Ամովս մարգարեյի գիրք
1
1Ամոսի պատգամները Թեկուա Ակկարիմում, որոնք նրան յայտնուեցին մի տեսիլքում Երուսաղէմի մասին, երկրաշարժից երկու տարի առաջ Հրէաստանի Օզիա արքայի եւ Իսրայէլի արքայ Յովասի որդի Յերոբովամի ժամանակ։ 2Նա ասաց. Տէրը խօսեց Սիոն լեռից, եւ ձայն տուեց Երուսաղէմից. չորացան հօտերի արօտները եւ ցամաքեցին Կարմէլի բարձունքները։
ՏԷՐԸ ԴԱՏՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ ԵՒ ՆՐԱ ՀԱՐԵՒԱՆՆԵՐԻՆ
ա) ԴԱՄԱՍԿՈՍԻ ԴԷՄ
3Տէրն ասում է. «Դամասկոսի գործած երեք անօրէնութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ նրանք գաղաադացիների յղիներին կտրատում էին երկաթէ սղոցներով, ես պիտի պատժեմ նրանց։ 4Կրակ պիտի գցեմ Ազայէլի տունը, եւ այն պիտի ոչնչացնի Ադերի որդու տան հիմքերը։ 5Պիտի խորտակեմ Դամասկոսի նիգերը։ Պիտի ոչնչացնեմ Ովնի դաշտի բնակիչներին։ Պիտի կոտորեմ Խառանի տոհմը։ Գերի պիտի ընկնի ասորիների ընտիր ժողովուրդը», - ասում է Տէրը։ 6Այսպէս է ասում Տէրը. «Գազայի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ գերեցին Սողոմոնի ամբողջ ժողովուրդը եւ արգելափակեցին Եդոմում, ես պիտի պատժեմ նրանց։ 7Կրակ պիտի գցեմ Գազայի պարիսպները, եւ այն պիտի լափի նրա հիմքերը։ 8Պիտի ոչնչացնեմ Ազոտի բնակիչներին, եւ պիտի վերանայ ժողովուրդը Ասկաղոնից, պիտի հարուածեմ Ակկարոնը, եւ պիտի կորչեն այլազգիների մնացորդները», - ասում է Տէրը։
բ) ՏԻՒՐՈՍԻ ԴԷՄ
9Այսպէս է ասում Տէրը. «Տիւրոսի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ նրանք Եդոմի մէջ արգելափակեցին Սողոմոնի գերիներին եւ չյիշեցին եղբայրների ուխտը, ես պիտի պատժեմ նրանց։ 10Կրակ պիտի գցեմ Տիւրոսի պարիսպները, եւ այն պիտի լափի նրա հիմքերը»։
գ) ԵԴՈՄԻ ԴԷՄ
11Այսպէս է ասում Տէրը. «Եդոմի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ նա սրով հալածեց իր եղբօրը, անգութ գտնուեց եղբօր նկատմամբ երկրում, բորբոքեց իր բարկութիւնը եւ նրա հանդէպ պահեց իր թշնամանքի յանդգնութիւնը, ես պիտի պատժեմ նրան։ 12Կրակ պիտի գցեմ Թեմանը եւ կրակը պիտի լափի նրա պարիսպների հիմքերը»։
դ) ԱՄՈՆԻ ԴԷՄ
13Այսպէս է ասում Տէրը. «Ամոնացիների երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ նրանք ճեղքեցին գաղաադացիների յղի կանանց փորը, որպէսզի ընդարձակեն իրենց սահմանները, ես պիտի պատժեմ նրանց։ 14Ռաբի պարիսպների վրայ կրակ պիտի բորբոքեմ, եւ այն պիտի լափի նրա հիմքերը պատերազմի օրուայ աղաղակի ձայնով։ Եւ նա պիտի սասանուի իր վախճանի օրը։ 15Նրանց թագաւորները գերի պիտի տարուեն նրանց քրմերով ու իշխաններով հանդերձ», - ասում է Տէր Աստուածը։