Ամովս մարգարեյի գիրք

6

ՏԻՐՈՋ ԶԱՅՐՈՅԹԸ ԻՍՐԱՅԷԼԻ ՏԱՆ ԴԷՄ

1Վա՛յ նրանց, ովքեր արհամարհում են Սիոնը եւ յոյս են դրել Սամարիայի լերան վրայ։ Հաւաքեցին ազգերի իշխաններին, եւ Իսրայէլի տունը մտաւ նրանց մէջ։ 2Բոլորդ անցէ՛ք Քաղանէից եւ տեսէ՛ք, այնտեղից անցէ՛ք մեծ Եմաթ Ռաբա եւ իջէ՛ք օտարազգիների Գէթ քաղաքը, որն աւելի զօրաւոր է, քան այդ բոլոր քաղաքները. միթէ նրանց սահմաններն աւելի մե՞ծ կը լինեն, քան ձեր սահմանները։ 3Դուք, որ գալիս էք դէպի չարիքների օրը, մօտենում էք հասնելու ստութիւնների շաբաթին, 4դուք, որ ննջում էք փղոսկրեայ գահաւորակներում, մեղկանում ձեր անկողիններում, հօտերից ուլեր էք ուտում եւ նախիրներից՝ պարարտ հորթեր, 5դուք, որ պարում էք սրինգների նուագի տակ, եւ դրանք մնայուն բան համարեցիք եւ ոչ՝ անցաւոր, 6դուք, որ խմում էք անխառն եւ օծւում անուշ իւղերով եւ ցաւ չէիք զգում Յովսէփի տան կործանման համար, 7ահա դրա համար էլ այժմ այժմ գերի պիտի տարուէք բռնակալների իշխանութեան կողմից, եւ պիտի կտրուի Եփրեմի տան երիվարների խրխինջը։ 8Տէրը երդուեց իր անձով եւ այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը. «Ես գարշելի պիտի դարձնեմ Յակոբի տան ամբողջ հպարտութիւնը, նրա երկիրը պիտի ատեմեւ պիտի վերացնեմ նրա քաղաքներն իրենց բոլոր բնակիչներով»։ 9Եւ եթէ լինի, որ տասը մարդ էլ մնայ մի տանը, նրանք պիտի մեռնեն, 10մնացողները պիտի վերցնեն իրենց հարազատներին եւ իջնեն հանելու նրանց ոսկորներն այդ տնից եւ ասեն տան առաջ կանգնածներին, թէ՝«Ուրիշ մի բան մնա՞ց այնտեղ, քեզ մօտ»։ Նա կ՚ասի, թէ՝ ոչ։ 11Չի ասի, թէ՝ լո՛ւռ կաց։Եւ դա նրա համար որ Տիրոջ անունը չէին տալիս։ 12Ահա Տէրը հրաման պիտի տայ եւ հարուածի մեծ ապարանքները՝ կործանելով, եւ փոքր ապարանքները՝ աւերելով։ 13Միթէ երիվարները կ՚արշաւե՞ն ժայռերի վրայ, կամ կը հանդարտուե՞ն մատակ ձիերի մէջ։ «Դուք, որ իրաւունքը ցասման փոխարկեցիք, արդարութեան պտուղը դարձրիք լեղի եւ ուրախանում էիք ոչինչ բաներով, 14դուք, որ ասում էիք, թէ՝ «Մեր ուժով չէ՞, որ մենք հզօր եղջիւրներ ունեցանք», 15ահա դրա համար էլ, ո՛վ Իսրայէլի , ձեր դէմ մի ազգ պիտի հանեմ, որը պիտի նեղի ձեզ, որպէսզի այլեւս Եմաթ չմտնէք ու չհասնէք մինչեւ արեւմտեան հեղեղատը», - ասում է Զօրութիւնների Տէրը։

Էջմիածին · HYEJB1994