Ամովս մարգարեյի գիրք
2
ե) ՄՈՎԱԲԻ ԴԷՄ
1Այսպէս է ասում Տէրը. «Մովաբի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք այրեցին եդոմայեցիների թագաւորների ոսկորները, մինչեւ որ դրանք մոխիր դարձան։ 2Կրակ պիտի գցեմ Մովաբի վրայ, եւ կրակը պիտի լափի նրանց քաղաքների հիմքերը. Մովաբը պիտի մեռնի տկարութեան մէջ՝ աղաղակով եւ փողի ձայնով։ 3Պիտի սպանեմ նրա դատաւորին եւ նրա հետ պիտի կոտորեմ բոլոր իշխաններին», - ասում է Տէրը։
զ) ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԴԷՄ
4Այսպէս է ասում Տէրը. «Յուդայի երկրի որդիների երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք մերժեցին Տիրոջ օրէնքներն ու չկատարեցին նրա հրամանները, մոլորեցրին նրանց իրենց ստեղծած սնոտի կուռքերով, որոնց յետեւից գնացին նրանց հայրերը։ 5Կրակ պիտի գցեմ Հրէաստանի վրայ, եւ այն պիտի լափի Երուսաղէմի հիմքերը»։
է) ԻՍՐԱՅԷԼԻ ԴԷՄ
6Այսպէս է ասում Տէրը. «Իսրայէլի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք արդարին ծախեցին արծաթով եւ տնանկին՝ մի զոյգ կօշիկի դիմաց, 7նրանց, որ տրորում են երկրի հողը, որ կռփահարում էին աղքատների գլուխները, շեղում խոնարհների ճանապարհը, եւ հայր ու որդի մի բոզի մօտ էին մտնում, որպէսզի պղծեն իրենց Աստծու անունը։ 8Նրանք իրենց զգեստները որպէս ծածկոց էին գցում իրենց վրայ եւ զոհասեղանին եւ բռնագրաւուած գինի էին խմում իրենց Աստծու տան մէջ։ 9Բայց ես նրանց առաջից վերացրի Ամորհացուն, որի հասակը մայրու բարձրութիւն ունէր, եւ նա հզօր էր կաղնու պէս, վերացրի նրա պտուղները՝ վերեւից, եւ նրա արմատները՝ ներքեւից։ 10Ես հանեցի ձեզ Եգիպտացիների երկրից եւ քառասուն տարի շրջեցրի ձեզ անապատում՝ ժառանգել տալու համար ամորհացիների երկիրը։ 11Ես մարգարէներ վերցրի ձեր որդիներից եւ ուխտաւորներ՝ ձեր երիտասարդներից։ Մի՞թէ դա այդպէս չի եղել, Իսրայէլի՛ որդիներ», - ասում է Տէրը։ - 12Դուք Իմ ուխտաւորներին գինի էիք խմեցնում եւ մարգարէներին պատուիրում, որ չմարգարէանան։ 13Դրա համար էլ ահա ես ձեզ պիտի ճզմեմ տեղում, ինչպէս ճզմում է օրանով լի սայլը իր անցած տեղը։ 14Փախչողին լքելու է նրա ուժը, զօրաւորը զօրեղ չի մնայ իր զօրութեամբ, եւ պատերազմողը չի փրկի ինքն իրեն։ 15Աղեղնաւորը չի կարող դէմ կանգնել, արագավազը չի փրկուի, հեծեալն էլ չի ազատի իր անձը։ 16Սիրտը չի գտնի իր զօրութիւնը, մերկն էլ կը հալածուի այն օրը», - ասում է Տէրը։
Էջմիածին · HYEJB1994