Բարուք

1

1Սրանք են այն թղթի խօսքերը, որ Բաբելոնում գրեց Բարուքը՝ Քեղկիայի որդի Ասադի որդի Սեդեկիայի որդի Մաասի որդի Ներիայի որդին, 2հինգերորդ տարում, ամսի եօթներորդ օրը, այն ժամանակ, երբ քաղդէացիները գրաւեցին Երուսաղէմը եւ հրով այրեցին այն։ 3Բարուքն այս նամակի խօսքերն ընթերցեց ի լուր Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիայի, նաեւ ի լուր համայն ժողովրդի, որ եկել էր գրքի համար, 4նաեւ ի լուր զօրքերի ու թագաւորների որդիների, նաեւ ի լուր ծերերի եւ ամբողջ ժողովրդի՝ փոքրից մինչեւ մեծերը, ի լուր ամենքի, որ ապրում էին Բաբելոնում, Սուդ գետի ափին. 5լսելով՝ նրանք լաց էին լինում, պաս պահում եւ աղօթում Տիրոջը։ 6Արծաթ հաւաքեցին, ամէն մէկն՝ ըստ իր կարողութեան, 7եւ ուղարկեցին ՝ Սաղոմի որդի Քեղկիայի որդի Յովակիմ քահանային եւ միւս քահանաներին, որոնք նրա հետ միասին Երուսաղէմում էին։ 8Սիւան ամսի տասին Բարուքը Տիրոջ տաճարից հանուած սպասքը վերցրեց՝ այն վերադարձնելու համար Յուդայի ։ Այդ սպասքը պատրաստել էր Յուդայի արքայ Յոսիայի որդի Սեդեկիան. 9երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան Երուսաղէմում գերեց Յեքոնիային, իշխաններին, բանտապետներին, հզօրներին ու երկրի ժողովրդին, սպասքը տարաւ Բաբելոն։

10Նրանք ասացին. «Ահա ձեզ ուղարկում ենք արծաթ. մեղքերի քաւութեան համար այդ արծաթով ողջակէզնե՛ր գնեցէք եւ ՝ իբրեւ մեղքի զոհաբերութիւն, ընծանե՛ր վերցրէք, բարձրացրէ՛ք մեր Տէր Աստծու զոհասեղանի վրայ։ 11Աղօ՛թք արէք բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի կեանքի համար եւ նրա որդի Բաղդասարի կեանքի համար, որպէսզի նրանց կեանքի օրերը երկար լինեն ինչպէս երկրի վրայ, այնպէս էլ՝ երկնքում։ 12Տէրը մեզ զօրութիւն կը տայ եւ կը լուսաւորի մեր աչքերը. կ’ապրենք բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի հովանու տակ, նրա որդի Բաղդասարի հովանու տակ, բազում օրեր կը ծառայենք նրանց եւ նրանց մօտ կը գտնենք։ 13Մեր Տէր Աստծուն աղօ՛թք արէք նաեւ մեզ համար, քանզի մեղանչեցինք մեր Տէր Աստծու առաջ, ու մինչեւ այսօր մեզնից չհեռացան Տիրոջ ցասումն ու բարկութիւնը։

14Ընթերցեցէ՛ք այդ նամակը, որն ուղարկեցինք ձեզ՝ տօն օրերին եւ լուր օրերին հրապարակելով Տիրոջ Տանը։

ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ

15Եւ կ’ասէք. “Մեր Տէր Աստծունն է արդարութիւնը, իսկ մերը երեսի ամօթն է, ինչպէս այս օրերին ամօթը Յուդայի երկրի մարդունն է եւ Երուսաղէմի բնակիչներինը, 16մեր թագաւորներինը եւ մեր իշխաններինը, մեր քահանաներինը, մեր մարգարէներինն ու մեր հայրերինը՝ Տիրոջ հանդէպ, 17քանզի անհնազանդ եղանք նրան, 18ականջ չդրինք մեր Տէր Աստծու ձայնին՝ ընթանալու ըստ այն պատուիրանների, որ Տէրը տուեց մեզ”։ 19Այն օրից, երբ Տէրը մեր հայրերին հանեց Եգիպտացիների երկրից, մինչեւ այսօր անհնազանդ եղանք մեր Տէր Աստծուն՝ խուսափելով, որ չանսանք նրա ձայնին։ 20Եւ, ինչպէս այսօր, մեզ պատեցին չարիքն ու այն նզովքը, որ Տէրը դրեց իր ծառայ Մովսէսի միջոցով, երբ մեր հայրերին հանում էր Եգիպտացիների երկրից՝ մեզ պարգեւելու համար այս երկիրը, որ բխեցնում է կաթ ու մեղր։ 21Չանսացինք մեր Տէր Աստծու ձայնին, մեզ մօտ ուղարկած մարգարէների բոլոր ասածներին, 22իւրաքանչիւրս գնացինք ըստ մեր չար սրտի խորհուրդների, պաշտեցինք օտար աստուածներին՝ չարիք գործելով մեր Տէր Աստծու առաջ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն