Գործք Առաքելոց

25

ՊՕՂՈՍԻ ԴԻՄՈՒՄԸ ԿԱՅՍՐԻՆ

1Երբ Փեստոսը իշխանութեան գլուխ անցաւ, երեք օր յետոյ Կեսարիայից բարձրացաւ։ 2Քահանայապետներն ու հրեաների գլխաւորները նրան զեկոյց տուին Պօղոսի մասին եւ, 3նրանից խնդրելով, աղաչում էին, որ նրան Երուսաղէմ կանչի, մինչ իրենք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար։ 4Իսկ Փեստոսը պատասխանեց, թէ նա Կեսարիայում կը պահուի, եւ թէ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու. ապա ասաց. 5«Ձեզնից ովքեր կը կարողանան, ինձ հետ թող իջնեն, եւ եթէ այդ մարդու վրայ որեւէ յանցանք կայ, նրան թող ամբաստանեն»։ 6Եւ ոչ աւելի քան ութ կամ տասը օր այդտեղ մնալուց յետոյ եկաւ իջաւ Կեսարիա. եւ յաջորդ օրը, ատեան նստելով, հրամայեց, որ Պօղոսին բերեն։ 7Երբ նա եկաւ, նրա շուրջը բոլորուեցին Երուսաղէմից իջած հրեաները. եւ նրա վրայ բարդում էին բազում եւ ծանր յանցանքներ, որ չէին կարողանում ապացուցել, 8քանի որ Պօղոսը պատասխանում էր. «Ոչնչով յանցաւոր չեմ ո՛չ հրեաների օրէնքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսեր դէմ»։ 9Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղէմ բարձրանալ եւ այդ խնդիրների համար այդտեղ դատուել իմ առաջ»։ 10Պօղոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատեանի առաջ, ուր եւ պէտք է դատուեմ։ Հրեաներին ոչ մի անիրաւութիւն չեմ արել, ինչպէս ինքդ էլ քաջ գիտես. 11ուրեմն եթէ յանցաւոր եմ եւ մահուան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենայ։ Իսկ եթէ ոչինչ չկայ այն մեղադրանքների մէջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպէս շնորհ յանձնել դրանց։ 12Կայսրի՛ն եմ բողոքում»։ Այն ժամանակ Փեստոսը իր խորհրդականների հետ խօսելուց յետոյ պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսեր մօտ պիտի գնաս»։

ՊՕՂՈՍԸ ԱԳՐԻՊՊԱՍ ԱՐՔԱՅԻ ԱՌԱՋ

13Մի քանի օր անցնելուց յետոյ Ագրիպպաս արքան եւ Բերենիկէն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու։ 14Եւ երբ այնտեղ շատ օրեր էին անցկացրել, Փեստոսը արքային տեղեկացրեց Պօղոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնուած մի մարդ կայ մնացած, 15որի մասին, երբ Երուսաղէմ գնացի, քահանայապետները եւ հրեաների գլխաւորներն ինձ տեղեկացրին։ Ինձնից խնդրում էին, որ նրան մահուան վճիռ տամ։ 16Նրանց պատասխանեցի. “Հռոմէացիների սովորութիւնը չէ որեւէ մէկին որպէս շնորհ յանձնել ուրիշ մէկի, մինչեւ որ ամբաստանեալը իր դիմացը չունենայ մեղադրողներին եւ ամբաստանութեան դէմ պատասխան տալու պատեհութիւնը չստանայ”։ 17Եւ երբ այստեղ եկան, ոչնչով չուշացրի, այլ յաջորդ օրն իսկ ատեան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն։ 18Նրա դէմ ներկայացող ամբաստանողները մէջտեղ չէին բերում չարագործութեան ոչ մի յանցանք, որոնց մասին ես կասկած ունէի. 19այլ ինչ-ինչ խնդիրներ ունէին նրա հետ իրենց պաշտամունքին վերաբերող, ինչպէս նաեւ մի ոմն մեռած Յիսուսի վերաբերեալ, որի մասին Պօղոսն ասում էր, թէ կենդանի է։ 20Երբ այսպիսի խնդիրների քննութեան համար տարակուսանքի մէջ ընկայ, նրան ասացի, թէ կը կամենա՞ր Երուսաղէմ գնալ եւ այդ խնդիրների համար այնտեղ դատուել։ 21Բայց երբ Պօղոսը բողոքեց, որ ինքը պէտք է պահուի Նորին Գերազանցութեան վճռին ներկայանալու համար, հրամայեցի պահել նրան, մինչեւ որ կայսեր մօտ ուղարկեմ»։ 22Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կը կամենայի այդ մարդուն լսել»։ Փեստոսն ասաց. «Վաղը կը լսես»։

23Եւ յաջորդ օրը, երբ Ագրիպպասը եւ Բերենիկէն փառաւոր հանդէսով եկան եւ հազարապետների ու քաղաքի պատուաւոր մարդկանց հետ ատեան մտան, Փեստոսը հրամայեց, որ Պօղոսին բերեն։ 24Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս արքայ եւ բոլոր մարդիկդ, որ մեզ հետ էք, սրան տեսնում էք. հրեաների ամբողջ ժողովուրդը թէ՛ Երուսաղէմում եւ թէ՛ այստեղ սրա մասին ամբաստանութիւն էին անում ինձ մօտ եւ աղաղակում, թէ՝ չպէտք է կենդանի մնայ։ 25Բայց ես վերահասու եղայ, թէ դա մահուան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ բողոքած լինելով մարդկանցից Գերազանցին՝ խորհեցի, որ ուղարկեմ նրան։ 26Դրա մասին իմ տիրոջը՝ կայսրին ստոյգ բան չունեմ գրելու. այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի եւ, մանաւանդ, քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքայ, որպէսզի վերստին քննութիւն կատարելով՝ կարողանամ մի բան գրել, 27քանի որ ինձ անպատեհ բան է թւում ուղարկել մի բանտարկեալի եւ նրա մասին որեւէ յանցանք չնշել»։

Էջմիածին · HYEJB1994