Բարուք

2

ՏԷՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ

1Տէրը կատարեց իր խօսքերը, որ ասաց մեր մասին, մեր դատաւորների մասին, որոնք դատում էին Իսրայէլին, մեր թագաւորների մասին, մեր իշխանների մասին, Իսրայէլի եւ Յուդայի երկրի մարդկանց մասին, 2թէ մեզ վրայ բերելու է այնպիսի մեծամեծ չարիքներ, որպիսիք երբեք չեն եղել ողջ երկնքի ներքոյ եւ որպիսիք նա կատարեց Իսրայէլի նկատմամբ՝ ըստ Մովսէսի օրէնքներում գրուած այն խօսքերի, 3թէ մենք ուտելու ենք մեր որդիների մարմինները, եւ հայրը՝ իր դստեր մարմինը։ 4Տէրը մեզ ստրուկ դարձրեց այն բոլոր թագաւորներին, որոնք մեր շուրջն էին, դատապարտեց նախատինքին ու աւերածութեանը շրջապատի բոլոր ժողովուրդների, որոնց մէջ ցրեց մեզ. 5մենք ցած իջանք եւ ոչ թէ բարձրացանք, որովհետեւ մեղանչեցինք մեր Տէր Աստծու առաջ՝ չանսալով նրա ձայնին։ 6Մեր Տէր Աստծունն է արդարութիւնը, իսկ մերը եւ մեր հայրերինը՝ երեսի ամօթը, ինչպէս որ այսօր է։ 7Այն բոլոր չարիքները, որոնց մասին խօսեց Տէրը, եկան մեզ վրայ։ 8Մենք չպաղատեցինք Տիրոջ առաջ, որպէսզի ամէն մէկն իր չար սրտի խորհուրդներից յետ դառնար, 9եւ չարութիւնը զարթնեց Տիրոջ մէջ, ու նա չարիքներ բերեց մեզ վրայ։ Արդարեւ, Տէրն արդար է իր այն բոլոր գործերում, որ պատուիրել է մեզ, 10բայց մենք չանսացինք նրա ձայնին՝ հետեւելու այն պատգամներին, որ Տէրը տուեց մեզ։

ԱՂԱՉԱՆՔ

11Եւ արդ, ո՛վ Տէր Իսրայէլի, դու էիր, որ հզօր ձեռքով, զարմանահրաշ գործերով ու սքանչելիքներով, մեծ զօրութեամբ ու բարձր բազկով քո ժողովրդին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից եւ քեզ համար ստեղծեցիր, ինչպէս այսօր։ 12Մենք գործեցինք, ամբարշտութիւն ու անիրաւութիւն կատարեցինք, ո՛վ Տէր Աստուած մեր, քո իրաւունքների դէմ։ 13Թող քո բարկութիւնը յետ դառնայ մեզնից, որովհետեւ մենք նուազեցինք հեթանոսների մէջ, ուր ցրեցիր մեզ։ 14Լսի՛ր, Տէ՛ր, մեր աղաչանքներն ու մեր խնդրանքները, յանուն քո անուան՝ փրկի՛ր մեզ եւ մեզ շնորհների՛ արժանացրու մեզ գերողների առաջ, 15որպէսզի ամբողջ երկիրն իմանայ, որ դու ես մեր Տէր Աստուածը, քանզի Իսրայէլի վրայ եւ նրա ազգի վրայ քո անունն է կնքուած։ 16Տէ՜ր, նայի՛ր քո սուրբ տաճարից եւ յիշի՛ր մեզ։ 17Տէ՜ր, խոնարհեցրո՛ւ քո ականջը եւ լսի՛ր, բա՛ց քո աչքերը եւ տե՛ս. Տիրոջը ու են մաղթում ոչ թէ դժոխքի մեռելները, որոնց հոգիները նրանց միջից առել են, 18այլ անսահման տխրութեամբ տրտմած հոգիները, որոնք քայլում են կորացած ու հիւանդ. մարմրող աչքերն ու քաղցած հոգիներն են փառք ու արդարութիւն մաղթում քեզ։

19Ո՛վ Տէր, ոչ թէ մեր հայրերի եւ մեր թագաւորների արդարութիւնից է, որ գութ ենք հայցում քո առաջ, Տէ՛ր Աստուած մեր, 20այլ նրա համար, որ քո ցասումն ու քո բարկութիւնը բերեցիր մեզ վրայ, ինչպէս քո ծառաների՝ մարգարէների միջոցով խօսեցիր, թէ՝ 21այսպէս է ասում Տէրը. «Խոնարհեցրէ՛ք ձեր պարանոցները եւ ծառայեցէ՛ք բաբելացիների արքային, եւ դուք կ’ապրէք այն երկրում, որ տուել եմ ձեր հայրերին, 22իսկ եթէ չանսաք Տիրոջ ձայնին՝ ծառայելու բաբելացիների արքային, ապա Յուդայի երկրի քաղաքներից եւ Երուսաղէմից դուրս ես կը վերացնեմ 23ձայնն ուրախութեան եւ ձայնը ցնծութեան, ձայնը փեսայի եւ ձայնը հարսի, եւ այդ ամբողջ երկիրն ամայի կը դառնայ բնակչութիւնից»։

24Բայց մենք չանսացինք քո ձայնին՝ ծառայելու բաբելացիների արքային, եւ դու ի կատար ածեցիր քո խօսքերը, որ յայտնեցիր քո ծառաների՝ մարգարէների միջոցով, թէ մեր թագաւորների ոսկորները եւ մեր հայրերի ոսկորները հանուելու են իրենց տեղից։ 25Եւ ահա դրանք թափուած են ցերեկուայ տօթին ու գիշերուայ ցրտին, իսկ իրենք իրենց վախճանը գտան չարաչար ցաւերով, սովով, սրով ու գերութեամբ։ 26Իսրայէլի տան եւ Յուդայի տան չարութեան պատճառով քո տաճարը, որը կոչւում է քո անունով, դու դարձրիր այնպիսին, ինչպիսին նա այսօր է։

27Տէ՛ր Աստուած մեր, մեզ հետ վարուեցիր քո ամբողջ հեզութեամբ եւ քո ամբողջ մեծ գթութեամբ, 28ինչպէս որ քո ծառայ Մովսէսի միջոցով խօսեցիր այն օրը, երբ դու Իսրայէլի որդիների առաջ պատուիրեցիր գրել քո օրէնքը եւ ասել. 29«Եթէ դուք չլսէք իմ ձայնը, ապա ձեր բարձրագոչ շռինդը ազգերի մէջ, ուր ցրելու եմ ձեզ, պիտի իջնի ու նուազի։ 30Գիտեմ, որ ինձ չեն լսելու, որովհետեւ մի պնդաճակատ են, բայց իրենց պանդխտած երկրում սրտով դարձի պիտի գան 31եւ իմանան, որ նրանց Տէր Աստուածը ես եմ։ Նրանց սիրտ եմ տալու եւ ականջներ, որ լսեն։ 32Նրանք պիտի օրհնեն ինձ այն երկրում, ուր գերի են, պիտի յիշեն իմ անունը 33ու պիտի հրաժարուեն իրենց կամակորութիւնից եւ իրենց չար արարքներից, որովհետեւ պիտի յիշեն իմ առաջ մեղք գործած իրենց հայրերի ճանապարհները։ 34Ես նրանց պիտի վերադարձնեմ այն երկիրը, որ երդուեցի տալ նրանց հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին, ու նրանք պիտի տիրեն նրան։ Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չեն նուազելու։ 35Նրանց հետ յաւիտենական ուխտ պիտի հաստատեմ. ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ, եւ այլեւս Իսրայէլի իմ ժողովրդին չեմ գաղթեցնի այն երկրից, որ տուել եմ նրանց»։

Էջմիածին · HYEJB1994