Գործք Առաքելոց
9
ՍՕՂՈՍԻ ԴԱՐՁԸ
(, )
1Սօղոսը դեռ Տիրոջ աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կրքով լցուած՝ քահանայապետի մօտ եկաւ 2եւ նրանից նամակներ խնդրեց, Դամասկոսում ժողովարաններին ուղղուած, որպէսզի, եթէ գտնի այդ ճանապարհին հետեւող որեւէ մէկին, տղամարդ թէ կին, կապուած Երուսաղէմ բերի։ 3Եւ նա գնալիս, երբ մօտեցաւ Դամասկոսին, յանկարծակի նրա շուրջը երկնքից մի լոյս փայլատակեց։ 4Եւ երբ գետին ընկաւ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սաւո՜ւղ, Սաւո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»։ 5Եւ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տէ՛ր»։ Եւ ձայնն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես։ 7Ոտքի՛ կանգնիր եւ այդ քաղաքը մտի՛ր, ու քեզ կ’ասուի, թէ դու ի՛նչ պէտք է անես»։ Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում։ 8Սօղոսը գետնից վեր կացաւ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում։ Նրա ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։ 9Եւ երեք օր այնտեղ էր, բայց չէր տեսնում. ո՛չ կերաւ, ո՛չ էլ խմեց։
10Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար. նրան տեսիլքի մէջ Տէրն ասաց՝ Անանիա՛։ Սա ասաց՝ այստեղ եմ, Տէ՛ր։ 11Եւ Տէրը նրան ասաց. «Ոտքի՛ կանգնիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչւում, եւ Յուդայի տանը կը փնտռես Սօղոս անունով Տարսոնացուն, որ դեռ աղօթքի մէջ է»։ 12Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ Անանիա անունով մի մարդու, որ մտաւ եւ ձեռքը դրեց իր վրայ, որպէսզի տեսնի։ 13Անանիան պատասխանեց. «Տէ՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թէ որքան չարիքներ է արել Երուսաղէմում քո սրբերին. 14եւ այստեղ էլ քահանայապետներից իշխանութիւն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կանչում»։ 15Տէրը նրան ասաց. «Գնա՛ դու, որովհետեւ նա ինձ համար ընտրեալ անօթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագաւորների եւ իսրայէլացիների առաջ. 16քանի որ ես ինքս եմ նրան ցոյց տալու, թէ նա ինչքան պէտք է չարչարուի իմ անուան համար»։ 17Անանիան գնաց եւ մտաւ այն տունը. ու ձեռքը դնելով նրա վրայ՝ ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. Տէ՛րն ինձ ուղարկեց՝ Յիսուսը, որը քեզ երեւաց այն ճանապարհի վրայ, որով գալիս էիր, որպէսզի տեսնես ու լցուես Սուրբ Հոգով»։ 18Եւ իսկոյն նրա աչքերից թեփերի պէս բաներ ցած ընկան. ապա տեսաւ, ոտքի ելաւ ու մկրտուեց։ 19Եւ սնունդ ընդունելով՝ զօրացաւ ու Դամասկոսում մի քանի օր աշակերտների հետ էր։
ՍՕՂՈՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹԻՒՆԸ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ
20Եւ անմիջապէս ժողովարաններում Յիսուսի՛ն քարոզեց՝ ասելով, թէ նա՛ է Աստծու Որդին։ 21Բոլոր նրանք, որ լսում էին, զարմանում էին ու ասում. «Սա չէ՞ր, որ Երուսաղէմում հալածում էր նրանց, ովքեր կանչում էին Քրիստոսի անունը, եւ այստեղ էլ նոյն բանի համար էր եկել, որպէսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին»։ 22Բայց Սօղոսը առաւել եւս էր զօրանում եւ նեղն էր դնում այն հրեաներին, որոնք Դամասկոսում էին բնակւում, եւ ապացուցում էր, թէ սա՛ է Քրիստոսը։ 23Բազում օրեր անցնելուց յետոյ հրեաները խորհուրդ արեցին նրան սպանելու։ 24Նրանց նենգութիւնը Սօղոսին յայտնի դարձաւ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռները պահում էին, որպէսզի նրան սպանեն։ 25Իսկ աշակերտները գիշերով վերցրին նրան եւ, պարսպից ցած կախելով, վանդակի մէջ դրած իջեցրին։
ՍՕՂՈՍԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ
26Երբ Սօղոսը Երուսաղէմ եկաւ, փորձում էր աշակերտներին յարել, բայց ամէնքը վախենում էին նրանից. չէին հաւատում, թէ իսկապէս աշակերտ էր դարձել։ 27Բայց Բառնաբասը նրան վերցրեց եւ բերեց առաքեալների մօտ ու նրանց պատմեց, թէ ինչպէս ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խօսել էր նրա հետ եւ թէ Դամասկոսում էլ Յիսուսի անունով համարձակ քարոզել։ 28Եւ Սօղոսը աշակերտների հետ էր եւ Երուսաղէմում շրջում էր նրանց հետ ու համարձակ քարոզում Տիրոջ անունով։ 29Խօսում ու վիճում էր յունախօս հրեաների հետ, որոնք հետամտում էին նրան սպանել։ 30Եղբայրները, այս բանն իմանալով, նրան Կեսարիա իջեցրին եւ ուղարկեցին Տարսոն։
31Սակայն եկեղեցին ամբողջ Հրէաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղութեան մէջ էր եւ, ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկիւղով, Սուրբ Հոգու մխիթարութեամբ աճում էր։
ԱՆԴԱՄԱԼՈՅԾԻ ԲԺՇԿՈՒՄԸ ԼԻՒԴԴԱՅՈՒՄ
32Եւ պատահեց, որ Պետրոսը, բոլորի մէջ շրջելիս, իջաւ նաեւ այն սրբերի մօտ, որոնք բնակւում էին Լիւդդայում։ 33Եւ այնտեղ գտաւ մի մարդու, որի անունը Ենեա էր, եւ որը ութ տարուց ի վեր անդամալոյծ լինելով՝ մահճի մէջ պառկած էր։ 34Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛, Տէր Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց եւ յարդարի՛ր քո անկողինը»։ Եւ նա իսկոյն վեր կացաւ։ 35Եւ բոլոր նրանք, որ Լիւդդայում եւ Սարոնայում էին ապրում, տեսան նրան եւ իրենք էլ դէպի Տէրը դարձան։
ԱՅԾԵՄՆԻԿԻ ՅԱՌՆՈՒՄԸ
36Եւ Յոպպէում աշակերտ եղած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանաբար կոչւում է Այծեմնիկ. սրա կեանքը լի էր բարի գործերով եւ ողորմութիւններով, որ նա կատարում էր։ 37Պատահեց, որ այն օրերին նա հիւանդացաւ ու մեռաւ. նրան լողացրին եւ դրեցին վերնատունը։ 38Եւ Լիւդդան Յոպպէին մօտիկ էր. երբ աշակերտները լսեցին, թէ Պետրոսը այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մօտ՝ աղաչելու, որ անյապաղ իրենց մօտ գայ։ 39Եւ Պետրոսը վեր կացաւ ու եկաւ նրանց հետ։ Երբ հասաւ, նրան վերնատուն բարձրացրին։ Ու բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին եւ ցոյց տալիս, թէ որքան հագուստներ եւ զգեստներ էր կարել տուել Այծեմնիկը իրենց համար։ 40Պետրոսը բոլորին դուրս հանելով՝ ծնրադրեց, աղօթք արեց եւ, դառնալով մարմնին, ասաց. «Տաբիթա՛, յանուն Տէր Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց կանգնիր»։ Եւ նա բացեց իր աչքերը ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։ 41Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց։ Կանչեց սրբերին ու այրիներին. եւ նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ 42Եւ ամբողջ Յոպպէում այս յայտնի դարձաւ, եւ շատերը հաւատացին Տիրոջը։ 43Պետրոսը շատ օրեր մնաց Յոպպէում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մօտ։
Էջմիածին · HYEJB1994