Գործք Առաքելոց
28
ՊՕՂՈՍԸ ՄԵԼԻՏԻՆԷՈՒՄ (ՄԱԼԹԱ ԿՂԶՈՒՄ)
1Երբ արդէն փրկուած էինք, այն ժամանակ իմացանք, թէ այն կղզու անունը Մելիտինէ էր։ Եւ բարբարոս բնակիչները մեր հանդէպ չափից աւելի մարդասիրութիւն ցոյց տուին. 2խարոյկ վառեցին եւ մեզ բոլորիս ընդունեցին՝ տեղացող անձրեւի եւ ցրտի պատճառով։ 3Եւ երբ Պօղոսը բաւականին շատ չոր ճիւղեր հաւաքեց եւ խարոյկի վրայ դրեց, մի իժ կրակի տաքութեան պատճառով դուրս գալով՝ կախուեց նրա ձեռքից։ 4Եւ երբ բարբարոսները գազանին նրա ձեռքից կախուած տեսան, միմեանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թէպէտ ծովից փրկուեց, բայց Արդարութիւնը նրան թոյլ չտուեց, որ ապրի»։ 5Ապա Պօղոսը գազանին կրակի մէջ թափ տուեց, եւ իրեն ոչ մի վատ բան չպատահեց. 6իսկ նրանք սպասում էին, որ նա կ’ուռչի կամ կ’ընկնի ու յանկարծակի կը մեռնի։ Շատ սպասելուց յետոյ, երբ տեսան, որ նրան որեւէ վնաս չհասաւ, նորից խօսքը դարձրին եւ ասում էին. «Սա մի աստուած է»։ 7Այդ տեղի շրջակայքում գտնւում էին ագարակները Պոպլիոս անունով մի մարդու, որ կղզու գլխաւորն էր. սա երեք օրով մեզ իր մօտ ընդունեց եւ սիրով հիւրընկալեց։ 8Եւ պատահեց, որ Պոպլիոսի հայրը, ջերմով եւ փորլուծութեամբ հիւանդացած, անկողին ընկնի։ Պօղոսը նրա մօտ մտաւ եւ աղօթելով ձեռքը նրա վրայ դրեց ու նրան բժշկեց։ 9Եւ երբ այս պատահեց, ուրիշ հիւանդներ էլ, որ կղզում կային, գալիս էին ու բժշկւում։ 10Սրանք մեծ պատիւներով պատուեցին մեզ, եւ երբ գնում էինք, ինչ որ պէտք էր, տուեցին։
ՄԵԼԻՏԻՆԷԻՑ ՀՌՈՄ
11Եւ երեք ամիս յետոյ բարձրացանք դիոսկուրեանների նշանը կրող ալեքսանդրեան մի նաւ, որը ձմեռել էր կղզում։ 12Եւ Սիրակուսա իջնելով՝ երեք օր մնացինք։ 13Այնտեղից գնալով՝ հասանք Ռեգիոն. եւ երբ մի օր յետոյ հարաւի քամին փչեց, երկու օրում եկանք Պատիողոս, 14ուր եւ գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ եօթը օր մնանք իրենց մօտ։ Եւ ապա ելանք Հռոմ։ 15Եւ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչեւ Ապփիոսի հրապարակը եւ Երեք կրպակները։ Պօղոսը նրանց տեսնելով՝ գոհութիւն տուեց Աստծուն ու քաջալերուեց։
ՊՕՂՈՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹԻՒՆԸ ՀՌՈՄՈՒՄ
16Եւ երբ Հռոմ մտանք, հրաման տրուեց Պօղոսին, որ առանձին բնակուի իր պահապան զինուորի հետ միասին։ 17Եւ երեք օր յետոյ նա հրաւիրեց հրեաների գլխաւորներին. եւ երբ սրանք եկան, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ես ժողովրդին կամ հայրենի սովորութեանը հակառակ ոչինչ գործած չլինելով հանդերձ՝ որպէս Երուսաղէմից մի կալանաւոր, մատնուեցի հռոմէացիների ձեռքը, 18որոնք, երբ ինձ դատեցին, ուզեցին ազատ արձակել, որովհետեւ իմ մէջ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտան։ 19Բայց երբ հրեաները հակառակ խօսեցին, հարկ եղաւ կայսրին բողոքել. բայց ոչ նրա համար, որ իմ ազգի դէմ չարախօսելու բան ունէի։ 20Այս պատճառով է, որ խնդրեցի ձեզ՝ տեսնելու եւ խօսելու համար, քանի որ Իսրայէլի յոյսի համար է, որ այս շղթաների մէջ եմ գտնւում»։ 21Եւ նրանք ասացին նրան. «Մենք քո մասին Հրէաստանից ոչ մի նամակ չենք ստացել. մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խօսել քո մասին։ 22Բայց խնդրում ենք քեզնից լսել, թէ ի՛նչ ես խորհում, քանի որ այդ հերձուածի մասին մեզ արդէն յայտնի է, որ ամենուրեք նրա դէմ հակառակութիւն կայ»։
ՊՕՂՈՍԻ ԿՈՉԸ ՀՌՈՄՈՒՄ՝ ՀՐԵԱՆԵՐԻՆ
23Որոշակի օրուայ համար Պօղոսի հետ ժամադրուելուց յետոյ, նրա մօտ՝ նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց նա առաւօտից մինչեւ երեկոյ բացատրում էր Աստծու արքայութիւնը եւ նրանց համոզում էր Յիսուսի մասին՝ վկայութիւն բերելով Մովսէսի օրէնքից եւ մարգարէներից։ 24Ոմանք համոզւում էին նրա խօսքերին. ուրիշներ էլ չէին հաւատում։ 25Եւ իրար մէջ անհամաձայն լինելով՝ թողնում գնում էին, երբ Պօղոսն ասաց այս մի խօսքն էլ. «Սուրբ Հոգին Եսայի մարգարէի բերանով լաւ խօսեց մեր հայրերին՝ 26ասելով. “ Գնա՛ ժողովրդի մօտ ու ասա՛՝ լսելով պիտի լսէք ու չպիտի իմանաք, եւ տեսնելով պիտի տեսնէք ու չպիտի տեսնէք.
27որովհետեւ այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, եւ իրենց ականջներով ծանր են լսում ու իրենց աչքերը փակել են, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ հոգով չիմանան եւ դարձի չգան, ու ես էլ դրանց չբժշկեմ”։
28Եւ արդ, թող ձեզ յայտնի լինի, որ Աստծու այս փրկութիւնը ուղարկուեց հեթանոսներին, եւ նրանք կը լսեն»։ 29Եւ երբ այս ասաց, նրա մօտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենք իրենց մէջ էլ շատ վէճեր ունէին։
ԱՍՏԾՈՒ ԱՐՔԱՅՈՒԹԵԱՆ ՔԱՐՈԶՈՒԹԻՒՆԸ
30Եւ ամբողջ երկու տարի Պօղոսն ապրեց իր ծախսով։ 31Եւ ընդունում էր բոլոր նրանց, որ գալիս էին իր մօտ։ 32Քարոզում էր Աստծու արքայութիւնը եւ ամենայն համարձակութեամբ անարգել ուսուցանում էր Տէր Յիսուս Քրիստոսի մասին։
Էջմիածին · HYEJB1994