Գործք Առաքելոց

20

ՊՕՂՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆԸ

ՄԱԿԵԴՈՆԻԱՅՈՒՄ ԵՒ ՅՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

1Երբ ամբոխը հանդարտուեց, Պօղոսը կանչեց աշակերտներին ու նրանց յորդորելով՝ հրաժեշտի ողջոյն տուեց եւ ելաւ գնաց Մակեդոնիա։ 2Այդ կողմերում շրջելուց եւ նրանց բազում խօսքերով յորդորելուց յետոյ եկաւ ։ 3Մօտ երեք ամիս այնտեղ անցկացնելուց յետոյ, մինչ կամենում էր բարձրանալ, հրեաների կողմից նրա դէմ դաւ նիւթուեց. ուստի խորհեց Մակեդոնիայով վերադառնալ։ 4Եւ մինչեւ նրա հետ էին գնում Պիւռոսի որդի Սոսիպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից՝ Արիստարքոսը եւ Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթէոսը եւ ասիացիներ Տիւքիկոսն ու Տրոփիմոսը։ 5Սրանք առաջ էին գնացել եւ Տրովադայում մեզ էին սպասում։ 6Իսկ մենք Բաղարջակերաց տօնի օրերից յետոյ նաւարկեցինք Փիլիպպէից ու հինգ օրից հասանք Տրովադա, նրանց մօտ. այնտեղ կանգ առանք եօթը օր։

ՊՕՂՈՍԸ ՏՐՈՎԱԴԱՅՈՒՄ. ԵՒՏԻՔՈՍԻ ՅԱՌՆՈՒՄԸ

7Եւ , մինչ հաւաքուել էինք հացը կտրելու, Պօղոսը, որ յաջորդ օրը մեկնելու էր, խօսում էր նրանց հետ. եւ նա խօսքը երկարեց մինչեւ կէսգիշեր։ 8Եւ այն վերնատանը, ուր հաւաքուած էինք, բազում լապտերներ կային։ 9Իսկ Եւտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին ու խոր քնի մէջ էր ընկել։ Երբ Պօղոսը խօսելը երկարաձգեց, նա, խոր քնից թուլացած, երրորդ յարկից ցած ընկաւ. ու վերցրին նրան մեռած։ 10Պօղոսը, ցած իջնելով, ընկաւ նրա վրայ, նրան իր գիրկը վերցրեց ու ասաց. «Մի՛ խռովուէք, քանի որ սրա հոգին վրան է»։ 11Յետոյ վեր ելաւ, հացը կտրեց ու կերաւ. եւ մինչեւ առաւօտ շատ բաներ եւս խօսեց ու ապա ելաւ գնաց։ 12Իսկ պատանուն կենդանի ներս բերեցին եւ շատ մխիթարուեցին։

ՏՐՈՎԱԴԱՅԻՑ ԴԷՊԻ ՄԻԼԵՏՈՆ

13Եւ մենք նաւ մտնելով՝ ուղղուեցինք դէպի Ասոն. յոյս ունէինք այնտեղից Պօղոսին նորից վերցնել, որովհետեւ այդպէս էր պատուիրել, ըստ որում ինքը ցամաքով էր գնալու։ 14Եւ երբ նա մեզ հանդիպեց Ասոնում, նրան առնելով եկանք Միտիլինէ։ 15Եւ այնտեղից նաւարկելով՝ յաջորդ օրը գնացինք Քիոսի դիմացը, իսկ միւս օրը հասանք Սամոս եւ հետեւեալ օրը եկանք Միլետոն, 16որովհետեւ Պօղոսը մտադիր էր նաւարկել Եփեսոսի մօտով, որպէսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր Պենտեկոստէի օրը հասնել, եթէ այդ նրան յաջողուէր։

ՊՕՂՈՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ ԵՓԵՍՈՍԻ ԵՐԷՑՆԵՐԻՆ

17Եւ Միլետոնից մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երէցներին. 18եւ երբ նրանք եկան նրա մօտ, նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ առաջին օրուանից ի վեր, երբ Ասիա եկայ, ամբողջ ժամանակ ձեզ հետ միասին ինչպէս ապրեցի՝ 19ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհութեամբ եւ բազում արտասուքով ու փորձութիւններով, որ հրեաների նենգութիւնների պատճառով ինձ պատահեցին։ 20Ինչպէ՜ս բնաւ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից եւ ուսուցանելու ձեզ հրապարակաւ եւ տանը. 21վկայութիւն տուի հրեաներին եւ հեթանոսներին Աստծու առաջ ապաշխարելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հանդէպ հաւատի մասին։ 22Արդ, ահա ես, Սուրբ Հոգու մղումով, Երուսաղէմ եմ գնում. իսկ թէ այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու, այդ չգիտեմ. 23միայն թէ Սուրբ Հոգին ամէն քաղաքի մէջ ինձ վկայում է ու ասում. “Կապանքներ ու նեղութիւններ են սպասում քեզ”։ 24Բայց ես ինքս իմ անձը ոչ մի բանով այնքան յարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտօնը, որ Տէր Յիսուսից ստացայ՝ Աստծու շնորհը աւետարանելու։ 25Եւ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու. 26դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, 27որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնելու Աստծու կամքը ամբողջութեամբ։ 28Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով։ 29Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կը գան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին։ 30Ձեր միջից էլ դուրս կը գան մարդիկ, որ թիւր բաներ կը խօսեն՝ աշակերտներին իրենց յետեւից քարշ տալու համար։ 31Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկ-մէկ՝ արտասուքներով խրատեցի։ 32Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ՝ բոլոր սրբերի հետ։ 33Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ զգեստը չցանկացայ. 34դուք ինքներդ գիտէք, որ իմ եւ ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը։ 35Ես իմ օրինակով ամէն ինչ ձեզ ցոյց տուեցի, որովհետեւ այդպէս պէտք է աշխատել եւ դարմանել հիւանդներին ու յիշել Տէր Յիսուսի խօսքը, որ ինքն իսկ ասաց. “Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը”»։ 36Այս բաներն ասելուց յետոյ բոլորի հետ մէկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղօթել։ 37Բոլորն էլ շատ լաց եղան եւ Պօղոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան։ 38Մորմոքւում էին մանաւանդ նրա այն խօսքի վրայ, թէ այլեւս իր երեսը չեն տեսնելու։ Եւ նրան ուղեկցեցին մինչեւ նաւը։

Էջմիածին · HYEJB1994