզուեց Աստծու խօսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմութիւնը յուզելու ու գրգռելու։ 14Այն ժամանակ եղբայրները Պօղոսին իսկոյն ուղարկեցին, որ գնայ մինչեւ ծովեզր, իսկ Շիղան եւ Տիմոթէոսը մնացին այնտեղ։ 15Եւ ովքեր Պօղոսին տանում էին, նրան հասցրին մինչեւ Աթէնք եւ, Շիղային ու Տիմոթէոսին ուղղուած պատուէր ստանալով, որ շտապ նրա մօտ գան, իրենք վերադարձան։
ՊՕՂՈՍԸ ԱԹԷՆՔՈՒՄ
16Եւ մինչ Պօղոսը Աթէնքում նրանց էր սպասում, նրա հոգին իր մէջ զայրանում էր, երբ տեսնում էր քաղաքը կռապաշտութեան մէջ։ 17Եւ ժողովարանում դիմում էր հրեաներին ու յոյն աստուածապաշտ մարդկանց, իսկ հրապարակներում էլ ամէն օր՝ ում որ հանդիպում էր։ 18Էպիկուրեան եւ ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք, ձեռ առնելով, վիճում էին նրա հետ. ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թէ՝ «Երեւում է, որ ինչ-որ օտար աստուածութիւնների քարոզիչ է», քանի որ նա Յիսուսին ու յարութիւնն էր աւետարանում։ 19Եւ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջեւ ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թէ ի՞նչ է այդ նոր վարդապետութիւնը, որը դու քարոզում ես։ 20Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թէ դրանք ի՛նչ բաներ կը լինեն» 21(որովհետեւ աթենացիք բոլորը, ինչպէս նաեւ օտար եկուորները այլ բանով չէին զբաղւում, քան միայն ասելով կամ լսելով մի աւելի նոր խօսք)։
ՊՕՂՈՍԻ ՃԱՌԸ ԱՐԻՍՊԱԳՈՍԻ ՄԷՋ
22Պօղոսը կանգնեց Արիսպագոսի մէջտեղում եւ ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, 23քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ «Անծանօթ Աստծուն». ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ։ 24Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, նա՛ է Տէրը երկնքի եւ երկրի. 25նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինէր։ Նա՛ է տալիս ամէն բանի կեանք եւ շունչ եւ ամէն ինչ։ 26Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, 27որ փնտռեն Աստծուն ու խարխափելով թերեւս գտնեն նրան. թէեւ նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ, 28քանի որ նրանով ապրում ենք եւ շարժւում ենք եւ կանք, ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թէ՝ մենք նրա զարմից ենք։ 29Եւ արդ, որովհետեւ Աստծու զարմն ենք, չպէտք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած։ 30Բայց Աստուած, անգիտութեան ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատուիրում մարդկանց, որ ամէն ոք ապաշխարի. 31քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով»։
32Երբ լսեցին մեռելների յարութեան մասին, ոմանք ծաղրի էին ենթարկում. ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ անգամ կը լսենք քեզնից այդ մասին»։ 33Եւ ապա Պօղոսը նրանց միջից ելաւ գնաց։ 34Իսկ մի քանի մարդիկ, յարելով նրան, հաւատացին. նրանց թւում էր նաեւ Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ սրանց հետ ուրիշներ։