Գործք Առաքելոց
4
ՊԵՏՐՈՍԸ ԵՒ ՅՈՎՀԱՆՆԷՍԸ ԱՏԵԱՆԻ ԱՌԱՋ
1Եւ մինչ նրանք խօսքն ուղղում էին ժողովրդին, նրանց վրայ հասան քահանաները եւ տաճարի իշխանաւորներն ու սադուկեցիները, 2զայրացած, որ նրանք ժողովրդին ուսուցանում էին եւ, յանձին Յիսուսի, մեռելների յարութեան մասին էին պատմում։ 3Նրանց ձերբակալեցին եւ բանտարկեցին մինչեւ յաջորդ օրը, որովհետեւ երեկոյեան դէմ էր։ 4Իսկ խօսքը լսողներից շատերը հաւատացին, եւ հաւատացեալների թիւը հասաւ շուրջ հինգ հազարի։
5Յաջորդ օրը Երուսաղէմում հաւաքուեցին նրանց իշխանաւորները, երէցներն ու օրէնսգէտները, 6Աննա քահանայապետը եւ Կայիափան, Յովհաննէսը, Ալեքսանդրոսը եւ բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին։ 7Եւ առաքեալներին մէջտեղ կանգնեցնելով՝ հարցաքննում էին. «Ի՞նչ զօրութեամբ կամ ո՞ւմ անունով արեցիք դուք այդ բժշկութիւնը»։ 8Այն ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցուած, ասաց նրանց. «Ո՛վ իշխանաւորներ ժողովրդի եւ երէցնե՛ր Իսրայէլի, 9օրինաւո՞ր բան է այսօր դատել մեզ մի տկար մարդու հանդէպ եղած բարիքի համար, թէ ինչո՛վ նա բժշկուեց։ 10Թող յայտնի լինի ձեզ բոլորիդ եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց, նրանո՛վ ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ։
11“Սա՛ է այն վէմը, ձեզնից՝ շինողներիցդ անարգուած, որ անկիւնաքար եղաւ”։
12Եւ ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք»։
13Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութեանն ի տես եւ վերահասու լինելով, թէ նրանք տգէտ եւ անուս մարդիկ են, զարմացան, որովհետեւ ճանաչում էին նրանց, որ Յիսուսի հետ էին. 14եւ տեսնում էին նաեւ բժշկուած մարդուն, որ կանգնած էր նրանց հետ եւ չէին կարողանում որեւէ պատասխան տալ։ 15Եւ նրանց հրամայելով, որ ատեանից դուրս ելնեն, խորհրդակցեցին միմեանց հետ եւ ասացին. 16«Ի՞նչ պիտի անենք այս մարդկանց, քանի որ նրանց միջոցով աչքի ընկնող նշան կատարուեց. Երուսաղէմի բոլոր բնակիչներին արդէն յայտնի է, եւ մենք չենք կարող ուրանալ։ 17Բայց որպէսզի ժողովրդի մէջ առաւել չտարածուի, սպառնանք նրանց, որ ոչ մի մարդու այդ անունով այլեւս չխօսեն»։ 18Եւ նրանց կանչելով՝ պատուիրեցին Յիսուսի անունով ամենեւին չխօսել եւ չուսուցանել։ 19Իսկ Պետրոսն ու Յովհաննէսը պատասխանեցին եւ ասացին նրանց. «Եթէ Աստծու առաջ արդար է առաւել ձե՛զ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցէք։ 20Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք եւ լսել»։ 21Նրանք, սպառնալով, արձակեցին նրանց՝ ոչ մի միջոց չգտնելով, թէ ինչպէ՛ս պատժեն նրանց՝ ժողովրդի պատճառով. որովհետեւ բոլորը փառաւորում էին Աստծուն՝ կատարուած բաների համար, 22քանի որ այն մարդը, որի վրայ բժշկութեան այս նշանը կատարուեց, աւելի քան քառասուն տարեկան էր։
ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ ԱՂՕԹՔԸ ՀԱԼԱԾԱՆՔԻ ԺԱՄԻՆ
23Եւ այնտեղից ազատ արձակուելով՝ առաքեալները եկան իւրայինների մօտ ու պատմեցին, թէ իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու երէցները։ 24Եւ նրանք լսելով՝ իրենց ձայնը բարձրացրին առ Աստուած ու ասացին. «Դո՛ւ, Տէ՛ր Աստուած, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ ծովը եւ այն ամէնը, ինչ նրանց մէջ կայ, 25Սուրբ Հոգու միջոցով մեր հօր՝ Դաւթի՝ քո ծառայի բերանով ասացիր. “ Ինչո՞ւ խռովուեցին հեթանոսները, եւ ժողովուրդները սին բաների մասին խորհեցին.
26երկրի թագաւորները իրար մօտ եկան, եւ ժողովրդի իշխանները միասին հաւաքուեցին Տիրոջ եւ նրա Օծեալի դէմ”։
27Արդարեւ, քո սուրբ Որդու՝ Յիսուսի դէմ, որին դու օծեցիր, այս քաղաքում հաւաքուեցին Հերովդէսը եւ Պոնտիոս Պիղատոսը՝ հեթանոսների եւ Իսրայէլի ժողովուրդների հետ, 28անելու այնչափ, որչափ քո ձեռքը եւ քո կամքը նախապէս սահմանել էին, որ լինի։ 29Եւ արդ, Տէ՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակութեամբ քո խօ՛սքը խօսել տուր. 30եւ երբ քո ձեռքը մեկնես բժշկութեան համար, նաեւ նշաններ եւ զարմանալի գործեր լինեն քո սուրբ Որդու՝ Յիսուսի անունով»։
31Եւ մինչ նրանք աղօթքի մէջ էին, շարժուեց այն տեղը, ուր նրանք հաւաքուած էին։ Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. ու համարձակութեամբ Աստծու խօսքն էին խօսում։
ԱՄԷՆ ԻՆՉ ՀԱՍԱՐԱԿԱՑ
32Եւ հաւատացեալների բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր։ Եւ նրանցից ոչ ոք չէր ասում, թէ իր ինչքերը իրենն են, այլ ամէն ինչ նրանց համար հասարակաց էր։ 33Եւ առաքեալները մեծ զօրութեամբ վկայութիւն էին տալիս Տէր Յիսուս Քրիստոսի յարութեան մասին։ Ու նրանց բոլորի վրայ մեծամեծ շնորհներ կային։ 34Եւ նրանց մէջ ոչ ոք մի բանի կարօտ չէր, որովհետեւ, ովքեր գիւղերի կամ ապարանքների տէր էին, վաճառում էին դրանք եւ վաճառուածի գումարը բերում 35ու դնում էին առաքեալների ոտքերի առաջ, եւ նրանք բաշխում էին իւրաքանչիւրին՝ ում ինչքան պէտք էր լինում։
ԲԱՌՆԱԲԱՍԻ ԱԶՆԻՒ ԱՐԱՐՔԸ
36Յովսէփը, որ ղեւտացի էր, ծագումով՝ կիպրացի, որը առաքեալներից Բառնաբաս կոչուեց (որ թարգմանւում է մխիթարութեան որդի), մի արտ ունէր. 37նա վաճառեց այն եւ գումարը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ։